Լրահոս
Օրվա լրահոսը

Ապավինելով «թագավորին»

Նոյեմբեր 19,2015 09:48

Երեկ առավոտյան «պետության գերակա շահի» հերթական զոհերը` իրենց տներից վտարվող մարդիկ, որոշել էին հանդիպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ անձամբ հայտնել իրենց բողոքը: Այդ բնակիչներին միացավ մի տարեց քաղաքացի, որը բողոք ուներ դատական համակարգից: Նրա էմոցիոնալ «ելույթը» երեկ aravot.am կայքում դիտել է մոտ 44 հազար օգտատեր:

Տեսանյութը, հավանաբար, դուր էր եկել նաեւ ընդդիմադիր հայացքներ ունեցող մեր քաղաքացիներին եւ կայքերին, որոնք «տարել էին» այդ սյուժեն իրենց մոտ: Խնդիր չկա` մենք ներկայացնում ենք իրադարձությունը, իսկ ով ինչ է քարոզում` իր գործն է:

Որ քաղաքացին բողոքում է ՀՀ նախագահին՝ դա նորմալ է: Նման տեսարանի կարելի է հանդիպել ցանկացած քիչ թե շատ զարգացած երկրում: Ինձ այստեղ մեկ այլ` «վերանձնական» հարց է հետաքրքրում` մեր քաղաքացիները վստահ են, որ բոլոր խնդիրների կարգավորողը երկրի առաջին դեմքերն են: Ես հիշում եմ, 90-ականներին, երբ մարդիկ ավտոբուսի բոլոր հնարավոր եւ անհնարին տեղերից կախված աշխատանքի էին գնում, մեկը կանգառում ճպճպացնելով ասաց. «Վայ, Լեւոն, էս ի՜նչ ես դու անում ժողովրդի հետ»: Իսկ 99-ի ամռանը Մանկական երկաթուղու այգում պապիկը դժգոհում էր, որ չի կարող վճարել կարուսելի վարձը, բայց ինքն իրեն մխիթարում էր` «ոչինչ, շուտով Դեմիրճյանն ամեն ինչ կկարգավորի»: Որեւէ սուպերհերոս բռունցքը կխփի սեղանին, եւ բոլորը բավարարված ու երջանիկ կզգան:

Եթե կառուցապատողն այս կամ այն իշխանավորի հետ «օրթաղ» մտնելով՝ մարդկանց շպրտում է փողոց՝ «պետական կարիքների» անվան տակ (ինչը տեղի է ունենում 2000-ականներից սկսած), ապա մարդիկ արդարություն են փնտրում նախագահի մոտ: Եթե «Նաիրիտի» աշխատակիցները աշխատավարձ չեն ստանում, ապա նրանք բողոքում են երկրի ղեկավարին: Եթե գյուղացու խաղողը չեն մթերում, ապա նա սպառնում է իր բեռնատարը քշել ոչ թե գյուպետարան կամ մարզպետարան, ոչ էլ նույնիսկ գյուղատնտեսության նախարարություն: Ուղիղ Բաղրամյան-26: Իսկ սահմանադրական փոփոխություններից հետո քշելու է, հավանաբար, կառավարության շենքի մոտ:

Առանձին թեմա է, իհարկե, դատական համակարգը, որից եւ տվյալ դեպքում բողոքում էր տարեց քաղաքացին: Դատավորներին նշանակում է հանրապետության նախագահը, այնպես որ՝ բողոքելու ձեւական առիթ նա ունի: Մենք չունենք անկախ դատական համակարգ՝ այնպիսի դատարաններ, որոնց որոշումները որեւէ հավատ ներշնչեն քաղաքացիներին: Մենք երբեք չենք էլ ունեցել անկախ դատարաններ՝ ոչ 1991 թվականից առաջ, ոչ էլ դրանից հետո: Պարզապես ես չեմ կարծում, որ մեր դատավորների անկախությունը կախված է նրանից, թե ով է նրանց նշանակում: Ինձ թվում է՝ նույնիսկ ընտրվելու դեպքում նրանք նույնը կլինեն: Առավել եւս, ապավինել որեւէ «թագավորի», որն այդ խնդիրը կկարգավորի, պարզապես անիմաստ է:

Ի դեպ, Մամուլի շենքում բավականին ցուրտ է, պատուհանների անցքերից քամի է փչում: Երեւի պետք է բաց նամակ գրեմ ՀՀ նախագահին:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Հոդվածը հենց բաց նամակ է ՀՀ նախագահին՝ Մամուլի շենքում պատուհանների անցքերից փչող քամում մասին…

  2. Մարգար Մախսուդյան says:

    == Դատավորներին նշանակում է հանրապետության նախագահը, այնպես որ՝ բողոքելու
    ձ ե ւ ա կ ա ն առիթ նա ունի: ==
    Փոխանակ տվյալ լրագրողին և հատկապես օպերատորին գովաբանեք, դեռ մեղայականով ե՞ք հանդես գալիս: Իսկ չեք ասի՞, թե դատավորներին վերահսկելու կոչված Արդարադատության խորհո՞ւրդն ինչպես է ձևավորվում: Հիշեցնեմ.
    ա/ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ Արդարադատության խորհրդի կազմում են Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից գաղտնի քվեարկությամբ հինգ տարի ժամկետով, օրենքով սահմանված կարգով ընտրված ինը դատավորներ, Հանրապետության
    Ն ա խ ա գ ա հ ի և Ազգային ժողովի կողմից նշանակված երկուական իրավաբան-գիտնականներ։
    բ/ Արդարադատության խորհուրդը՝
    դատավորներին ենթարկում է կարգապահական պատասխանատվության, առաջարկ է ներկայացնում Հանրապետության Ն ա խ ա գ ա հ ի ն դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին, դատավորին կալանավորելու, նրան՝ որպես մեղադրյալ ներգրավելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին։
    Ի՞նչ է ստացվում, մինչդեռ ձեր ՛՛Թագավորն՛՛ ասում է, թե գերլիազորություներ ունի, այդ պատճառով չի կարողանում ղեկավարել, դուք էլ ասում եք, թե ՛՛Թագավորն ապրած կենան՛՛ ի՞նչ անի, որ համակարգն ա փտած, իսկ դրանում ՛՛Նա՛՛ ոչ մի մեղք չունի, այդ մե՛նք ենք մեղավոր և հատկապես հենց այդ տարեց մարդը…

  3. Արմեն says:

    Իսկ ինչու Մաշտոցի պուրակի բուտիկների հարցում բեկում մտցրեց հենց նախագահի խոսքը ??? Գուցե մարդիկ հենց դրա համար էլ միայն նրան են հարց լուծող համարում ???

  4. Գալուստ Ենոքյան says:

    Հարգելի Արամ, կներեք որ միջամտում եմ, Ձեր հոդվածից այն տպավորությունը ստացա, կարծես ձեր թերթը Դանիայ կամ Շվեդիայի «Պրավդա» թերթն է, Դուք էլ հեծանիվով գործի գնացող հարգելի խմբագիրը, իսկ « հէծանվավո» Լեվոնն ու Շերժիկը արդեն ԿԳԲ ի սպասարկուները չեն…

  5. Ալեքսանդր says:

    Արամ ջան, դու մի առավելություն ունես. քո բողոքը, կարծում եմ, ոչ միայն մեր նախագահն է լսում, այլ Առավոտը այլ նախագահները՝ Հայաստանում եղած իր դեսպանների միջոցով: Ուստի մեր միակ հույսն ես, որ քո միջոցով մեզ էլ կլսեն: Ես չեմ կատակում:

  6. Ալեքսանդր says:

    Նկատի ունեի՝ Առավոտի միջոցով:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30