Հայացք՝ 24 տարի անց
Արցախյան ազատագրական պայքարի հաղթական էջերից է Սարինշենի հեռուստաաշտարակի ազատագրումը, որի շնորհիվ կանխվեց հեռուստաաշտարակի բարձունքից Հադրութը կրակի տակ պահելու ադրբեջանական վտանգը, փակվեց ադրբեջանցիների` Ջաբրաիլից Հադրութ օգնության հասնելու ճանապարհը: 1991 թվականի նոյեմբերի սկզբին իրավիճակը Հադրութի շրջանում խիստ լարված էր: «Օղակ» գործողության իրականացման ճանապարհին ադրբեջանական ՕՄՕՆ-ը հայաթափում էր շրջանի գյուղերը: Հեռուստաաշտարակը, որտեղից ոչ վաղ անցյալում եթեր էին հեռարձակվում հայկական հաղորդումները, դարձել էր ՕՄՕՆ-ականների որջ:
Ինչպես հիշում է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը` հեռուստաաշտարակի շրջակայքի հետախուզության հրամանը տրվել էր դեռեւս սեպտեմբերի 28-ին, սակայն հանգամանքների բերումով առաջինը ազատագրվեց Տողը, հետո նոր Սարինշենը:
Նոյեմբերի 10-ին արդեն հետախույզները բերել էին Խորհրդային ներքին զորքերի եւ ադրբեջանական ՕՄՕՆ-ի վերաբերյալ տվյալները: Ըստ այդ տվյալների՝ Սարինշենի բարձունքում շուրջ 35 զինվոր կար` լավ զինված եւ անհրաժեշտ տեխնիկայով, իսկ խորհրդային զորքը կարող էր օգնություն ցույց տալ Արակյուլ-Ջաբրաիլ ուղղությունից:
Հետախուզության արդյունքների հիման վրա կազմվեց ազատագրման քարտեզը, ուժերը բաշխվեցին ըստ ուղղությունների, Արթուր Փափազյանի (ԼՂՀ կապի հիմնադիրներից) գլխավորությամբ ռադիոկապը փոխված էր անհրաժեշտ հաճախականությամբ, հայկական կողմը լսում էր հակառակորդի ռադիոկապը:
Ազատամարտիկ Անդրանիկ Սարիբեկյանը պատմում է, որ հետախուզության ժամանակ ինքը ընկերների հետ Հադրութ էր մեկնել հասարակ հագուստով, որպեսզի չտարբերվեին տեղացիներից, գիշերներն անցկացնում էին հետախուզությունը. «Մեր մարտական ընկեր Համլետ Մարտիրոսյանի տանն էինք մնում, իսկ գիշերները հետախուզում էինք տարածքը, քնում քնապարկերում` հենց ձյան վրա»:
Նոյեմբերի 15-ին, առավոտյան ժամը 4-ին Արկադի Տեր-Թադեւոսյանը ջոկատներին հրաման տվեց սկսելու գործողությունը: Մարտը ծանր էր, ազատամարտիկների շարքերում կային վիրավորներ: Հայկական կողմի մարտիկներից մեկն անզգուշաբար կրակել էր խորհրդային զինվորների ուղղությամբ, ինչի հետեւանքով փոխադարձ կրակ էր բացվել: Արկադի Տեր-Թադեւոսյանի տեղակալ Աշոտ Խաչատրյանի խոսքով` իրենք ստիպված էին դադարեցնել գործողությունը եւ բանակցել խորհրդային կողմի հետ: Շուրջ քսան րոպե բանակցություններից հետո մարտը վերսկսվեց: Անդրանիկ Սարիբեկյանը հիշում է, որ իրավիճակը փոխվեց հօգուտ հայկական կողմի այն բանից հետո, երբ ինքը հրանոթից կրակեց հեռուստաաշտարակի պատուհանի մեջ:
Զգալով պարտության վտանգը` ադրբեջանցիները կապվել էին Ջաբրաիլ եւ օգնություն խնդրել յուրայիններից, ինչպես նաեւ դիմել էին խորհրդային հրամանատարությանը: «Եթե օգնությունը հասներ տեղ, գործողությունը կտապալվեր, որովհետեւ մենք չունեինք ռազմամթերք, որոշեցինք հեռուստաաշտարակում գտնվող ադրբեջանցիներին առանց զենքի հանձնել խորհրդային կողմին»,- նշում է Արկադի Տեր-Թադեւոսյանը:
Շրջափակված զինվորներին հանձնելուց հետո՝ հայկական կողմը մտավ հեռուստաաշտարակ: Ներսում բավականին մեծ քանակությամբ ռազմամթերք կար, որ թողել էին ադրբեջանցիները, ճաշարանում սնունդ էր մնացել. «Պատերին փակցված էին ճաշացանկը եւ այլ գրություններ, որոնցից տարբերվում էր մեկը` «իՊպրՖ ոօս ԺՋՈոՐՈՌսՖրՍՌռ ԿԾԿծ Ռ ՁՌչՐ-2», հետո, երբ տեսա այդ վագրերի վիճակը` արյունոտ ընկած… »:
Ցավոք, գործողության ժամանակ հայկական կողմն ունեցավ 4 սպանված եւ 21 վիրավոր: Այնուամենայնիվ, Սարինշենի հեռուստաաշտարակի ազատագրումը կարեւոր դեր խաղաց, քանի որ կանխվեց Հադրութի շրջակա գյուղերի հայաթափումը, խորհրդային եւ ադրբեջանական իշխանությունները սկսեցին հաշվի նստել կազմավորվող Արցախի ինքնապաշտպանական ուժերի հետ, հայ կամավորական ջոկատներն ավելի մեծ ոգեւորությամբ սկսեցին պատրաստվել հաջորդող գործողություններին:
ԱՆՈՒՇ
ԱՄԻՐԲԵԿՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.11..2015