«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին հարց ուղղեց «Եռանկյունի» հաղորդաշարի հետ կապված, թե ինչպե՞ս ընդգրկվեց այնտեղ՝ որպես հաղորդավար. «ՀՀԿ-ն ինչպիսի՞ գնահատական է տալիս այդպիսի շոուին ձեր մասնակցությանը»:
Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ Հանրային հեռուստաընկերությունից է առաջարկ ստացել, իսկ աշխատավարձի չափը կերեւա իր հայտարարագրում. «Դեւը ձեզ ոչ թե բռնել է, այլ մտել է ձեր մեջ էսօր, ֆորմի մեջ եք շատ»:
Նախարարն ասաց, որ Փոստանջյանն էլ վստահաբար մի օր կհայտնվի այդ հաղորդման տաղավարում եւ նրան անվանեց հայկական քաղաքական շոուբիզնեսի տիրուհի. «Ուրախ եմ, որ ձեր նման ապագա աստղ կունենանք մեր տաղավարում, որը կզարդարի իր ներկայությամբ մեր համեստ քաղաքական թոք-շոուն: Չգիտեմ talk-ը ինչքանով է ձեզ մոտ ստացվում, բայց շոուն վստահաբար ստացվում է»:
Ըստ Փոստանջյանի՝ ԿԳ նախարարին հարիր չէ նման հաղորդում վարելը՝ պրոֆեսիոնալ առումով: Նա հեգնեց նախարարին՝ ասելով, որ եթե նման հաղորդումների համար աշխատավարձ է ստանում, գոնե իր աշխատավարձը հավաքի եւ տա գիտությանը, մանավանդ, որ գիտաշխատողների հավելավճարները կրճատվել են:
Կարդացեք նաև
Նախարարը պատասխանեց, որ Փոստանջյանը լավ կլինի իր ելույթներից բացի դիտի, թե արտերկրում նախարարներն ինչով են զբաղված, ինչ հաղորդումներ են վարում: Իսկ եթե նրան հետաքրքրում են գովազդային տղամարդիկ, կարող է ծանոթանալ The people ամսագրում ամենագրավիչ տղամարդկանց թոփ տասնյակին. «Գիտությունը ձեզ առհասարակ ամենաքիչն է հետաքրքրում այս կյանքում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ