Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի այցերը Երեւանի դպրոցներ

Նոյեմբեր 18,2015 13:26

Նոյեմբերի 17-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը շարունակել է այցերը Երեւանի ավագ դպրոցներ՝ ռազմահայրենասիրական դաստիարակության եւ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդման ուղղությամբ տարվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով:

Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն այցելել է Երեւանի Գեւորգ Էմինի անվան համար 182 ավագ դպրոց, որտեղ դպրոցի տնօրենի եւ զինղեկի ուղեկցությամբ կատարել է շրջայց՝ ծանոթանալով «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասարանային պայմաններին եւ նախազորակոչային պատրաստության նյութատեխնիկական բազային: Այնուհետեւ Կորյուն Նահապետյանը հանդիպել է 10-րդ եւ 11-րդ դասարանցիների հետ, քննարկել «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդմանն ու զինվորական ծառայությանն առնչվող հարցեր: Հանձնաժողովի նախագահը պատասխանել է նաեւ ուսուցիչների եւ աշակերտների հարցերին, որոնք վերաբերում էին հայոց բանակին, զինվորների ֆիզիկական պատրաստվածությանը, զինվորական ծառայության օրենսդրական կարգավորումներին, սպա-զինվոր հարաբերություններին, Հայաստանի եւ միջազգային անվտանգության մարտահրավերներին:

Նույն օրը հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանն այցելել է Երեւանի Մանուել Քաջունու անվան համար 54 ավագ դպրոց:

Թեւան Պողոսյանը նախ հանդիպել է դպրոցի տնօրենի հետ, քննարկել «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդմանն առնչվող խնդիրներ, որից հետո ծանոթացել ՆԶՊ առարկայի դասասենյակի պայմաններին, կահավորմանը, ուսումնաօժանդակ նյութերին: Զրույցի ընթացքում դպրոցի տնօրենն ու զինղեկը բարձրացրել են ՆԶՊ առարկայի ժամաքանակի ավելացման, վարժասարքերի եւ հրաձգարանի ստեղծման հարցերը: Քննարկվել են ռազմական արվեստի տիրապետման դասն առավել հետաքրքիր դարձնելուն ուղղված ճանաչողական խաղերի կազմակերպմանը, զինղեկի՝ մանկավարժական հմտություններին տիրապետելու կարեւորությանը վերաբերող հարցեր:

Այնուհետեւ դպրոցի դահլիճում կայացել է հանդիպում աշակերտների հետ: Թեւան Պողոսյանը նշել է, որ այցի նպատակն է տեղում ծանոթանալ ՆԶՊ առարկայի դասավանդմանն ու ռազմահայրենասիրական դաստիարակությանն առնչվող հարցերին: Ծավալված անկաշկանդ զրույցի ընթացքում ԱԺ պատգամավորը հարց ու պատասխանի միջոցով փորձել է հասկանալ աշակերտներին հուզող հարցերի շրջանակը, անդրադարձ է կատարվել ազգային-ազատագրական պայքարին առնչվող թեմայի յուրացման ընթացքում ռազմական գործողությունների ներկայացման եւ գործնական պարապմունքների կազմակերպման կարեւորությանը, աշակերտների՝ զորամասեր այցելելու խնդրին, արտակարգ իրավիճակների կառավարման եւ առաջին բուժօգնության դասընթացների կազմակերպմանը եւ այլ հարցերի:

Հանդիպման ավարտին Թեւան Պողոսյանն աշակերտներին հորդորել է նպատակասլաց եւ սկզբունքային լինել, արդյունավետ օգտագործել ուսումնառության տարիներն ու լավ սովորել:

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30