Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովը քննադատեց Հիտլերին եւ Ալիեւին

Նոյեմբեր 18,2015 22:29

Նոյեմբերի 18-ին  ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների խնդրանքով, ի թիվս այլ հարցերի, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ Մեծ քսանյակի գագաթնաժողովի մասնակիցների պատվին Անթալիայում կազմակերպված ճաշկերույթի ժամանակ Ռեջեփ Էրդողանի անձնական հրավերով Թուրքիայում գտնվող Իլհամ Ալիեւի  այն հայտարարությանը, որտեղ նա ահաբեկչության մեջ մեղադրել էր Հայաստանին:

Շարմազանովը զավեշտալի որակեց Ալիեւի հայտարարությանը. «Մի պետություն, որը հերոսի կոչում է տալիս ահաբեկիչ Ռամիլ Սաֆարովին,  ահաբեկչությունից խոսելու իրավունք՝ չգիտեմ որքանո՞վ ունի, մի պետություն, որը Ղարաբաղյան պատերազմի ժամանակ իր զինված ուժերում օգտվել է միջազգային ահաբեկիչների՝ Շամիլ Բասաեւի եւ մյուսների ծառայություններից, չեմ կարծում, որ իրավունք ունի խոսելու ահաբեկչության դեմ պայքարից: Սեպտեմբեր 11-ի նյույորքյան ահաբեկչությունից հետո տարբեր երկրների համապատասխան ծառայությունները ֆիքսել են Ալ-Քայիդայի զանգերը դեպի այդ պետության համապատասխան մարդկանց, ուստի  ինչքանո՞վ  Ադրբեջանն իրավունք ունի խոսել ահաբեկչության դեմ պայքարից»:

ՀՀԿ մամուլի խոսնակը Հիտլերին էլ հիշեց, որը 1928 թ հոկտեմբերի 27-ին հայտարարել էր, թե իր շարժումը քրիստոնեական է. «Որքան Հիտլերի շարժումն էր քրիստոնեական, այդքան էլ Ադրբեջանի ղեկավարությունն իրավունք ունի խոսել ահաբեկչության դեմ պայքարից»:

Բանախոսը Սահմանադրական փոփոխությունների ու սպասվելիք հանրաքվեի մասին էլ խոսեց: Ասաց, որ հայոց նորագույն պատմության մեջ չի եղել մի դեպք, երբ որեւէ փաստաթուղթ  նման կերպ արժանանա քաղաքական վերնախավի հավանությանը:

Ինչ վերաբերում է արդյունքներին, ՀՀԿ մամուլի խոսնակը կարծում է, որ  Ազգային ժողովում 4/5-ի հավանությունը հուշում է, որ այդ ուժերը կունենան համապատասխան ընտրողներ, իսկ վերջնական խոսքը, այնուամենայնիվ, ժողովրդինն է:

Նա ասաց նաեւ, որ Ոչ-ի ճամբարում չի տեսել որեւէ բովանդակային քարոզչություն: «Սահմանադրական բարեփոխումների փաստաթուղթը համակարգային փոփոխությունների հարց է լուծում, այն փաստաթուղթ չէ պանիրի ու երշիկի էժանացման մասին: Սահմանադրական բարեփոխումներն ավելի լայն խնդիր են շոշափում»,- հավելեց Շարմազանովը, նշելով, որ օրինակ ուրբաթ օրը ինքը շփվելու է իր սիրելի լոռեցիների հետ, ու նրանց հետ խոսելու է Սահմանադրական փոփոխություններից:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30