«Գաղտնիք չէ, որ մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք: Չնայած երկրի անվտանգության խորհուրդը կինոթատրոն չէ, որ ով երբ ցանկանա գա, ով երբ ցանկանա չգա, ստացվում է, որ երկրի ԱԺ-ն կինոթատրոն է, որ այդ նույն մարդը երբ ուզենա՝ չգա, իսկ երբ չուզենա՝ էլի չգա»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսպիսի հարց ուղղեց՝ նախագահ Սերժ Սարգսյանի ոճով:
Նա ասաց, որ «տարիներ շարունակ օդում կախված են շարունակում մնալ լուրերը Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամների կողմից չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից գողացված միլիարդները այսպես ասած Հռոմի պապի հետ հարաբերությունները լավացնելու անվան տակ քողարկելու մասին»:
Նա ասաց, որ ըստ օդում կախված լուրերի, ցանկացած հեռուստատեսային գովազդի փողի կեսը Սերժ Սարգսյանի փեսայի գրպանն է մտնում. «Օդում կախված են մնում լուրերը, որ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը, որը հանրութան շրջանում հայտնի է Սաշիկ սարսափազդու անունով, 50 տոկոս փայ է մտնում բոլոր այն ռեստորաններում, արտադրամասերում եւ բիզնեսներում, որոնք իրեն դուր են գալիս»:
Նիկոլ Փաշինյանը, ինչպես Սերժ Սարգսյանն էր հորդորել Գագիկ Ծառուկյանի հետ կապված, նույն ոճով հորդորեց վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որ մինչեւ վերջ եւ մանրամասն ստուգեն այս լուրերի իսկությունը եւ բաց ներկայացնեն հանրությանը: Նա հորդորեց նաեւ վարչապետին, որ ստուգումներ իրականացնելիս օգտագործի իր ձեռքի տակ եղած ողջ զինանոցը՝ «սկսած բամփելուց, վերջացրած որեւէ մեդալով պարգեւատրելը»:
Կարդացեք նաև
Գալուստ Սահակյանն ասաց, որ կառավարությունը խնդրում է հարցը գրավոր տալ. «Իսկ ես կարծում եմ, որ անհեթեթ հարցերը միշտ էլ օդում կախված կմնան»,- ասաց ԱԺ նախագահը:
Ավելի ուշ արձագանքեց նաեւ Դավիթ Հարությունյանը. «Եթե ունեք չստուգված լուրեր, ապա այդ լուրերը պահեք ձեզ, եթե ունեք փաստեր՝ դիմեք իրավապահ մարմիններին»:
Նիկոլ Փաշինյանն էլ պատասխանեց, որ երբ հայտարարություն է անում, դրան վերաբերում է ամենայն լրջությամբ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ