Քիչ առաջ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԱԺ-ում 2016-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ դեւի մասին մի պատմություն պատմեց. «Մենք այս ընդունվող փաստաթղթից որեւիցե դրական ակնկալիք չունենք: Հանրաքվեին ամբողջ ՀՀ-ն ենթարկվելու է ցնցումների: Դա դավաճանություն է՝ հայ ժողովրդի նկատմամբ: Դեռ դրան էլ գումարվել է մի՝ այսպես կոչված շոու, որը հեռուստացույցով են ցույց տալիս, որը կրկես է իրենից ենթադրում: Այն պետական այրերը, որոնք պետք է պատասխանատվություն կրեն օրենքների իրագործման համար, մեր պետությունը թատրոնի են վերածել: Եվ թատրոնի ռեժիսորը՝ Սերժ Սարգսյանը, շոուներով փորձում է այդ թատրոնը կյանքի կոչել: Այնպես է ուզում անել, որ հենց թատրոնը ավարտվի՝ ունկնդիրներ չլինեն դահլիճում:
Ես էլ մի պատմություն պատմեմ, որը նույնպես շոուի ժանրից է: Դեւը բռնում է Սարգսյան 3 եղբայրներին՝ ասելու, թե որն է ճիշտ՝ այո՞ ասել քվեարկությանը, թե՞ ոչ-ը: Կանչում է Սերժին, ասում է՝ դե հիմա ասա, որն է ճիշտ: Երեք եղբայրներով քննարկում են,ասում են՝ դու ես նախաձեռնել, գնա ասա այո: Դեւին ասում է՝ այո-ն է ճիշտը, դեւը կուլ է տալիս Սերժին: Մյուս եղբայրները խորհրդակցում են, երկրորդ եղբորն ասում են՝ դե գնա ոչ ասա, էլի, ոչ պետք է ասենք, որ մեզ կուլ չտա: Գնում ասում է՝ ոչ, նորից է կուլ տալիս: Մնում է Լեւոնը: Ասում է՝ մենակ ճիշտն ասա, դեւ, որն է ճիշտը: Ասում է՝ ճիշտը մեկն է՝ ձեզանից ազատվելը եւ Լեւոնին էլ է կուլ տալիս»:
Մինչ Զարուհի Փոստանջյանը պատմում էր դեւի մասին այս պատմությունը, նիստը վարող Հերմինե Նաղդալյանը մի քանի անգամ փորձեց միջամտել՝ տիկին Փոստանջյան, տիկին Փոստանջյան, Զարուհի՛, հետո անցավ Զառայի. «Զառա՛ ջան, մենք 3 օր այստեղ առարկայական քննարկում ենք անում, ինչի՞ ես էս թատրոնը կազմակերպել»:
Զարուհի Փոստանջյանը շարունակեց իր ելույթը. «Ըմբոստանանք եւ կուլ տանք սրանց, ուրիշ ոչինչ մեզ չի մնացել: Ստանձնենք դեւի պարտականությունը եւ կուլ տանք: Իրենք են նշանակել օրը՝ դեկտեմբերի 6-ը: Դեկտեմբերի 1-ից սկսենք կուլ տալու գործընթացը: Եթե կուլ չտանք, իրենք են մեզ կուլ տալու, Սերժը իր եղբայրների հետ ամեն օր մեզ, մեր ռեսոուրսը, մեր ունեցվածքը կուլ է տալու»:
Կարդացեք նաև
Հերմինե Նաղդալյանը Զարուհի Փոստանջյանի ելույթից հետո արձագանքեց. «Ձեր կոչերով էս ժողովուրդը ոչ դեւ է դառնալու, ոչ էլ դեւի գործընթաց է անելու: Թե դուք դեւ եք, էդ ուրիշ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ