Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատյանն առաջարկում է 40 ընտանիքի՝ մարդ ու կին զինել (Տեսանյութ)

Նոյեմբեր 18,2015 15:07

Այսօր ԱԺ-ում 2016-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության Հրանտ Բագրատյանն ասաց, որ տնտեսությունը «աճեցնելու» համար հստակ քայլեր են պետք, քաղաքականություն է պետք. «Նախորդ կառավարությունը չէր հասկանում, նախորդ կառավարությունը չուներ քաղաքականություն: Ասում էր մակրոտնտեսական ստաբիլիզացիա: Բայց դա միջավայրն է, ասենք, բաղնիքի ջերմաստիճանը պետք է լինի 30 աստիճան, բայց բաղնիքում լողանալու համար նաեւ տաք ջուր է պետք, հասկանո՞ւմ եք: Խնդիրը տաք ջուրն է ու լողանալն է: Դուք չեք լսում: Արտեմ Ասատրյանը վեր է կենում, ասում է՝ ինվալիդներին էսքան կալյասկա կտանք, է էդ է՞լ չանեք: Դա քաղաքականություն չի»:

Հետո նա դիտողություն արեց երկրորդ եւ երրորդ նախագահներին, որ վերականգնողական աճը սպառվել է, իսկ միակ ռեֆորմներն այդ ուղղությամբ արվել են 90-ականներին. «Էսօր դուք կարող եք ինձ ասել՝ ա՛յ Բագրատյան, ի՞նչ վերականգնողական աճ, մենք փող չունենք աշխատավարձ տալու: Լսեք, փող ունեցողը չի խնայում, սկսում են խնայել, երբ որ փող չունեն: Մենք ձեզ ասում ենք բերեք 100-200 մլրդ փող, դրեք երկու-երեք կլաստեր, ասեք՝ սա զարգացնում ենք, ասեք՝ արի, վրեն դիր փողը, որ ավելանա: Այս ճանապարհը եթե չանեք, ոչինչ չի ստացվելու, կամ կաճենք, կամ չենք աճի: Բացատրությունում էլ կասենք՝ կամ աշխարհը նպաստեց մեր աճին, կամ չնպաստեց: Բան ենք ասում, չի մտնում, ա՛յ մարդ: Մի հատ հիմնադրամ դնեիք, ասեիք՝ ժողովուրդ, ձեզ հրավիրում ենք խնայողության, գիտենք աղքատ ես, թոշակդ քիչ ա, արի հազար դրամ ներդրում ունեցի, ես քեզ 5 տոկոս եկամտաբերության գարանտիա եմ տալիս: Ձեր ներդրումներն էլ են մոնոպոլիզացվել, որևէ օլիգարխի անվան հետ են կապված, ասում եք՝ ախպերս եկավ, ներդրում արեց: Բայց դա աղքատ գյուղացին պիտի ներդնի:

Երեկ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն ասել էր, որ բյուջեում փող կա՝ 75 մլրդ դրամ: Չնայած նա ԱԺ-ում չէր, բայց Հրանտ Բագրատյանը «հետեւից խոսել կա» սկզբունքով քննադատեց նաեւ նրան. «Ախպե՛ր բյուջեում պիտի փողը լինի 0: Մենք փողը որ ունենք, ԿԲ պահուստն ա, բյուջեն եթե իդեալական է աշխատում, եկավ փողը՝ պետք է ծախսի, խի՞ ա պահում: Սա ի՞նչ ասելու բան է: Նրան մի բան էլ ասեք՝ հաճախ վեր է կենում ու ասում է՝ 2015-ին եկամուտներն ավելի արագ են աճել, քան գները: Այդպես չէ, եկամուտների աճի մեջ կուտակայինը մտցրած է: Սխալ է մտցնելը: Վիճվարչությունն ասում է՝ լավ եմ արել, մտցրել եմ: Բայց դա ծախս է, ոչ թե եկամուտ, դրա համար ստացվել է, որ պիտի իբր թե 10 տոկոս աշխատավարձը աճի, որը չի աճել ու 5 տոկոս գները: Բացատրեք իրեն, որ մյուս անգամ էս բաները չասի»:

Հետո Հրանտ Բագրատյանը հորդորեց իր առաջարկը լսել եւ սահմանամերձ բնակավայրերում բնակիչներին զինել ու աշխատավարձ տալ. «Դուք վախում եք մի երկու մարդու զե՞նք տալ: Առաջարկում եմ 40 բնակարան տղամարդ ու կին զինել: 6 մլրդ-ի ծախս է: Ամեն գյուղում թող բանակի հետ մարդիկ կանգնեն, հաճույքով կգնան դրան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30