«Հայկական առաջին ճակատ» ֆան շարժման ներկայացուցիչներն այսօրվա մամուլի ասուլիսում հայտարարեցին, թե ով է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի թեկնածուն:
«Մենք ներքին ինֆորմացիա ունենք, որ մոտ ժամանակներս կլսենք հայաստանցի մարզչի նոր անուն: Ճիշտ է, դա չհաստատված ինֆորմացիա է, սակայն չենք կարող դրա մասին չխոսել: Խոսքը Վարուժան Սուքիասյանի մասին է: Մենք այս ասուլիսում արդեն ուզում ենք հայտնել, որ գնահատում ենք Վարուժան Սուքիասյանի կատարած աշխատանքը հայկական ֆուտբոլի համար, գնահատում ենք նրա մարզչական բոլոր որակները: Սակայն դա մեզ չի բավարարում: Մենք նախորդ ասուլիսի ժամանակ էլ նշել ենք, որ այսօրվա դրությամբ որպես հայ մարզիչ տեսնում ենք երկու հոգու՝ Սերխիո Մարգարյանին եւ Միշել Դեր- Զաքարյանին, որոնք բարձրակարգ են, լուրջ կարիերա ունեն, ժամանակի ընթացքում հասել են լուրջ հաջողությունների, սակայն չեն ցանկանում գլխավորել մեր հավաքականը: Մենք այսօրվա դրությամբ այլ մարզիչ չենք տեսնում եւ չենք ցանկանում մեր հավաքականը տեսնել որպես փորձադաշտ: Մենք կողմ չենք լինելու Վարուժան Սուքիասյանին, եթե նրա նշանակումը տեղի ունենա», – ասացին բանախոսները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ