Նոյեմբերի 18-ին տեղի ունեցավ Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ:
Կառավարության անդամները հավանության են արժանացրել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը: Ըստ դրա՝ Արցախի Հանրապետության՝ 2016 թվականի համախմբված բյուջեն եկամուտների գծով կկազմի ավելի քան 86 մլրդ 185 մլն դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ներառյալ` Հայաստանի Հանրապետությունից ստացվող միջպետական վարկի գումարը: Բյուջետային ծախսերը գալիք տարում կլինեն մոտ 88 մլրդ 946 մլն դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), իսկ պակասուրդը կկազմի 2 մլրդ 761.3 մլն դրամ:
Պետբյուջեի նախագիծը պլանավորում է նաև Արցախի Հանրապետության համայնքների՝ 2016 թվականի բյուջեները, որոնք եկամուտների գծով կկազմեն 3 մլրդ 812.4 մլն դրամ (ներառյալ` պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները), իսկ ծախսերի գծով` 3 մլրդ 812.4 մլն դրամ: Ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանն, ըստ ոլորտների, ներկայացրեց որոշ մանրամասներ՝ հատկանշելով հիմնական փոփոխությունները և ավելացումները գործող պետբյուջեի համեմատ:
Վարչապետ Արայիկ Հարությունյանը, խոսելով քննարկվող պետբյուջեի տրամաբանության և սկզբունքների մասին, ընդգծել է, որ պահպանվելու են ոլորտային հատկացումների ծավալները, իսկ որոշ կարևոր ոլորտներ կստանան նպատակային լրացուցիչ միջոցներ: «Ինչ վերաբերում է ծախսերի նվազեցմանը, ապա բարեփոխումների արդյունքում, բյուջետային համակարգում կրճատել ենք 245 հաստիք և 96 մեքենա, ինչի շնորհիվ խնայելու ենք շուրջ 800 մլն դրամ: Այսուհետև ևս շարունակելու ենք պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման և ծախսերի նվազեցման քաղաքականությունը»,-ասել է Ա. Հարությունյանը:
Կարդացեք նաև
Անդրադառնալով տնտեսության զարգացման տեմպերին, ինչպես նաև՝ փոքր և միջին ձեռնարկատիրության խթանման քաղաքականությանը՝ վարչապետը ներկայացրել է վիճակագրական մի շարք տվյալներ, որոնք վկայում են ոլորտի շարունակական զարգացման մասին: «Կառավարության խթանող քաղաքականության շնորհիվ՝ հանրապետությունում 2007թ. դրությամբ առկա 3 235 հարկատուների թիվը 2014թ.-ին հասել է 5 110-ի, ինչը հնարավոր է դարձել գլխավորապես ՓՄՁ սուբյեկտների քանակի աճի հաշվին: Գլխավոր ցուցանիշներից մեկը ևս խոսուն է. 2016թ.-ին կանխատեսվում է շուրջ 236 մլրդ դրամ համախառն ներքին արդյունք, մինչդեռ 2010թ.-ին այն շուրջ 118 մլրդ դրամ էր: Համոզված եմ՝ նախագահ Բակո Սահակյանի նախընտրական ծրագրին համապատասխան՝ ընթացիկ տարին կավարտենք ՀՆԱ-ի ավելի քան 8 տոկոս աճով,մոտավորապես նույն չափի աճ նախատեսում ենք նաև 2016թ.-ին»,- նշել է կառավարության ղեկավարը:
Սեփական եկամուտների հավաքագրման քաղաքականության վերաբերյալ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Հիմնականում ՓՄՁ սուբյեկտների համար հարկային ավելի մեղմ քաղաքականության որդեգրման արդյունքում, հաջորդ տարում մի կողմից որոշակի չափով նվազելու են սեփական եկամուտների աճի տեմպերը, մյուս կողմից մեծանալու են տնտեսության երկարաժամկետ զարգացման հնարավորությունները»:
Գործադիր մարմնի հավանությանն են արժանացել հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2016թ. տարեկան ծրագիրը և դրանով նախատեսված միջոցառումների ցանկը: Ծրագրով նախատեսվում է հաշմանդամների համար կենսագործունեության բոլոր ոլորտներում իրականացնել հավասար պայմանների և հնարավորությունների ստեղծմանն ու ապահովմանն ուղղված աշխատանքներ: Կատարելագործվելու է հաշմանդամների սոցիալական պաշտպանության հարցերին առնչվող օրենսդրությունը, ինչպես նաև դյուրացվելու է նրանց բժշկա-սոցիալական փորձաքննության կազմակերպման գործընթացը: Ծրագրով ապահովվելու են հաշմանդամների բժշկական, հոգեբանական և սոցիալական վերականգնման համար անհրաժեշտ այլ միջոցառումներ ևս:
Նիստում կառավարության անդամների հավանությանն է արժանացել ԼՂՀ զբաղվածության կարգավորման 2016թ. պետական ծրագիրը և դրանով նախատեսված միջոցառումների ցանկը: 2016 թվականին նախատեսվում է շարունակել լուծում տալ զբաղվածության պետական կարգավորման ոլորտում առաջացած հիմնախնդիրներին: Հնարավորինս համապատասխանեցվելու են աշխատաշուկայում աշխատուժի առաջարկն ու պահանջարկը, վերացվելու են առանձին մասնագիտությունների գծով թափուր աշխատատեղերի լրացման դժվարությունները: Ուշադրության կենտրոնում են լինելու գյուղական համայնքներում եւ բնակավայրերում բնակչության թերզբաղվածությանը, ինչպես նաև քաղաքային բնակչության զբաղվածության ցածր մակարդակին, աշխատաշուկայում անմրցունակ անձանց զբաղվածության ապահովման դժվարություններին առնչվող հարցերը:
Կառավարությունը հավանություն է տվել նաև փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության 2016թ. ծրագրին: Նախագիծը հիմնված է կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականության հիմնարար սկզբունքների վրա: Ծրագիրն ուղղված է նպաստելու հանրապետության, հատկապես նրա հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի տնտեսական զարգացմանը և անհամամասնությունների հաղթահարմանը: Ծրագրով կարգավորվելու են նաև ՓՄՁ սուբյեկտներին ֆինանսական աջակցության, առևտրային բանկերի կողմից դրանց տրամադրված վարկերի տարեկան տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման, ՓՄՁ սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման և մի շարք այլ հարցեր:
2016թ. գիտական, գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերը, որոնք ևս արժանացել են կառավարության հավանությանը, ուղղված են հանրապետության գիտական և գիտատեխնիկական ներուժի զարգացմանը: Ծրագրով մի շարք կարևորագույն հարցերի հետ մեկտեղ, նախատեսվում է նաև համալրել Արցախի գիտական կենտրոնի գիտահետազոտական լաբորատորիաները՝ դրանք լիարժեքորեն օգտագործելու նպատակով:
Կառավարության հավանությանն արժանացած ևս մեկ՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2016թ. պետականծրագիրը նպատակ ունի ամրապնդել բնակչության առողջությունը, ապահովել անհատի ներդաշնակ զարգացումը և բարձրացնել սպորտի դերը հասարակության շրջանում:
Կարևորելով սպորտի դերն առողջ սերունդ դաստիարակելու գործում՝ կառավարության ղեկավարը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչների հետ ուսումնասիրել մայրաքաղաքի շենքերի նկուղային հարկերի վիճակը՝ համապատասխան պայմանների առկայության դեպքում դրանցումմարզադահլիճներ կառուցելու և պարապմունքներ կազմակերպելու համար: «Կան բարերարներ, ովքեր պատրաստ են ֆինանսավորել նոր դահլիճների կառուցումը: Կարևոր է շենքային համապատասխան պայմաններ ստեղծել սպորտի ևֆիզիկական կուլտուրայի զարգացման ու տարածման համար»,- նշել է Ա. Հարությունյանը:
Նիստում հավանություն է ստացել նաև ԼՂՀ 2016թ. առողջապահական պետական նպատակային ծրագրերի նախագիծը: Այն նպատակաուղղված է հանրապետության տարածքում պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության միջոցառումների իրականացման ապահովմանը, սպասարկման անվճար սկզբունքի պահպանմանը, երեխաների բժշկական օգնության կազմակերպման ապահովմանը, անվտանգ մայրության հովանավորմանը, հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների վաղ հայտնաբերմանը, հիվանդների բուժօգնության կազմակերպմանը և շարունակական հսկողության ապահովմանը:
Գործադիր մարմնի հավանությանն արժանացած պետական ծրագրերը սահմանված կարգով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի կազմում ներկայացվելու են Ազգային ժողովի քննարկմանը:
Կառավարությունը հավանություն է տվել նաև ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքների նախագծերի փաթեթին: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լևոն Գրիգորյանի խոսքով՝ փոփոխությունները նպատակ ունեն վերանայել անշարժ գույքի իրավունքների գրանցման ոլորտում պետության կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների համակարգը` բարձրացնելով գրանցման համակարգի արդյունավետությունը։ Նախագծով առաջարկվում է միավորել պետական տուրքի և պետական գրանցման ու տեղեկատվության տրամադրման համար գործող օրենսդրությամբ նախատեսված գումարները և ծառայությունների մատուցման համար գանձել միայն մեկ միասնական գումար՝ պետականտուրքի տեսքով: Արդյունքում գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման համար վճարների միասնականությունը կազատի քաղաքացիներին ավելորդ քաշքշուկներից, կրկնակի միջնորդավճար մուծելու անհրաժեշտությունից, ինչպես նաև հնարավորություն կտա քաղաքացիներին ինքնուրույն հաշվել ծառայությունների մատուցման համար նախատեսված գումարը: Լ. Գրիգորյանը հավելել է, որ պետական գրանցման վճարի և պետական տուրքի միավորմամբ՝ ծառայությունների մատուցման համար գանձվող գումարների չափերի էական բարձրացում չի լինելու, իսկ որոշ գործարքներից բխող իրավունքների պետական գրանցման դեպքում գանձվող գումարը զգալիորեն նվազելու է: Կպահպանվեն Շահումյանի և Քաշաթաղի շրջանների համար գործող արտոնությունները:
Գործադիր մարմնի անդամները հավանություն են տվել ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրությանմասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և ««Հանրային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին: Դրանով առաջարկվում է պետական պաշտոնները համապատասխանեցնել կառավարության նոր կառուցվածքին:
Նիստում Հավանության է արժանացել ««Աուդիտորական գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Դրա ներկայացումը պայմանավորված է 2015թ. սեպտեմբերի30-ի՝ ««Հաշվապահական հաշվառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելումասին» ՀՕ-42-Ն օրենքի ընդունմամբ, որով հանվել է խոշոր կազմակերպությունների կողմից ներկայացվող ֆինանսականհաշվետվությունների հետ աուդիտորական եզրակացության հրապարակման պարտադիր պահանջը:
Կառավարության կողմից հավանության է արժանացել ««Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքումլրացում և փոփոխություններ կատարելու մասին» և մի շարք հարակից այլ օրենքներում լրացում և փոփոխություններկատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Դրանով առաջարկվում է գործունեությունը նոր սկսող հարկ վճարողներինեռամսյա ժամկետով ազատել առևտրի հարկից, հաստատագրված և արտոնագրային վճարներից: Չարաշահումներից խուսափելու նպատակով՝ նախատեսվում են արտոնության կիրառման բացառությունների դեպքերը: Փաթեթով առաջարկվում էնաև փաստաբանական ծառայությունների մատուցումն ազատել ավելացված արժեքի հարկից, ինչպես նաև՝ պետական գնումների շրջանակներում ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գործարքների մասով ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների դիմաց վճարման հաշվետու ժամանակաշրջանը: Նախատեսվում է զբոսաշրջային օպերատորի կամ զբոսաշրջային գործակալի կողմից Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա զբոսաշրջիկներին մատուցվող ծառայություններն ազատել ավելացված արժեքի հարկից ոչ միայն Արցախի Հանրապետության, այլև՝ Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող ուղևորությունների մասով:
Հարկային փոփոխություններին անդրադառնալով՝ վարչապետը հանձնարարել է օրենքներն ուժի մեջ մտնելուց հետոշահագրգիռ անձանց շրջանում բացատրական-տեղեկատվական աշխատանքներ իրականացնել: «Սա լուրջ խթան է փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման համար, քանի որ ձեռնարկատիրական նոր գործունեություն նախաձեռնողները եռամսյա շրջանում կազատվեն հարկերից: Սկսնակ գործարարները սովորաբար խուսափում են նոր բիզնես սկսել հատկապես հարկային գրագիտության բացակայության պատճառով, և տույժերի հիմնական մասը գոյանում է մեկնարկային շրջանում: Եսկհամարեի սրանք համարձակ և խթանիչ փոփոխություններ հարկային դաշտում, որոնք զգալիորեն նպաստելու են ՓՄՁզարգացմանը: Իհարկե, ստվերի ծավալի մեծացման ռիսկերը կարող են աճել, սակայն բոլորս իրար հետ պետք է պայքարենք ստվերի նվազեցման ուղղությամբ, պահանջենք դրամարկղային կտրոններ և հետևողական լինենք վերահսկողության ապահովման հարցում»,- նշել է Ա. Հարությունյանը:
Նիստում հավանության է արժանացել ««Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», ««Պետական կենսաթոշակների մասին»Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և ««Եկամտային հարկի մասին»Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:Առաջարկվող փոփոխությունների շնորհիվ ակնկալվում է էապես բարձրացնել ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների ուղղությամբ պետական բյուջեից կատարվող ծախսերի արդյունավետությունը` միաժամանակ կանխելով գործատուների հնարավոր չարաշահումները: «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ԼՂՀ օրենքը առաջարկվում է վերանվանել «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ԼՂՀ օրենքի:
Հավանության արժանացած օրենքների նախագծերը սահմանված կարգով ներկայացվելու են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը:
Կառավարությունը որոշում է ընդունել սոցիալ-հոգեբանական վերականգնողական օգնության տրամադրման կարգի մասին և հաստատել օգնություն ստանալու ուղեգրի և օգնություն ստացած հաճախորդների մասին հաշվետվության ձևերը: Ըստ որոշման` հաշմանդամություն և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց ու նրանց ընտանիքների անդամներին, բնակչության առանձին խմբերի ցանկում ընդգրկված և հոգեկան առողջության վերականգնման կարիք ունեցող անձանց տրամադրվելու է անվճար սոցիալ-հոգեբանական վերականգնողական օգնություն:
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին