Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյան. «Արդարացված չէ նման ծանր վիճակում պետական ապարատի ծախսերի ավելացումը»

Նոյեմբեր 18,2015 13:07

2016թ. պետական բյուջեի նախագիծն ուսումնասիրելիս առաջանում է հակասական տպավորություն: Մի կողմից պետական բյուջեի առաջարկվող նախագիծը կարելի է անվանել սոցիալական, քանի որ նախատեսվող ծախսերի շուրջ 45 տոկոսն ուղղվելու է սոցիալական ոլորտին`աշխատավարձերին, նպաստներին, ինչպես նաև կրթամշակութային բնագավառի ծախսերին: Ընդհանուր առմամբ, սոցիալական ծախսերը ընթացիկ տարվա համեմատությամբ ավելացվելու են մոտ 4 տոկոսով:

Մյուս կողմից, որակապես դրանից շատ բան չի փոխվելու. չեն բարձրանալու աշխատավարձերը, կենսաթոշակները, չեն բացվելու բավարար չափով նոր աշխատատեղեր:  Այսինքն` սոցիալական ոլորտին ուղղված գումարները միտված են միայն ներկա վիճակի պահպանմանը և զարգացման միտում չեն պարունակում: Ավելին` գալիք տարվա պետական բյուջեն լինելու է ավելի փոքր, քան այս տարվանը: Մասնավորապես եթե 2015թ. բյուջեն կազմում էր մոտ 2 միլիարդ 482  միլիոն դոլար,ապա 2016թ. պետական բյուջեն կազմելու է  մոտ երկու միլիարդ 464 միլիոն դոլար: Այսինքն` պետական բյուջեն փոքրացել է շուրջ 18 միլիոն դոլարով:

Հաշվի առնելով դոլարի փոխարժեքի հնարավոր բարձրացման մասին փորձագետների կանխատեսումները` դոլարային հաշվարկմամբ բյուջեի ընդհանուր գումարը կարող է էլ ավելի պակասել: Դա նշանակում է, որ նույն սոցիալական ոլորտի ծախսերը պահպանվել են մոտավորապես այս տարվա մակարդակին` ի հաշիվ այլ ոլորտներին տրվող գումարների: Իրականում սոցիալական ծախսերի 45 տոկոս չափը պայմանավորված է բյուջեի փոքրացմամբ, այլ ոչ թե ծախսերի իրական աճով: Ըստ էության այս բյուջեն գոյատևման և գոտիներն ամուր ձգելու բյուջե է: Այն կարող էր սոցիալական դիտարկվել, եթե հաշվի առնվեին  սպասվելիք գնաճը, համապատասխանաբար բարձրացվեին աշխատավարձերն ու թոշակները,  կացարաններ և պարզ տնտեսական միավորներ ստեղծվեին բազմահազար մուրացիկների համար, որտեղ նրանք կկարողանային ոչ բարդ և մասնագիտական որակավորում չպահանջող աշխատանքով ապրուստի միջոց վաստակել,  եթե լուծումներ առաջարկվեին հաշմանդամների սոցիալական, աշխատանքային և կրթական խնդիրներին,  եթե հստակ ծրագիր ներկայացվեր աղքատության կրճատման ուղղությամբ, հատկապես աղետու գոտում

Ներկա տնտեսական վիճակը և գալիք զարգացումների կանխատեսումները ոգևորիչ  չեն, ինչը հիմնավորվում է  բյուջեի նախագծով: Մասնավորապես 2015 թվականին արձանագրվել է սպառման ծավալների 0.6 տոկոս անկում, ինչը տնտեսական անկման ուղիղ ցուցանիշ է: Սրան գումարած՝ շուրջ 4 տոկոս գնաճի կանխատեսումը: Հետևաբար բնակչության գնողունակության բարելավման ուղղությամբ կատարվող քայլերը բավարար չեն, ավելին` գալիք տարի փաստացի ժողովուրդը 4 տոկոսով ավելի վատ է ապրելու: Պետական բյուջեի ընդհանուր դրամական և դոլարային նվազման պատճառը նաև հարկահավաքման խնդիրներն են, և պատահական չէ, որ 2016թ. բյուջեի նախագծով նախատեսվել է հարկային եկամուտների նվազում շուրջ 8 ու կես միլիարդ դրամով:

Բնականաբար մենք գիտակցում ենք, որ տնտեսական և հարկաբյուջետային խնդիրներն այսօր չեն առաջացել, և գործադիրը ստիպված է արձագանքել և ուղիներ փնտրել տարիների ընթացքում կուտակված բազմազան և խորքային արատներից և պրոբլեմներից ձերբազատվելու ուղղությամբ:  Սակայն հարկ է արձանագրել, որ Հայաստանը զարգացման որակապես նոր վիճակի բերելու ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը բավարար չեն:

Կառավարության աշխատանքը պետք է ուղղվի փոքր և միջին բիզնեսի  համար բարենպաստ հարկային և ֆինանսավարկային պայմանների ստեղծմանը: Նույնիսկ ամենազարգացած երկրներում, որտեղ գործում են հսկայական տնտեսական ընկերություններ, ՀՆԱ-ի 65-70 տոկոսն ապահովվում է փոքր և միջին ձեռներեցության գործունեությունից:

Մեզ մոտ տնտեսության ճյուղերի մեծ մասում մի խումբ անձինք և ընկերություններ ունեն մենաշնորհային կամ գերակա դիրք, լայն սպառման ապրանքների մեծ մասի դեպքում առկա է քվոտավորված ներկրում, ինչը մրցակցությունից դուրս է թողնում հազարավոր ՓՄՁ-ների: Պատահական չէ, որ պաշտոնական տվյալներով, ընթացիկ տարում Հայաստանում փակվել է 13.000-ից ավելի ձեռնարկություն, որոնց մեծ մասը պատկանում է փոքր և միջին ձեռնարկատերերին:

Այս ոլորտի փլուզումը կանխելու համար անհրաժեշտ է իրական պայքար մղել մենաշնորհների դեմ և նոր շունչ հաղորդել փոքր և միջին ձեռնարկատիրությանը: Որպես 1-ին քայլ, ինչը հավելյալ ծախսեր չի պահանջում, կառավարությունը պետք է վերացնի մենաշնորհները ներկրվող ապրանքների նկատմամբ: Արդյունքում կառաջանա առողջ մրցակցություն, և որպես արդյունք կիջնեն նաև ապրանքների գները:

Կառավարության կողմից արդյունավետ քայլ կլինի նաև ՓՄՁ-ներին 3 տարով հարկերից ազատելը և նրանց համար արտոնյալ վարկային պայմաններ ստեղծելը: Իսկ հարկման բացը կարելի է լրացնել ներկրող մոնոպոլիստների հարկման ուժեղացմամբ, և վստահ եմ, որ նրանք անկախ հարկերի ծավալից չեն հրաժարվի իրենց մենաշնորհային արտոնություններից:

Այլ տարբերակ չկա: Մենաշնորհների հարցում կառավարությունը պետք է գնա ոչ պոպուլյար և ռադիկալ քայլերի, որտեղ չի լինի ,,մերոնք և մնացածը,, տրամաբանությունը:

Մտահոգիչ է նաև տնտեսության ստվերայնության բարձր աստիճանը: Ըստ պաշտոնական տվյալների` ստվերը կազմում է Հայաստանի տնտեսության 30-35 տոկոսը: Իրական պատկերը ավելի վատն է: Պատկերացնենք` ինչ կլիներ, եթե ստվերային տնտեսության ծավալն իջներ գոնե 10 տոկոսով. Հայաստանի բյուջեն այսօր մեծ կլիներ մոտ 225 միլիոն դոլարով:

Պետական բյուջեի նախագծով վերստին շեշտը դրվում է գյուղատնտեսության և հանքահումքային արդյունաբերության վրա, ինչպես նաև բյուջեն համալրելու գործում մեծ դեր է վերապահվել արտերկրից ուղարկվող տրանսֆերտներին:

Նախ գյուղատնտեսության մասին: Գյուղատնտեսությունը չի կարող հուսալի տնտեսական աճ ապահովող ոլորտ դիտարկվել,  քանզի այն մեծապես կախված է բնակլիմայական և եղանակային պայմաններից:

Տնտեսության իրական աճ չի ապահովում նաև հանքահումքային արդյունաբերությունը, քանզի արտահանվում է միայն հումք, իսկ վերջնական արդյունքը ստեղծվում է այլ երկրներում և այդպիսով մեր բնական պաշարներից ստացվող եկամտի առյուծի բաժինը հասնում են օտարերկրյա տնտեսվարողներին: Կայուն չեն նաև հանքահումքի միջազգային գները, և չի կարելի դրանցով ապահովել եկամուտների հարատև աճը:

Ակնհայտ է, որ Ռուսաստանում և ընդհանրապես աշխարհում տեղի ունեցող տնտեսա-քաղաքական պրոցեսների արդյունքում նվազում են նաև տրանսֆերտները, հետևաբար կառավարությունը չի կարող մեծ հույսեր կապել նաև եկամուտի այդ աղբյուրի հետ:

Անհրաժեշտ է զարկ տալ վերջնական արդյունք ստեղծող ներքին արտադրությանը, որը կապահովի և տնտեսական աճ, և աշխատատեղեր, և բյուջեի եկամուտների կայուն աճ:

Հայաստանն իրոք ունի այդ պոտենցիալը:

Կառավարության նման քայլերի իրականացման դեպքում կնվազի նաև պետական պարտքի ավելացման անհրաժեշտությունը, որը մոտենում է վտանգավոր եզրագծին: Պետբյուջեի նախագծով նախատեսվում է 2016 թվականին պետական պարտքի չափը հասցնել 5 միլիարդ 565 միլիոն դոլարի, որը կկազմի Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 50 տոկոսը: Ակնհայտ է, որ պետական պարտքի այս չափ ավելացումը դժվարացնելու է դրա սպասարկումը, և երկարաժամկետ հեռանկարում Հայաստանը կարող է կանգնել դեֆոլտի առաջ: Ուստի տնտեսության հրատապ առողջացումը պետք է լինի կառավարության թիվ մեկ խնդիրը:

Արդարացված չէ նաև նման ծանր վիճակում պետական ապարատի ծախսերի ավելացումը: Մասնավորապես պետական բյուջեի նախագծով նախատեսվում է պետական մարմինների ծախսերն ավելացնել 100.7 տոկոսով:

Միայն ծառայողական ավտոմեքենաների թիվը Հայաստանում 1072 է: Համեմատության համար նշենք, որ Մեծ Բրիտանիայում պետական ապարատն ունի 510 ծառայողական մեքենա, իսկ Դանիան` ընդամենը 23: Հետևաբար ճիշտ կլիներ եթե հայրենի կառավարությունը գնար պետական ապարատի ծախսերի կրճատման:

Վերջում ցանկանում եմ նշել, որ այդուհանդերձ գործող կառավարության աշխատաոճը և տարվող քաղաքականությունը շահեկանորեն առանձնանում են իրենց թափանցիկությամբ, հրապարակայնությամբ և իրատեսությամբ: Դրական է, որ կառավարությունը բավական շիտակ ներկայացնում է երկրի իրական վիճակը՝ զերծ  մնալով պոպուլիզմից և անիրական խոստումներից: Համենայն դեպս մենք ականատես չենք լինում տնտեսության վագրային թռիչքներ խոստացող հայտարարությունների, և դա արդեն իսկ լավ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30