Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է փեսան խնձորը նետում հարսի ուղղությամբ

Նոյեմբեր 19,2015 12:00

Եզդիական հարսանիքի առանձնահատկությունները

Եզդիներն աշխարհի հնագույն ազգերից են, որոնց մասին աշխարհը շատ քիչ բան գիտի: Նրանց վեցհազարամյա պատմությունը սկիզբ է առնում Միջագետքից: Եզդիական արարողությունների մեջ հատկապես աչքի է ընկնում եզդիական ավանդական հարսանիքը: Հարսանիքներն ինչպես հայերի, այնպես էլ եզդիների մոտ ավելի հաճախ աշնան են լինում:
Եզդիական հարսանիքների մասին խոսելիս, մարդիկ միանգամից առանձնացնում են հարսի գլխին խնձորով խփելը: Իրականում փեսան հարսի գլխին չի խփում, պարզապես նետում է նրա ուղղությամբ, որպեսզի սիրեցյալին ցույց տա հանրության միջից: Հնում, երբ երիտասարդ տղային խնդրում էին ցույց տալ սիրեցյալի տունը, նա այդ տան ուղղությամբ խնձոր էր գլորում, եւ տղայի ծնողները հենց այդ տնից էին հարս բերում:

Եզդիական հարսանիքներում քավորը նույնպես պատվավոր տեղ է զբաղեցնում եւ լինում են դեպքեր, երբ հայ-եզդիական եղբայրությունը բարեկամության վերածելու համար, դառնում են մեկը մյուսի քավորը: Այստեղ պսակադրություն չի կատարվում, այլ եզդի ազգի հոգեւոր դասի ներկայացուցիչը (Shexe dara mraza) օրհնում է նորապսակների ճկույթ ճկույթի տված ծնողներին՝ երեխաների միության համար:

Հարսանիքի ժամանակ կարելի է նկատել մի տղայի, որը մրգերով ու քաղցրավենիքով զարդարված ծառ է պարեցնում, նա, այսպես կոչված, ազաբախպերն (չամուսնացած երիտասարդ փեսայի ընկերներից կամ բարեկամներից) է: Ծառը, որը պետք է անպայման բերքատու լինի, հարսանիքի նախորդ օրը երիտասարդ տղաները գողանում են որեւէ այգուց: Պարտադիր պայման է՝ ծառը չպետք է կտրված լինի որեւէ գործիքով: Երեկոյան չամուսնացած եզդի երիտասարդներն այն զարդարում են մրգերով, ընդեղենով ու քաղցրավենիքներով: Ծառի կենտրոնում մի գունավոր կտոր է կապվում, որի մեջ հյուրերը իրենց նվիրատվությունն են թողնում՝ ծառը պարեցնելու ժամանակ, եւ այդ նվիրատվություններն ի վերջո բաժին է ընկնում ազաբախպորը: Զարդարված ծառը խորհրդանշում է նորաստեղծ ընտանիքի «բերքը» եւ առատությունը: Հարսանեկան արարողության օրը հարսանիքի հյուրերը գնում են հարսին բերելու, իսկ հարսի ծնողները նորաստեղծ ընտանիքին նվիրում են համարյա ամեն անհրաժեշտ պարագաները, որը եզդիների մոտ ընդունված է օժիտ անվանել: Այդ ամենի հետ միասին նորապսակներին նվիրում են նաեւ գեղեցիկ ասեղնագործած բարձ, որը խորհրդանիշն է նրանց անբաժան եւ համատեղ կյանքի ու մի բարձի ծերանալու:

Մինչեւ փեսայի՝ հարսի տուն հասնելը, հարսի եղբայրը կարմիր ժապավենը երեք անգամ կապում է հարսի մեջքին ու արձակում՝ ի նշան ամրության:

Երբ հարսանեկան թափորը հասնում է փեսայի տան մուտքի մոտ, նորապսակներին դիմավորում է փեսայի մայրը եւ քաղցրավենիք շաղ տալիս նրանց վրա: Մինչեւ ներս մտնելը, փեսան ու ազաբախպերը կանգնում են մի բարձր տեղ, ներքեւից երեք անգամ վերեւ են նետում բարձը, որը բերել էին հարսի տնից, ազաբախպերը երեք անգամ այդ բարձով խփում է փեսայի գլխին եւ այստեղ է, որ փեսան խնձոր է նետում հարսի ուղղությամբ: Հետո ազաբախպերը ծառը թափ է տալիս հյուրերի վրա՝ ի նշան առատության:

2012 թվականից Հայաստանում բացվել է եզդիական սրբավայր՝ Ակնալիճ գյուղում, եւ հիմա բոլոր եզդի նորապսակները հարսանիքի ժամանակ այցելում են սրբավայր՝ իրենց աղոթքն առ Աստված հղելու: Այս ամենից հետո միայն նորապսակները ներս են մտնում ուրախությունը շարունակելու: Հարսանիքի անբաժանելի մասն է ազգային գովնդ պարը, որը պարում են բոլորն անխտիր, այս պարը եկել է դարերի խորքից, այն պարում են ճկույթ ճկույթի տված՝ աջ ոտքով երեք քայլ առաջ, երկու քայլ հետ սկզբունքով: Ահա այսպիսի հետաքրքիր սովորույթներ ունեն արեւորդի եզդիները:

ԶՈՒԶԱՆ ՄԱՄՈՅԱՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի
ֆակուլտետ

«Առավոտ» օրաթերթ
18.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30