Ռոզա Կարապետյանը Արմավիրի մարզի Հայթաղ գյուղից Է: Աղջիկը գրեթե տասը տարի է՝ զբաղվում է երգով: Գիտակցելով, որ երգն իր ուղին է` Ռոզան որոշել է լրջորեն զբաղվել, խորացնել տաղանդը: Առաջին նախապայմանը 17-ամյա երգչուհին համարում է կրթությունը: Երգի պետական թատրոնում սովորող Ռոզա Կարապետյանը վերջերս արժանացել է գրան –պրի մրցանակի Հայաստանում անցկացված միջազգային «Կովկաս» մրցույթում:
Aravot.am-ի հետ զրույցում երգի ասպարեզում սկսնակ Ռոզա Կարապետյանն ասաց. «Ես երգում եմ վաղ մանկությունից: Մանկապարտեզից դայակս է նկատել, որ լավ ձայն ունեմ: Դեռ նոր քայլեր եմ կատարում, և նպատակս կրթություն ստանալն էր` հաջողվեց: Որպես երգչուհի պարտավոր եմ սովորել Երգի պետական թատրոնում: Բազմաթիվ մրցույթների եմ մասնակցել, արժանանալով տարբեր հորիզոնականների, մրցանակների: Վերջինը «Կովկաս»-ն էր: Տպավորիչ ու առանձնահատուկ մրցություն էր ինձ համար, գրան-պրին` լավագույն գնահատականը»:
Արթուր Գրիգորյանի խմբում որպես մենակատար կարողանում է ծանոթանալ երգարվեստի գաղտնիքներին: «Չնայած նրան, որ գրան-պրի եմ ստացել, բայց ինձ համար կարևոր է որակյալ կրթությունը: Աստված ինձ ձայն է տվել, բայց ես պետք է զարգացնեմ, որ ավելի լավ լինի հետագայում: Արմավիրցիները դեռ կլսեն իմ մասին: Արթուր Գրիգորիչի խմբում հմտանալն էլ նորից հաղթանակ է»:
Կարդացեք նաև
Ռոզան դեռ դպրոցական է, բայց հասցրել է հաջողությունների հասնել: Իր երգելու մասին խոսում է ապագայի հանդեպ լավատեսությամբ: «Դեռ ոչինչ չեմ կարող ասել կամ խոստանալ: Մի բան հստակ է, որ ես երգում եմ, սովորում եմ և նպատակ ունեմ հասնել հաջողությունների: Թե որքանով իրականություն կդառնան նպատակներս` ժամանակը ցույց կտա: Ես ամեն ինչ կանեմ,որպեսզի ավելի լավ հաղթանակներ ու հաջողություններ ունենամ» ,-ասում է Ռոզան:
Հայկ ՄԱԳՈՅԱՆ