Հարց․ Պարոն Քոչարյան, ինչպես կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում ունեցած ելույթում հնչեցրած հակահայկական արտահայտությունները։
Պատասխան․ Ադրբեջանի ղեկավարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 38-րդ նստաշրջանում ունեցած իր ելույթով լուրջ ներդրում կատարեց մշակույթի բնագավառում, բայց, ավաղ, կեղծիքի մշակույթի բնագավառում։
Աշխարհի քաղաքական քարտեզի վրա առաջին անգամ 1918 թվականին հայտնված Ադրբեջան պետության տարիքը նույնիսկ երկու անգամ չի գերազանցում Ադրբեջանի ներկա նախագահի տարիքը, ինչը չի խոչընդոտում այդ նախագահին հայտարարել, որ անգամ Ստրաբոնի, Պլուտարքոսի եւ այլ անտիկ հեղինակների աշխատություններում հիշատակված Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում են Ադրբեջանի պատմական տարածք։
Ադրբեջանը չի կատարել 1993թ․ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերի հիմնական պահանջը՝ «անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները», եւ անցած 22 տարվա ընթացքում չի կատարել նաեւ նույն բանաձեւերի «շրջանի տնտեսական, տրանսպորտային եւ էներգետիկ կապերի վերականգման», «հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծումը խոչընդոտող որեւէ գործողությունից ձեռնպահ մնալու» պահանջները։ Դա չի խանգարում Ադրբեջանի նախագահին պնդել, որ բանաձեւերի իր ընտրովի եւ խեղաթյուրված մեջբերումները պետք է իրականացվեն օրերի եւ, նույնիսկ, ժամերի ընթացքում։
Կարդացեք նաև
Բաքուն անդադար սպառնում է պատերազմով եւ զինված սադրանքներ իրականացնում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ, ինչը չի խանգարում Ադրբեջանի ղեկավարին հայտարարել, որ հայկական կողմերը խաղաղություն չեն ցանկանում։
Պետական տեռորի քաղաքականություն որդեգրած Ադրբեջանը հայերի ջարդեր եւ էթնիկ զտումներ իրականացրեց երկրի ողջ տարածքում, ներառյալ՝ 250 հազար հայ բնակչություն ունեցող մայրաքաղաք Բաքվում, ինչը կրկին չի խանգարում Ադրբեջանի ղեկավարին փորձել հայկական կողմերին մեղադրել ահաբեկչության մեջ։
Ադրբեջանը բարբարոսաբար ոչնչացնում է հայկական պատմական հուշարձանները․ բավական է հիշատակել Նախիջեւանի միջնադարյան խաչքարերի, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ Ադրբեջանի օկուպացված տարածքներում հայության պատմամշակութային ներկայության բոլոր հետքերի ոչնչացումը։ Դա ամենեւին չի խանգարում Ադրբեջանի ղեկավարին պնդել, որ իր երկիրը հանդիսանում է բազմամշակութայնության եւ հանդուրժողականության օրրան է։
Հակառակ ՄԱԿ կանոնադրության պահանջներին՝ Ադրբեջանը հակադրում է տարածքային ամբողջականությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանը, ինչը եւս չի խոչընդոտում Ադրբեջանի ղեկավարին հայտարարելու, որ, իբր, միջազգային իրավունքն աջակցում է իրենց հավակնություններին։
Մնում է միայն հիշեցնել․ կա սուտ, կա հրեշավոր սուտ, եւ կա Ադրբեջանի պետական քարոզչություն։
ՀՀ արտաքին գործերի նախարարություն