Այսօր տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի երեկվա հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանում անհավասար մրցակցային պայմաններ են, ներդրումների համար գրավիչ չէ: Դեսպանն այդպիսի մտահոգություն հայտնել էր Հայաստան-ԱՄՆ առեւտրի եւ ներդրումային հարցերով խորհրդի առաջին նիստի ժամանակ:
ՏՄՊՊՀ ղեկավարին հիշեցրին, որ այս հանձնաժողովը նաեւ ստեղծված է մրցակցային հավասար պայմաններ ապահովելու համար:
Արտակ Շաբոյանի խոսքերով, մրցակցությունը լայն հասկացություն է, եւ մրցակցային միջավայրի վրա ազդում են բազմաթիվ գործոններ. «Մրցակցային միջավայրի այն խնդիրները, որոնք գտնվում են տնտեսական մրցակցության պաշտպանության իրավասության շրջանակներում, հավատացեք, հանձնաժողովը հետեւողական է այդ խնդիրների լուծման հարցում»:
Կարդացեք նաև
Մանրամասները տեսանյութում
Ինչ վերաբերում է դեսպանի հայտարարությանը, պարոն Շաբոյանը չցանկացավ այն մեկնաբանել` նորից կրկնելով, որ հանձնաժողովն իր սահմանափակ գործառույթն ունի. «Հակամրցակցային համաձայնության բացահայտում, գերիշխող դիրքի չարաշահում, անբարեխիղճ մրցակցության երեւույթներ, որոնք հստակ ամրագրված են օրենսդրության մեջ»:
Այսօր ՏՄՊՊՀ-ն «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում գործարարների հետ հանդիպում էր կազմակերպել` ակնկալելով, որ բիզնես ոլորտի ներկայացուցիչները կներկայացնեն մրցակցային դաշտին վերաբերող իրենց հուզող խնդիրները: Հանդիպմանը ներկա էին կաթնամթերքի, ծխախոտի, հանքային ջրի արտադրության, դեղագործական ոլորտի տնտեսվարողներ:
Դեղերի բիզնեսով զբաղվող «Վիտա ֆարմ» ընկերության ներկայացուցիչ Հովհաննես Մարտիրոսյանը Արտակ Շաբոյանին դժգոհեց Դեղերի փորձագիտական կենտրոնի աշխատանքից` ասելով, որ այս կառույցը նպաստում է դեղերի շուկայում մենաշնորհների առաջացմանը:
ՏՄՊՊՀ ներկայացուցիչ Մանուկ Միքայելյանն արձագանքելով գործարար Մարտիրոսյանին, ասաց, որ բողոքի հիման վրա հարուցվել է վարչական վարույթ եւ որպես պատասխանող կողմ ներգրավել են առողջապահության նախարարությանն ու Դեղերի փորձագիտական կենտրոնին. «Եթե իսկապես հաստատվի, որ այդ մերժումները անհիմն են, սա իսկապես, շատ խնդրահարույց հանգամանք կդիտարկվի, որովհետեւ, փաստորեն կստացվի, որ վարչական մարմնի ոչ իրավաչափ որոշման արդյունքում, այս շուկայում ունենում ենք այնպիսի խոչընդոտ, որով սահմանափակվում է փոքր բիզնեսի մուտքն այս շուկա»:
Մանուկ Միքայելյանի պարզաբանումները` տեսանյութում
Միջոցառմանը ներկա «Հայաստանի գործարարների եւ արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանը դիմելով ՏՄՊՊՀ ղեկավարին, ասաց, որ այս կառույցը հակամենաշնորհային քաղաքականության հսկիչն է եւ գերակա դիրքը չարաշահողների պատժիչը, ուստի գործարարները խնդիրներ ունենալու դեպքում պետք է ոչ թե լրատվամիջոցներին դիմեն կամ ասեկոսեների հետեւից ընկնեն այլ` դիմեն հանձնաժողով:
ՏՄՊՊՀ-ն այսօր նաեւ ներկայացրեց կաթնամթերքի, հանքային ջրերի շուկայում կատարած ուսումնասիրության արդյունքները: Ըստ հանձնաժողովի. Այս երկու շուկաներում առկա են խոշոր ընկերություններ, որոնց բաժին է ընկնում շուկայի ծավալի ավելի քան 80 տոկոսը: Իսկ հանքային ջրերի շուկայում գործող երեք ընկերության բաժին է ընկնում շուկայի 90 տոկոսը: Այլ տնտեսվարողներ հարցումների ժամանակ նշել են, որ չեն ցանկանում այս ոլորտներում ներդրումներ կատարել, քանի որ շուկաները սահմանափակ են, ֆինանսական ռեսուրսներն անհասանելի, աշխատուժն էլ համապատասխան կրթություն չունի:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ