Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Պետք չէ առանձնացնել միայն քրիստոնյաներին. բռնությունը ողբերգություն է բոլորի համար»

Նոյեմբեր 18,2015 17:02

«Ցանկացած բռնություն, ահաբեկչություն, որ այսօր տեղի է ունենում աշխարհի որևէ անկյունում, արհավիրք ու ողբերգություն է բոլոր մարդկանց համար: Այսինքն՝ այստեղ կրոնական կամ ազգային պատկանելության խնդիր ընդհանրապես դրված չէ, և ես չեմ կարծում, որ պետք է հստակ առանձնացնել միայն քրիստոնյաներին: Այդ ահաբեկչությունները միայն քրիստոնյա հասարակության մեջ չէ, որ տեղի են ունենում։ Շատ մուսուլմանական երկրներ հենց իրենք են պայքարում ահաբեկչությունների դեմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ ընդգծելով, որ բոլորս պետք է ջանք թափենք, որ այդ երևույթները կասեցվեն. «Մենք բոլորս հստակ տեսնում ենք, որ սրանք ծայրահեղական մոտեցումներ են, որոնք կան մուսուլմանական տարբեր ուղղություններում։ Եթե մենք իրապես կարողանանք աշխարհում, մեր հասարակության մեջ հասնել նրան, որ մարդիկ հարգեն մեկը մյուսի կրոնական պատկանելությունն ու ընկալումները, իհարկե, մենք շատ ավելի իդեալական աշխարհում կկարողանանք ապրել»,- նշեց քահանան:

Նրա համոզմամբ՝ այսօր աշխարհը պետք է ընդհանուր երկխոսության նստի. «Պիտի գան փոխադարձ համաձայնության, հասկանան, որ ամենաթանկը մարդկային կյանքն է, ոչ թե նյութական շահերը, որոնք էլ շատ հաճախ բերում են նման բախման։ Գուցե այս ահաբեկչությունները շատ ծայրահեղ, բայց, այնուամենայնիվ, միջոց են՝ իրենց բողոքն արտահայտելու համար։ Հարցի մյուս կողմն է, թե այդ բողոքը որքանով է արդարացված, որքանով է պահանջված ու հիմնավորված։ Մենք պիտի կարողանանք հանդուրժողականության մթնոլորտում ապրել կողք կողքի։ Ի վերջո, հանդուրժողականությունը ոչ միայն քրիստոնեական, այլև համամարդկային արժեք է։ Դա այն լեզուն է, որով կարող ենք խոսել միմյանց հետ ու հասկանալ իրար»,- ամփոփեց Տեր Եսայի քահանա Արթենյանը։

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30