Ֆրանսիական ԶԼՄ-ները հաղորդում են, որ Փարիզի Սեն-Դենի թաղամասում ոստիկանության գործողությունների արդյունքում կան զոհեր: Այս տեղեկությունը փոխանցել է «BBC»-ն:
«Ֆրանս-պրես» գործակալությունը գրել է 1 զոհվածի մասին: Այլ մանրամասներ գործակալության լրահոսում առայժմ չկան:
«RTL» ռադիոկայանի տվյալներով՝ 3 հոգի զոհվել են, այդ թվում՝ մի կին, որի մարմնի վրա պայթուցիկ սարք է եղել:
«Le Monde»-ը, հղում կատարելով ոստիկանության իր աղբյուրներին, տեղեկացրել է, որ փոխհրաձգության արդյունքում 2 հոգի են մահացել:
Կարդացեք նաև
Նախնական տվյալներով՝ ոստիկանության գործողությունների նպատակն է եղել գտնել Աբդելհամիդ Աբաուդին, որը համարվում է նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած հարձակումների կազմակերպիչը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ոստիկանությունը շրջափակել է կասկածյալների տունը, որտեղ հնարավոր է մի քանի մարդ է գտնվում:
Տեղի լրագրողները «Թվիթերում» գրում են, որ դեպքի վայրում են գտնվում մեծ քանակությամբ անվտանգության ուժեր, թաղամասի վերեւում ուղղաթիռ է պտտվում:
Սեն-Դենի թաղամասում է գտնվում «Ստատ-դե-Ֆրանս» մարզադաշտը, որը նոյեմբերի 13-ի հարձակման կետերից մեկն էր:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ