Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց «Արդի հայերենի հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողովի բացման արարողությանը

Նոյեմբեր 18,2015 16:43

Նոյեմբերի 18-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց Համազգային հայ կրթական և մշակութային միության և ԵՊՀ-ի կողմից կազմակերպած «Արդի հայերենի հիմնախնդիրները» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությանը:

Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ հայկական բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը: Ներկաներին ողջունեցին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և ԵՊՀ Ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա կարևորեց Համազգային հայ կրթական և մշակութային միության նախաձեռնությամբ Մայր բուհում «Արդի հայերենի հիմնախնդիրները» գիտաժողովի կազմակերպումը: Գերատեսչության ղեկավարը նշեց, որ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից տարիներ շարունակ իրականացվող բազում ծրագրեր միտված են նպաստելու Սփյուռքում լեզվապահպանությանը. «Սփյուռք» ամառային դպրոց», «Արի տուն», «Էլեկտրոնային գրադարան», «Արևմտահայերենից արևելահայերեն և հակառակը՝ փոխարկիչ», «Հայոց լեզվի ուսուցման հեռուստադպրոց», «Ուսուցիչների գործուղում հեռավոր տարածաշրջաններ» և բազում այլ ծրագրերի շնորհիվ աշխուժացել է Հայրենիք-Սփյուռք գործակցությունը: Հատկապես հայոց լեզվի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ նկատելի է հայաստանյան եւ Սփյուռքի մասնագետների ակտիվ գործակցությունը: «Հայոց ցեղասպանության անդառնալի հետևանքներից էր մշակութային ցեղասպանությունը, մասնավորապես եղեռնազարկ եղավ մեր ամենամեծ հարստությունը՝ մեր Մայրենին: Խորհրդային Հայաստանում մշակվեց հայոց լեզվի դասավանդման ու մատուցման միասնական համակարգ, ստեղծվեցին դասագրքեր, իսկ Սփյուռքում լեզվական գործընթացներն առավել տարերային բնույթ կրեցին: Անուրանալի են Սփյուռքի տարբեր համայնքներում լեզվապահպանության գործում առանձին կառույցների ու կազմակերպությունների, մասնագետների ու կրթօջախների ջանքերը», – ընդգծեց նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նախարարը ցավով հավելեց, որ արևմտահայերենը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի վտանգված լեզուների էլեկտրոնային ատլասի» մեջ և ունի վտանգվածության առկա մակարդակներից «հաստատապես վտանգված» կարգավիճակը:

Հրանուշ Հակոբյանն առանձնացրեց երկու հիմնահարց, որոնց ուղղությամբ պետք է աշխատանքներ տարվեն: «Առաջինը արևելահայերենի կանոնակարգման խնդիրն է, որը հնարավոր է արդյունավետ իրականացնել Հայերենի բարձրագույն խորհրդի ստեղծմամբ: Երկրորդ կարևոր հիմնահարցը հայերենի երկու ճյուղերի մերձեցման խնդիրն է», – նշեց նա:

ՀՀ սփյուռքի նախարարն ընդգծեց, որ արևմտահայերենը մեր լեզվամշակութային հարստությունն է, մեր մշակույթի հիմքը և պետք է լինի հայոց պետականության, ողջ հայ ժողովրդի մշտական հոգածության առարկան:

Դիմելով գիտաժողովին մասնակցող հայագետներին և լեզվաբաններին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը հույս հայտնեց, որ առաջադրված խնդիրներով մտահոգ մասնագետները հանդես կգան իրավիճակի վերլուծություններով, դիտարկումներով, առաջարկություններով, որոնք կնպաստեն լեզվապահպանությանն աջակցելու համալիր ծրագրի մշակմանը, հայերենի երկու ճյուղերի համընթաց ու միասնական զարգացմանը, փոխհարստացման ուղիների մշակմանը:

Ներկաներին ողջունեցին նաև Համազգային հայ կրթական և մշակութային միության կենտրոնական վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը և Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանը:

Գիտական զեկուցումներով հանդես եկան մի շարք անվանի լեզվաաբաններ Հայաստանից և Սփյուռքից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30