«Ես չեմ կարծում, որ նման բան կա»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն`անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին` հակադարձելով Aravot.am-ի դիտարկմանն այն մասին, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին բավական քիչ ժամանակ է մնացել, բայց Ռոբերտ Քոչարյանը կրկին բարձրաձայնել է իր բացասական մոտեցումը այս առիթով: Ռոբերտ Քոչարյանը մասնավորապես ասել է. «…ստեղծվում է մի Սահմանադրություն, որով սահմանադրորեն երաշխավորվում է որևէ մեկ կուսակցության խորհրդարանական մեծամասնությունը»:
«Դա հնարավորություն է տալիս, որ հենց մեկ կուսակցություն չլինի: Այդ մեղադրանքը ընդունելի չէ նաեւ նրա համար, որովհետեւ, ՀՀԿ-ն, ինչքան եղել է քաղաքական մեծամասնություն, աջակից է եղել որպեսզի քաղաքական մյուս ուժերն էլ մասնակից դառնալ պետության շինարարության գործընթացներում»,- ասաց Գալուստ Սահակյանը:
Լրագրողներից մեկը նկատեց, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն մի տեսակ պասիվ է: Գալուստ Սահակյանը քար նետեց ընդդիմադիրների բոստանը. «Երբեմն-երբեմն էլ ասում են, որ Սահմանադրությունից ժողովուրդը տեղյակ չէ. կարծես թե 2005 թվականի Սահմանադրությունը, որը արդեն տասը տարի գործում է, ժողովուրդը ամբողջությամբ դրել կարդացել է, էս մեկից էլ տեղյակ չի»:
Այլ մանրամասները`տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ