Ինչպես Aravot.am-ին պատմեցին մի քանի ուսանողներ, երեկ Գյումրու նոր վերանորոգված երիտասարդական պալատում, որտեղ հրավիրել էին Գյումրու բոլոր բուհերի ուսանողներին՝ քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ հանդիպման ու պատվոգրեր ստանալու, սկսվել է «Այո»-ի թաքուն քարոզարշավ:
Ուսանողներից մեկը քաղաքապետից կարծիք է հարցրել սահմանադրական փոփոխությունների շուրջ, որն էլ առիթ է հանդիսացել քաղաքապետի՝ «Այո»-ի քարոզարշավին: Քաղաքապետն ասել է, որ 2005 թվականի սահմանադրական փոփոխություններին ինքը եւս գործուն մասնակցություն է ունեցել: «Հասկանալի է՝ ազատ ֆորմատ է. նման հարց, հատկապես այս օրերին, կարող է հնչել, քաղաքապետն էլ բնականաբար իրավունք ունի իր կարծիքը հայտնել երիտասարդությանը, բայց երբ քաղաքապետարանի երկու աշխատակից կանայք, մտնելով ուսանողների շարքերը, ուղղորդում, ժեստերով ուսանողներին հասկացնում են, թե պրծի, գնա հարցը տուր ու պարզվում է հարցը «Այո»-ի քարոզարշավն իրականացնելու համար է, սա անկեղծ չէ: Իսկ ամենատհաճն այն է, որ այդ նույն կանայք զարմանում են, երբ իրենց նախատեսած անձանցից բացի, ինչ-որ մեկը հանդգնում է բարձրանալ ու հարց հնչեցնել քաղաքապետին», -ասաց ուսանողներից մեկը:
Ուսանողները նաեւ դժգոհեցին, որ երիտասարդական պալատում բավական ցուրտ էր, թեեւ իրենց պարզաբանել են, որ շենքը նոր է վերանորոգված, դեռ շահագործման հանձնված չէ ու պատճառը դա է:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ Գյումրու քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից: