Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին հայկական ճակատ. «Մենք չենք թողել, որ Հայաստան-Ալբանիա խաղում հնչեն «Հայրապետյան հեռացիր» վանկարկումներ

Նոյեմբեր 18,2015 17:10

ՖԱՖ-ՀՖՖ լարված իրավիճակին նվիրված այսօրվա մամուլի ասուլիսում ֆան շարժման ղեկավար խորհրդի անդամ Սերգեյ Ջանջոյանը ներկայացրեց, թե ինչպես է առաջացել այդ անդունդը:

«Շատ կարեւոր բանից եմ ուզում խոսել: Այս ընթացքում մեր շարժման, ՖԱՖ-ի իրականացրած գործողություններին փորձեցին քաղաքական երանգներ տալ: Հերթական անգամ հայտարարում ենք, որ մենք քաղաքականության մեջ չենք եղել, չկանք ու մեր նպատակը չլինելն է: ՖԱՖ-ը եղել է ու կա որպես ոչ միայն ֆուտբոլի, այլ հայկական սպորտի նվիրյալների շարժում, մենք միշտ ֆուտբոլի, սպորտի հետ կապված խնդիրներին անդրադարձել ենք ու շարունակելու ենք անդրադառնալ:

Սոցցանցերում մեկնաբանություններ եղան, թե ինչո՞ւ որոշեցինք հենց ֆուտբոլային երթեր, ակցիաներ անցկացնել այս վիճակներում, երբ երկիրը, աշխարհը խառն է, պատերազմներ են ընթանում, «Այո»-«Ոչ»-ի խնդիր կա: Մենք նոր չենք սկսել: Սկսել ենք ավելի շուտ: Ուղիղ երկու տարի մեր հավաքականը խայտառակ խաղ է ցույց տալիս:

 

Հայաստան-Դանիա խաղի ժամանակ մենք իրականացրինք մեր առաջին պաստառային ակցիան՝ ցուցադրելով նաեւ հավաքականի երկու տարվա խաղերի արդյունքները: Հաջորդը եղավ Հայաստան-Ֆրանսիա խաղին, երբ հերթական անգամ մեր թիմը անմարտունակ խաղ, խայտառակ արդյունք ցույց տվեց: Այդ անգամ մենք առաջին անգամ մեր հավաքականին խաղադաշտից ուղեկցեցինք սուլոցներով:

Երրորդ ակցիան արդեն մարզչի ակցիան էր: Հայաստան-Ալբանիա խաղին մենք պահանջեցինք մարզիչ: Մենք մարզադաշտում ուրիշ ոչ մի ակցիա չենք իրականացրել: Ուզում եմ նշել, որ եղել է երկրպագուների խումբ, որը ցանկացել է հենց մարզադաշտում իրականացնել ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջ: Բայց մենք չենք թողել, որպեսզի Հայաստան-Ալբանիա խաղում հնչեն «Հայրապետյան հեռացիր» վանկարկումներ, որովհետեւ մեր ակցիաների մեջ նման բան նախատեսված չի եղել: Որովհետեւ մենք ցանկացել ենք կառուցողական, հանրային ձեւով դնել պահանջներ, որպեսզի ֆուտբոլի ֆեդերացիան կատարի եւ այս վիճակից դուրս գանք:

Բայց բոլորը տեսան ՀՖՖ նախագահի պատասխանը մեր պահանջներին՝ վիրավորանքներ, ինչ- որ պիտակավորումներ: Մենք դրան նույն տոնով չպատասխանեցինք՝ հայտարարեցինք երթի մասին եւ գնացինք դեպի ֆեդերացիա՝ լսելու ինչ-որ բան: Բայց ոչ մի պատասխան չեղավ: Մեզ դիմավորեցին փակ դռներով, անջատած լույսերով:

Տեսնելով, որ ֆեդերացիան ոչինչ չի անում, մենք դրեցինք ՀՖՖ նախագահի եւ գործկոմի հրաժարականի պահանջը: Դա ինքնանպատակ չի, մենք անձերի դեմ պայքար չունենք: Եթե ֆուտբոլի պատասխանատուները իրավիճակից դուրս գալու քայլեր չեն անում, թող տեղը զիջեն», – ասաց բանախոսը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30