Նոյեմբերի 18-ին Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) գործադիր մարմնի հերթական նիստ էր հրավիրել: Ավարտից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց լրագրողների հարցերին:
Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահի՝ գերմանական Դոյչե Վելլե-ին տված հարցազրույցին, որտեղ Ռոբերտ Քոչարյանն ասել էր , թե դեռ երկար ենք զգալու այն վնասը, որ հասցվել է Հայաստանի հեղինակությանը` մեկ օրում կատարված՝ եվրոպացիների եւ հայ հասարակության համար բոլորովին անսպասելի կտրուկ շրջադարձի արդյունքում, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ Հայաստանի անդամակցումը Մաքասային Միությանը բնավ էլ մեկ օրում արված որոշում չէ:
Նրա ձեւակերպմամբ` Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ողջ ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները դինամիկ զարգացել են, եւ ՀՀ նախագահը հենց Մոսկվայում էլ հայտարարել է, որ Մաքսային Միությանն անդամակցելու պատրաստակամությունը չի վկայում եվրոպացի գործընկերների հետ քաղաքական երկխոսության դադարեցման մասին:
ՀՀԿ մամուլի խոսնակը նաեւ հայտնեց, որ դեկտեմբերի սկզբին սպասվում է ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը. «Մենք բանակցային պրոցեսի կողմնակից ենք, գտնում ենք, որ խնդիրը պետք է ունենա բացառապես խաղաղ կարգավորում Մինսկի խմբի նախագահության ձեւաչափով, իսկ թե կոնկրետ որ օրը, որ ժամին կլինի այդ հանդիպումը՝ նախագահի աշխատակազմը օրենքով սահմանված կարգով կտեղեկացնի»:
Կարդացեք նաև
Անդրադարձ եղավ նաեւ հանրահավաքներին: Էդուարդ Շարմազանովն ասաց, որ այս պահին հանրահավաքների անցկացման հարց չի քննարկվել: Նա, սակայն տեղեկացրեց, որ ՀՀ նախագահը մինչեւ դեկտեմբերի 6-ը Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իր կարծիքը հանրությանը հրապարակային կներկայացնի, եւ դա կլինի կա՛մ հեռուստահարցազրույցի կամ հայտարարության ձեւով:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ