Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Մնացականյանը հանդես եկավ ելույթով ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում

Նոյեմբեր 18,2015 21:35

Նոյեմբերի 17-ին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում տեղի ունեցավ «Պահպանելով միջազգային խաղաղությունը և անվտանգությունը` արտացոլելով պատմությունը. Անվտանգություն, զարգացում և հակամարտությունների արմատները» խորագրով բաց քննարկումը, որը նախագահում էր ՄԹ-ի միջազգային զարգացման նախարար Ջ.Գրինինգը: Քննարկմանը ելույթով հանդես եկավ նաև ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը:

Քննարկմանը մասնակցեցին ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղար Բան Կի Մունը, Նիդերլանդների արտաքին առևտրի և համագործակցության նախարարը, Ռուանդայի համագործակցության նախարարը, Պորտուգալիայի ԱԳևՀ պետքարտուղարը, նոբելյան մրցանակի դափնեկիր Ու. Բուչամաուին` ընդհանուր թվով շուրջ ութ տասնյակից ավելի պետությունների ներկայացուցիչներ:

Իր ելույթում Հայաստանի դեսպանը նախ կարևորեց հակամարտությունների կանխարգելումը` հնարավորինս վաղ փուլում, քանի որ հապաղումն այս հարցում հղի է վեճերի թեժացմամբ, խոշոր մարդասիրական ճգնաժամերով և, ի վերջո, ոճրագործություններով: Անդրադառնալով խնդրո առարկայի շուրջ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի վերջին զեկույցին, ՀՀ դեսպանը նշեց, որ «տևական անարդարությունը, խտրականությունը և հիմնարար ազատությունների մերժումը` հաճախ հանդիսանում են հակամարտությունների հիմնաղբյուրները: Հայերը վերապրել են նման փորձ: Մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է արժանանա պատշաճ ուշադրության` ՄԱԿ-ի բոլոր կառույցների` և առաջին հերթին ԱԽ-ի կողմից: Քաղաքացիական հասարակության դերակատարությունը` անփոխարինելի է»:

«Հայաստանն ունի ցավալի փորձ` երբ միջազգային միջնորդական ջանքերը, միակողմանի կերպով, ենթարկվում են խեղաթյուրման և կանոնավոր չարաշահման, նպատակ ունենալով տապալել այդ գործընթացը կամ ենթարկել միջազգային իրավունքը կամայական մեկնաբանության», – հավելեց Զոհրաբ Մնացականյանը, շեշտելով, որ միջազգային հանրության ջանքերի համախմբումն անհրաժեշտ միջոց է` յուրաքանչյուր հակամարտության կանխարգելման կամ կարգավորման ճանապարհին:

Ելույթում հիշատակվեց Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ ԳՔ Հատուկ խորհրդականի դերակատարությունը ի հայտ եկող ռիսկային իրավիճակների բացահայտման գործում և վերահաստատվեց Հայաստանի աջակցությունը վերջինիս գործունեությանը:

Ելույթի ամփոփիչ հատվածում դեսպան Մնացականյանը նշեց, որ վեճերի կարգավորման տարածաշրջանային միջազգայնորեն համաձայնեցված բանակցային ձևաչափն ավելի ուրույն աջակցության կարիք ունի: «Հայաստանը մշտապես ողջունել է միջազգային հանրության և ՄԱԿ-ի ԳՔ-ի աջակցությունը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ԼՂ խնդրի կարգավորմանը», – եզրափակեց Զոհրաբ Մնացականյանը:

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30