ԱՄՆ-ի կողմից ԼՂՀ-ին աջակցությունը կշարունակվի հատկապես ականազերծման ծրագրի շրջանակներում: Սակայն դեռ հստակ չէ՝ արդյոք ԱՄՆ-ն կավելացնի՞ ԼՂՀ-ին տրամադրվող աջակցությունը, թե՝ ոչ: ԱՄՆ կառավարության՝ Եվրոպայի և Եվրասիայի երկրների աջակցության համակարգող Ալիսա Ռոմանովսկին ի պատասխան հարցի՝ կոնկրետ ի՞նչ աջակցության մասին է խոսքը և արդյոք այդ աջակցության ծավալները կաճե՞ն, այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը հրավիրված հանդիպմանը պատասխանեց. «Մեր աջակցությունը ԼՂ-ին արդեն երկու տարի ուղղված է երկու հիմնական ուղղությունների` ջրի ենթակառուցվածքների բարելավում և ներդրումներ ականազերծման աշխատանքների իրականացման հարցում: Սա այն ոլորտն է, որտեղ շարունակելու ենք աջակցության ցուցաբերումը: Մեր նպատակն է, որ այդ տարածքն ականազերծ լինի և մարդկանց անվտանգությունը ապահովված լինի: Մենք կշարունակենք ականազերծման ուղղությամբ մեր աջակցությունը»:
Ալինա Ռոմանովսկին այդպես էլ հստակ չասաց՝ աջակցության աճ ակնկալել, թե՝ ոչ:
Անդրադարձ կատարվեց նաև ահաբեկչության դեմ պայքարում ՌԴ-ի և ԱՄՆ-ի փոխադարձ պայմանավորվածություններին: ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Բրիջիթ Բրինքն այս առիթով ասաց. «Մեր ղեկավարները Վաշինգթոնում՝ պետքարտուղար Ջոն Քերին, նախագահ Օբաման շատ ակտիվ են եղել այդ հարցի շուրջ: Ջոն Քերին Վիեննայում էր, և նա հանդիպել է տարբեր երկրների, այդ թվում նաև ՌԴ-ի պաշտոնակցի հետ: Փորձ է արվում նախանշել մեկ ընդհանուր ուղի, արդեն ձեռք են բերվել ընդհանուր համաձայնություններ և դրական տեղարժեր, որ կլինի անցում Սիրիայում, կլինեն ժամկետներ, թե ինչպես դա իրականացնել: ՌԴ շահերի մասին չեմ կարող խոսել, բայց ԱՄՆ շահերի մասին կարող եմ ասել. իսլամական պետության և ահաբեկչության դեմ պայքարը համընդհանուր է և դրա շուրջ մենք պետք է աշխատենք բոլոր երկրների հետ»:
ԱՄՆ պաշտոնյաները խոսեցին նաև ՀՀ-ում իրականացվող աջակցության ծրագրերի մասին, մասնավորապես տնտեսական զարգացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, երկրի ժողովրդավարական զարգացմանը՝ մամուլի ազատության, լրագրողների կարողությունների ամրապնդմանը, որպեսզի նրանք կարողանան հետաքննական աշխատանք իրականացնել, քաղաքացիական հասարակության զարգացմանը, ատոմակայանի՝ հետագա անվտանգ շահագործմանը: ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է նաև մասնավոր հատվածի խթանումը:
Կարդացեք նաև
Դառնալով կրկնակի հարկման համաձայնագրի ստորագրման հավանականությանը՝ տիկին Բրինքը նշեց, որ առացվել հստակ տեղեկություններ այդ հարցով կունենան վաղը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ