Պարույր Հայրիկյանն ու մի խումբ ԱԻՄ-ականներ այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց բողոքի ցույց են անցկացրել, հանձնաժողովականներին էլ մի շաբաթ ժամանակ տվել` պահանջելով կամ հրաժարական տան կամ գործադուլ սկսեն:
Պարույր Հայրիկյանի խոսքով՝ իրենք այդ քայլին գնացել են նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին հետագա պատասխանատվությունից փրկելու համար.«Մենք հանձնաժողովականներին դիմեցինք՝ ասելով, որ դուք երեւի սովոր չեք, որ ձեզ մարդու պես վերաբերեն, դուք սովոր եք, որ ձեզ ստրուկ համարեն, բայց մենք ձեզ որպես մարդ ենք դիմում՝ կոչ անելով ձեր քաղաքացիական պարտականությունը կատարել: Դրա համար ձեզ ժամանակ է պետք, ու տալիս ենք այդ մեկ շաբաթ ժամանակը, որ հասկանաք, որ պետական պաշտոնյայի համար ավելի կարեւոր բան, քան Սահմանադրությունը չի կարող լինել»:
Պարոն Հայրիկյանի կարծիքով, այսօր ամեն ինչի մասին խոսվում է, բացի նրանից, որ բռնի հանրաքվե է կազմակերպվում: Նա նաեւ հիշատակեց սահմանադրական փոփոխությունների իր մերժված հայեցակարգը ու կարծիք հայտնեց. «Եթե կայացած հասարակություն լիներ, կասեր, որ այլընտրանքն են մերժել, բայց նախանձն է խանգարում դա ասելու համար, որովհետեւ այլընտրանքը ոչ թե իրենք, այլ ԱԻՄ-ը, Հայրիկյանն է ներկայացրել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև