Լրահոս
Օրվա լրահոսը

1 մլրդ դրամը Գալուստ Սահակյանը «խղճուկ գումար» է համարում

Նոյեմբեր 18,2015 15:50

Երեկ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի քննադատությանը` ծառայողական ավտոմեքենաների հետ կապված, ասել էր, որ ինքն էլ ցանկություն ունի եվրոպական երկրների պաշտոնյաների նման հեծանիվով երթևեկել, բայց չի կարող դա անել`հաշվի առնելով Հայաստանի իրականությունը: Այսօր լրագրողների հետ զրույցում, ԱԺ նախագահը մանրամասնեց, թե ինչպիսին է մեր իրականությունը, որը նրան թույլ չի տալիս հեծանիվով երթեւեկել:

«Մեր իրականությունն այնպիսին է, որ մենք պատերազմող երկիր ենք, քաղաքական դաշտը դեռևս սևի ու սպիտակի է վերածված, անընդհատ կռվի սովոր մի դաշտ է ստեղծվել: Բացի դրանից, հլա դուք պատկերացնո՞ւմ եք, պետական չինովնիկը մեքենա չունենա և օրվա մեջ 30 տեղ պիտի գնա: Էդ ո՞ւմ հաշվին պիտի գնա, ուրեմն փոխհատուցում պիտի տան»,- ասաց նա`հավելելով, որ եթե Նիկոլ Փաշինյանը օրինակ է բերում Դանիայի փորձը, պետք է նկատի ունենա, որ Դանիայի պաշտոնյաները տասը հազար եվրո աշխատավարձ են ստանում, մի քանի սեփական մեքենաներ ունեն: Գալուստ Սահակյանը նաեւ պատկերավոր համեմատություն արեց. «Դանիայի երկու մեքենան արժեն մեր ամբողջ Ազգային ժողովի քիչ թե շատ քշվող մեքենաները»:

Ելնելով Գալուստ Սահակյանի արտահայտած մտահոգություններից, լրագրողներից մեկը հետաքրքրվեց` ո՞ր ընդդիմադիր գործիչներն են իր կյանքի համար վտանգ ներկայացնում: «Արդեն խառնվել են իրար, որն է ընդդիմադիր, որն է ընդդիմություն: Դաշնակցությունն ընդդիմադիր է, «Բարգավաճն» ընդդիմադիր է, պարզապես այս մի՝ սահմանադրական փոփոխությունների հարցով, քանի որ իրենք են հեղինակը, համագործակցում են մեր հետ: Ինձ համար վտանգավոր չէ որևէ ընդդիմություն, ես երեկոները ոտքով էլ եմ շրջում, վազքուղում էլ եմ լինում, այնպես որ, դրա վախն ու կարիքը չունեմ»,- ասաց նա`հորդորելով, թեման չշահարկել: Բայց քանի որ այդ թեման, այնուհանդերձ, հետաքրքրություն է ներկայացնում, ԱԺ նախագահը եզրակացնում է. «Քննադատելի ոլորտներ չկան, մանրուքների հետևից են ընկել: Էդ որ ասում են՝ հազար այսքան մեքենաներ, էդ բոլորը պահպանման ծախսերով, բանով ամբողջ պետության վրա մի խղճուկ գումար է նստում՝ 1 մլրդ դրամ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30