Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Նորակերտ, Մեծ Մասրիկ, Փոքր Մասրիկ, Սոթք, Լճավան, Ծովակ համայնքներում ավերիչ ուժի քամին զգալի վնասներ է հասցրել մասնավոր կամ հանրային նշանակության շինություններին: Ամենազգալի չափերի վնասը հասցվել է Նորակերտում, որտեղ քամին պոկել-տարել է 2 առանձնատան, 1 գոմի եւ 1 ավտոտնակի տանիք ամբողջությամբ, մասամբ`միջնակարգ դպրոցի եւ մի քանի տասնյակ շինությունների տանիքիներ, փշրել ապակիներ: Ուժեղ քամուց վնասվել են նաեւ Փոքր Մասրիկի բուժկետի եւ մանկապարտեզի , Մեծ Մասրիկի անասնապահական համալիրի եւ 1 առանձնատան, Լճավանի, Սոթքի եւ Ծովակի առանձնատների տանիքները: Էներգամատակարարման համակարգում առաջացած վթարի արդյունքում ժամեր շարունակ հոսանքազրկվել են տասնյակից ավել բնակավայրեր, որոնք վերականգնվել են 24 ժամվա ընթացքում:
Նորակերտ եւ Ծովակ գյուղերում նոյեմբերի 14-ի գիշերվա ավերիչ քամուց տուժած մարդկանց առավել ցավ է պատճառել փշրված շիրմաքարերի վիճակը: Նորակերտի դպրոցի բակում պատվանդանից տապալվել եւ փշրվել է նաեւ Արցախյան ազատամարտի հերոս Սեյրան Սարոյանի շիրմաքարը: Նորակերտում տապալվել ու ջարդվել է 8, Ծովակում` 2 շիրմաքար: Տնտեսություններին պատճառված վնասների ընդհանուր վիճակն ուսումնասիրել է Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովը, որը Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանի գլխավորությամբ նոյեմբերի 14-ի առավոտվանից աշխատել է տեղում: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հանձնաժողովի կողմից նոյեմբերի 14-ի աղետի պատճառած վնասների մասին ակտերն արդեն ներկայացրել է ՀՀ կառավարության ուշադրությանը: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի համապատասխան կարգադրությամբ, մինչեւ կառավարության կողմից սպասվելիք աջակցությունը, Գեղարքունիքի մարզպետարանի կողմից արդեն որոշակի դրամական օգնություն է հատկացվել 10 ընտանիքի` Նորակերտի եւ Ծովակի գերեզմանոցներում տապալված շիրմաքարերի վերականգման համար:Յուրաքանչյուր տուժած ընտանիքի հատկացվել է 100 հազար դրամ:
ՀՀ ՏԿԱԻՆ