Երեխաներին ի՞նչ չի կարելի ասել
Ագրեսիայի առաջացման պատճառներից մեկը, ըստ հոգեբանների, ցավի զգացողությունն է, որը կարող է լինել ֆիզիկական՝ կապված տարբեր հիվանդությունների հետ, կամ հոգեբանական՝ վիրավորանք, մերժում: Ըստ էության, տարբերություն չկա` երկու դեպքում էլ մարդը դառնում է խիստ վտանգավոր, ագրեսիվ: Ագրեսիվության դրսեւորումը մեծանում է նաեւ այն մարդու նկատմամբ, որը ձեր հանդեպ անարդար կամ կոպիտ է եղել, ուստի այդ է պատճառը, որ մասնագետները նշում են, թե ագրեսիան ագրեսիա է առաջացնում:
Ն. Լեւիտովը ագրեսիվության վիճակը նկարագրել է որպես ինքնակառավարումը կորցնելու հետեւանքով առաջացած զայրույթի զգացում։
Ագրեսիան հասկացվում է նաեւ թշնամության փաստեր, ջարդեր, գործողություններ, որոնք առաջացնում են կենդանի կամ անկենդան օբյեկտների քայքայում։
Կարդացեք նաև
Հոգեբաններն ագրեսիվությունը բնութագրում են նաեւ հարավում ապրող ժողովուրդներին` կապելով եղանակային պայմանների հետ: Ըստ նրանց, հյուսիսաբնակներն ավելի սառն ու հանգիստ են: Լինում է, երբ ամեն ինչ կարծես խաղաղ է, բայց մարդիկ իրենք էլ չեն հասկանում իրենց ագրեսիվ վարքի պատճառները, մտորում, վերլուծում են օրվա անցուդարձը, սակայն պատճառներն անհայտ են: Նման դեպքերում ագրեսիվ վարքը մասնագետները վերագրում են չիրագործված նպատակներին, որոնք ենթագիտակցության մեջ ամրապնդվելով, կարող են առաջացնել ոչ միայն ագրեսիա, այլեւ տխրության, հիասթափության զգացողություններ:
Ագրեսիայի ուսումնասիրման առաջին փորձերը պատկանում են Ֆրոյդին։ Ժամանակի ընթացքում անհատի մոտ կուտակված ագրեսիվ էներգիան դուրս է գալիս պայթյունի միջոցով, եթե նախորդ պայթյունից հետո ավելի երկար ժամանակ է անցել, ապա սպասվելիքը հնարավոր է գրգռիչ չլինի։
Երեխաների մոտ ագրեսիվ վարքը հոգեբանները բացատրում են նրանով, որ այն ունի պաշտպանական նշանակություն եւ հոգեբանական պաշտպանական մեխանիզմներն արդարացնում են նրա ագրեսիվ վարքը։ Տարիքային ճգնաժամերը, որոնք ուղեկցվում են ագրեսիայի աճով, կապված են նոր պահանջմունքների հայտնվելու հետ, որոնք չեն բավարարվում առկա հարաբերություններում ու կարողություններում։ Փոքր երեխաները ցանկանալով պահպանել ծնողական սերը, հակված են դաժանություն ցուցաբերել փոքր քրոջ կամ եղբոր նկատմամբ։
Հաճախ էմոցիոնալ պոռթկման ժամանակ փոքր երեխաներին ասում են այնպիսի արտահայտություններ, որոնք սովորական վիճակում չեն ասում: Այդ խոսքերը մեծ նշանակություն ունեն երեխայի եւ ասողի հարաբերության վրա: Որպեսզի երեխային դաստիարակեք լավատեսական մտքերով եւ զերծ՝ ագրեսիայի դրսեւորումներից, ապա ihappymama.ru-ն նշում է, որ շատ կարեւոր է բացասական արտահայտությունները փոխարինել դրականով: Օրինակ` «մի՛ բղավիր»-ը փոխարինելով «խոսիր հանգիստ», «արագ մի կեր»-ը` «ուտելիքը լավ ծամիր», կամ՝ «ես քեզ պարզ լեզվով եմ ասում» արտահայտություններով, որը կանգնած եւ բղավելով են փոքրերին ասում մեծերը, կարելի է ասել` լսիր ինձ, խնդրում եմ: Նման արտահայտություն է նաեւ «քանի անգամ կարելի է կրկնել» արտահայտությունը, որը պետք է փոխարինել՝ «ես ստիպված կրկնում եմ իմ խնդրանքը, խնդրում եմ կատարիր այն»:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
18.11..2015