Լրահոս
Օրվա լրահոսը

Սեդրակ Առաքելյան. Հայրենի բնաշխարհի ու գյուղական կյանքի քնարերգու

Նոյեմբեր 19,2015 12:30

Հոկտեմբերի 30-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվեց հայ մեծանուն նկարիչ Սեդրակ Առաքելյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Արվեստագետի կտավներն իրենց արժանի տեղն ունեն մայր թանգարանի մշտական ցուցադրությունում եւ այժմ, բավական երկար ընդմիջումից հետո, Ազգային պատկերասրահի ու նկարչի թոռների՝ Անուշ եւ Սեդրակ Առաքելյանների համատեղ ջանքերի շնորհիվ արվեստասերներին ներկայացվեց բավական լայնածավալ պատկերահանդես: Ներկայացված են Սեդրակ Առաքելյանի ստեղծագործական տարբեր փուլերի գեղանկարչական ու գրաֆիկական երկերը, էտյուդներն ու էսքիզները: Ընդգրկված շուրջ 170 աշխատանքները Հայաստանի Ազգային պատկերասրահի, Հայաստանի պատմության թանգարանի, Երեւան քաղաքի պատմության թանգարանի եւ մասնավոր հավաքածուներից են: Ստեղծագործություններից շատերն առաջին անգամ են ցուցադրվում:

Փոթորկուն XX-րդ դարասկիզբը արվեստագետներին կանգնեցրել էր բազմաթիվ խնդիրների առջեւ: Պատերազմներն ու սոցիալ-քաղաքական ցնցումները ստիպեցին փոխել աշխարհայացքը, վերարժեւորել անցյալի ժառանգությունը: Արվեստագետը փնտրում էր իր տեղն ու դերն աշխարհում, փորձում էր գտնել մի շարք գոյաբանական հարցերի պատասխաններ, վերանայել էսթետիկական հայացքները: Եղան նաեւ նկարիչներ, որոնք շարունակեցին նախորդ դարաշրջանի ավանդույթները` դրա հետ մեկտեղ արձագանքելով ժամանակի նորարարական ազդակներին:

Այս սերնդին է պատկանում նաեւ Սեդրակ Առաքելյանը (1884-1942), որն իրավամբ դասվում է հայ մշակույթի մեծերի շարքին: Թիֆլիսի գեղարվեստի դպրոցում Եղիշե Թադեւոսյանի, ապա Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության եւ ճարտարապետության ուսումնարանում ռուս դասական նկարիչներ Աբրահամ Արխիպովի ու Կոնստանտին Կորովինի ղեկավարությամբ մասնագիտացում եւ հմտություն ձեռք բերած երիտասարդ նկարիչը սեփական ոճի որոնման ճանապարհին ընտրեց ռեալիստական աշխարհընկալումը ու նոր շունչ եւ գույներ հաղորդեց պլեներային նկարչությանը: Ուսուցիչներից փոխանցված գիտելիքներն ու ժառանգած փորձը նշանակալի դեր խաղացին նրա կայացման գործում: Ուրվագծվեց այն ուղին, որով ընթացավ Սեդրակ Առաքելյանի արվեստը:

06 03 02 11

Նկարչի վաղ շրջանի աշխատանքներում որպես հիմնական ձեւակերտող սկզբունք հանդես է գալիս լույսը, որի մանր ցոլքերը հավասարաչափ բաշխված են կտավի ողջ մակերեսով: Հետագայում այս առաջատար դերը ստանձնում է գույնը՝ իբրեւ վերարտադրման, արտահայտչականության ու մոդելավորման գլխավոր միջոց: Տարբեր ժանրերի ստեղծագործությունների շարքում մեծամասնություն են կազմում հայրենի եզերքներում շրջագայությունների ժամանակ ծնված երփնագիր էտյուդները: Դեռեւս իմպրեսիոնիստների կողմից մեծ կարեւորություն ստացած էտյուդը լայն տարածում գտավ նաեւ XX-րդ դարասկզբի արվեստում: Նախկինում նախապատրաստական փուլ համարվող այս աշխատանքներն աստիճանաբար ստացան ինքնուրույն երկի արժեք, որն արվեստագետին հնարավորություն էր տալիս մեկ շնչով «պատմելու» սեփական ապրումներն ու զգացողությունները: Պլեներային էտյուդի վարպետ Եղիշե Թադեւոսյանից փոխանցված սերը դեպի այս ժանրը ակնհայտ է Առաքելյանի արվեստում:

Աշխատելով բնության գրկում, նկարիչը լայն վրձնահարվածներով կտավին էր հաղորդում հարափոփոխ բնության կենդանի շունչը: Նա հաճախ էր պատկերում առավել սրտամոտ ու հոգեհարազատ անկյունները՝ Սեւանի ափերն ու մերձակա գյուղերը, ծննդավայր Նախիջեւանի դաշտերն ու Գորիսի ժայռերը: Առաքելյանի ստեղծագործությունները լի են բնության ամենատարբեր անկյունների հայեցումից ծնված անմիջական հիացմունքով: Նրա ներկապնակը չափազանց ընդգրկուն է: Բնությունն իր տարբեր եղանակների ու օրվա տարբեր պահերի երանգներից է կազմել առաքելյանական գունաշարը: Գյուղում հասակ առած նկարիչը հաճախ է անդրադարձել նաեւ կենցաղային տեսարաններին: Այստեղ դրսեւորվել է գյուղական կյանքի դրվագներն ու բնապատկերը մեկ նկարում միավորելու վարպետությունը:

Առանցքային մարդ-բնություն ներդաշնակ հարաբերությունը վարպետի արվեստում ներկայանում է տարբեր կերպ. մի դեպքում` բազմամարդ տեսարաններ են՝ վառվռուն գույներով ու աշխույժ կերպարներով, մեկ այլ տեղ՝ գյուղական կյանքն ու առօրյան պատմող կամերային պատկերներ, մյուս դեպքում` կանայք աշխատանքի պահին: Սակայն բոլորն էլ օժտված են ազգային քնարական տարրերով:

Նկարչի աչքը, որը հաճախ ֆիքսում է ամեն բան որպես հեռվից դիտող, երբեմն իր ոսպնյակի տակ է առնում մարդկանց` մոտիկից ցուցադրելով տարբեր մարդկային կերպարներ: Այսպես են ծնունդ առել շատ դիմանկարներ, որոնք յուրօրինակ մեկնաբանությամբ են հանդես գալիս Սեդրակ Առաքելյանի արվեստում:

Ժամանակին համաքայլ շարժվելու միտումը նկատելի է նկարչի ստեղծագործական կյանքի ամբողջ ընթացքում. այս մասին են վկայում նաեւ սովետական շրջանում ստեղծված մի շարք աշխատանքներ: Խորհրդային գաղափարների տարածումը, տարիներ ի վեր կորցրած պետականությունը վերագտնելու հույսի հետ մեկտեղ, արվեստագետներին հաղորդել էր ստեղծագործելու նոր լիցքեր: Այս շրջանում հաստատվեց ու լայն տարածում գտավ արդյունաբերական բնանկարի ժանրը, որին անդրադարձել են բազմաթիվ նկարիչներ: Առաքելյանի աշխատանքներում եւս սովետական թեմաներն իրենց տեղն ունեն, սակայն այս տեսարաններին բնորոշ չէ խորհրդային արվեստին հատուկ պաշտոնական պաթոսը. նրա երկերին հատուկ անմիջականությունն ու պարզությունը եւ բնանկարին վերապահված առաջատար դերը հետին պլան են մղել գաղափարախոսությունը: Անգամ հարվածայինների ու ստախանովականների դիմանկարներում նա զերծ է մնացել սոցռեալիստական մեթոդից եւ ներկայացրել է հասարակ գյուղացիների ու աշխատավորների կերպարներ:

Իր թեմայով, կոմպոզիցիոն կառուցվածքով, գունային լուծումներով ու մոնումենտալությամբ դիտողի ուշադրությունն անմիջապես գրավում է «Սասունցի Դավթի կռիվը Մսրա Մելիքի դեմ» կտավը: Այն նվիրված է «Սասնա Ծռեր» էպոսի 1000-ամյա հոբելյանին եւ Ե. Քոչարի, Հ. Կոջոյանի ու այլոց ստեղծագործությունների հետ առաջին անգամ ցուցադրվել է 1939 թ.:
Սեդրակ Առաքելյանի գրաֆիկական աշխատանքներում մեծ ուժով դրսեւորվել է գծանկարչի իր վարպետությունը: Այստեղ ի հայտ են գալիս նկարչի նորարարական փորձերը: Իրենց նրբագեղությամբ եւ հմուտ կատարողականությամբ են առանձնանում 2009 թվականին Գեղարվեստի պետական ակադեմիայից Ազգային պատկերասրահին փոխանցված «Ճանապարհին», «Նարդի խաղալիս», «Շատրվան», «Աղջիկը դաշտում» եւ այլ ջրաներկ աշխատանքները:

Էտյուդային բնանկարների ու գյուղական կյանքի քնարերգու Սեդրակ Առաքելյանի դերն ու թողած ժառանգությունը հայ կերպարվեստում անչափ մեծ է եւ անգնահատելի: Նրա ստեղծագործություններն արտացոլում են ժամանակաշրջանի գաղափարներն ու գեղարվեստական միտումները, որոնք հեղինակի վրձնի տակ ինքնատիպ լուծում են ստացել՝ վերածվելով ազգային պատումների:

Նշանակալի է նաեւ նկարչի մանկավարժական գործունեությունը: Լինելով այն արվեստագետներից, որոնք հայրենիքում մասնագիտական կրթություն ստանալու հնարավորություն չեն ունեցել, նա եւս մտահոգված է եղել կրթօջախ բացելու եւ հաջորդ սերունդներին գիտելիքներ փոխանցելու խնդրով: Սեդրակ Առաքելյանը Մ. Սարյանի, Վ. Գայֆեճյանի, Վ. Ախիկյանի եւ այլ արվեստագետների հետ հիմնել է Գեղարվեստական տեխնիկումը, որտեղ 16 տարի դասավանդել է եւ երեք տարի աշխատել որպես տնօրեն:
Կյանքի ընթացքում նկարիչը մասնակցել է բազմաթիվ անհատական ու խմբային ցուցահանդեսների Հայաստանում եւ արտերկրում: Նրա ստեղծագործությունները պահվում են Հայաստանի Ազգային պատկերասրահում, Երեւան քաղաքի պատմության թանգարանում, Հայաստանի պատմության թանգարանում, Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա), Արեւելքի ժողովուրդների արվեստի թանգարանում (Մոսկվա), մասնավոր հավաքածուներում: Նշանակալի է նաեւ նկարչի ստեղծագործություններն ընդգրկող պատկերագրքի լույս ընծայումը, որը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացրեց վարպետի թոռը՝ Սեդրակ Առաքելյանը: Այստեղ ընդգրկված են նկարչի՝ Հայաստանում եւ արտերկրում պահվող ստեղծագործություններ, ինչպես նաեւ արխիվային նյութեր ու լուսանկարներ:
Նշենք, որ Սեդրակ Առաքելյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը կգործի մինչեւ ս.թ. դեկտեմբերի 30-ը:

ՀԱՅԿՈՒՇ ՍԱՀԱԿՅԱՆ
Արվեստաբան

«Առավոտ» օրաթերթ
18.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30