1998 թվականից սկսած՝ պաշտոնական տվյալներով Հայաստանից անվերադարձ մեկնել է 366 195 մարդ
Նոյեմբերի 13-ի Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, օգտատերերից մեկի դիտարկմանն անդրադառնալով, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասել է, որ 1-ին նախագահի ղեկավարման տարիներին, պատերազմն ավարտվելուց հետո Հայաստան ներհոսք է եղել, մարդիկ վերադարձել են եւ սկսել զարգացնել տնտեսությունը. «Մեկ էլ՝ վերջին տարիներին, 2008 թվականից մինչեւ հիմա, Սերժ Սարգսյանի օրոք 350 հազար մարդ նորից թողել -գնացել է, մի բան, որ դադարել էր, Հայաստանից այդպիսի տեմպերով արտագաղթ չի եղել»:
Լրագրողի հարցին՝ «Դուք Ռոբերտ Քոչարյանի՞ օրոք էլ նկատի ունեք», պարոն Զուրաբյանն այսպես պատասխանեց, մեջբերում ենք բառացի. «Դե, անգամ Ռոբերտ Քոչարյանի օրոք էլ, բան էր, ըըը… Էնքան…բայց էդպիսի արտագաղթ չկար: Ես Ռոբերտ Քոչարյանին կարող եմ մեղադրել հազար ու մի բանի մեջ՝ այս կլանային օլիգարխիկ համակարգը ստեղծելու, Մարտի 1-ի, չգիտեմ, հազար ու մի բանի համար կարող եմ մեղադրել եւ մեղադրել ենք: Բայց իր օրոք գոնե, համենայնդեպս, հիմնական տարիներին արտագաղթ չի եղել: Իսկ Սերժ Սարգսյանի օրոք ունենք ոչնչով չպատճառաբանված արտագաղթ՝ առաջին անգամ Հայաստանից խաղաղ պայմաններում տեղի է ունենում արտագաղթ»:
Aravot.am-ը ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) հրապարակումների հիման վրա ներկայացնում է ՀՀ 2-րդ նախագահի եւ 3-րդ նախագահի ղեկավարման տարիների արտագաղթի ցուցանիշները: Թե կոնկրետ որ տարիներն են եղել Զուրաբյանի ասած՝ «Քոչարյանի ղեկավարման հիմնական տարիները», չենք կարող ասել, բայց կան տարիներ, երբ արտագաղթի թիվն իսկապես համեմատած այլ տարիների հետ, բավականին փոքր է: Հիշեցնենք, որ պարոն Քոչարյանը ՀՀ նախագահ է եղել 1998 թվականի մարտից մինչեւ 2008 թվականի ապրիլ:
Կարդացեք նաև
Ըստ ԱՎԾ-ի՝ 1998 թվին Հայաստանից մեկնողների եւ Հայաստան ժամանողների բացասական սալդոն, այսինքն՝ աարտագաղթը, եղել է 24 400 մարդ: 1999-ին՝ 7 200 մարդ, 2000-ին՝ մեր երկրից գնացել եւ չի վերադարձել 25 700 մարդ, ինչը 3 անգամ գերազանցում է 1999 թվականի ցուցանիշը: 2001-ին ՀՀ-ից արտագաղթել է 25 000 մարդ, 2002 թվականին՝ 3000 մարդ: 2003-ին՝ արտագաղթել է 7 900 մարդ, 2004-ին՝ 8 200 մարդ: 2005-ին՝ 7 700 մարդ, 2006-ին՝ մեր երկրից հեռացել է՝ 22 000: 2007-ին՝ 3000 մարդ: Քոչարյանի ղեկավարման 10 տարիների ընթացքում, ըստ ԱՎԾ-ի, Հայաստանից արտագաղթել է 134 100 մարդ:
Նկատենք, որ 2008 թվականին նախագահի ընտրությունները փետրվար ամսին էին, Սերժ Սարգսյանը ստանձնել է ՀՀ նախագահի պաշտոնը ապրիլի 9-ին:
2008 թվականին, կրկին ԱՎԾ-ի հրապարակած տվյալների, Հայաստանից գնացել եւ չի վերադարձել 23 100 մարդ: Հաջորդ տարիներին արտագաղթի տեմպերն աճել են մեծ արագությամբ: Ըստ վիճծառայության հրապարակումների՝ Հայաստանի ուղեւորափոխադրումների հաշվեկշիռը՝ ժամանումների եւ մեկնումների տարբերությունը 2009-ի հունվար-դեկտեմբերին կազմել է -25 հազար: Այսինքն՝ 2009-ին Հայաստանից մեկնել եւ չի վերադարձել 25 հազար մարդ: 2010-ի արտագաղթի ցուցանիշը՝ 29 900 է եղել, 2011-ին՝ 43 800, 2012-ին՝ 37 960: 2013-ին Հայաստանից 31 200 մարդ է արտագաղթել: 2014-ին մեր երկրից արգաղթել է 41 135 մարդ:
Վերը նշված թվերը ամփոփելով, նշենք, որ 2008 թվականից մինչեւ 2014 թվականը ՀՀ-ից արտագաղթել է 232 հազար 95 մարդ:
Իսկ 2015 թվականի հունվար-սեպտեմբերի ամիսներին, ինչպես ներկայացված է վիճծառայության կայքում, Հայաստանից մեկնել եւ դեռ չի վերադարձել 91 400 մարդ: Այս թիվը չենք կարող որպես վերջնական արտագաղթի ցուցանիշ ներկայացնել, քանի որ տարին դեռ չի ավարտվել, եւ ենթադրվում է, որ 91 400 մեկնածներից մի մասը պիտի որ վերադառնա Հայաստան, հաշվի առնելով, որ մեկնողների մեծ մասը, ինչպես մշտապես նշվում է, արտագնա աշխատանքի մեկնածներն են: Ուստի 2015 թվականի արտագաղթի, կամ մեկնած եւ չվերադարձածների ցուցանիշը պարզ կլինի միայն տարին ամփոփելուց հետո:
Այսպիսով՝ Ռոբերտ Քոչարյանի 10 տարիների նախագահության օրոք պաշտոնական տվյալներով՝ Հայաստանից արտագաղթել է 134 100 մարդ, Սերժ Սարգսյանի նախագահության 7 տարիներին արտագաղթել է 232 095 մարդ: Ընդհանուր առմամբ՝ 17 տարիների ընթացքում Հայաստանը լքել է 366 195 մարդ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Տպաւորիչ յօդուած է: Լուրջ, արհեստավարժ լրագրութիւն:
Մի յաւելեալ, կարեւոր տուեալ կայ սակայն,
միեւնոյն նիւթին վերաբերեալ (այսինքն՝ Հայաստանի/Արցախի բնակչութեան թիւի ծանր խնդիրը)՝
տեղի չունեցաւ նաեւ Սփիւռքից նշանակալից հայրենադարձութիւն:
Այդ կէտի կապակցութեամբ,
առաջին պատասխանատուն «առաջին նախագահն» է,
որ ճակատ բացաւ Սփիւռքի հիմնական կազմակերպութիւններից մէկի դէմ,
եւ ձեւով մը Հայութեան ազգային «թափը կտրեց», Վերանկախութեան ամէնակարեւոր ժամանակամիջոցին, նախնական հանգրուանին:
Բայց միակ պատասխանատուն ան չէ անշուշտ, որովհետեւ յաջորդող վարչակարգը (երկու յաջորդող նախագահներու ղեկավարութեամբ) չկարողացաւ երկիրը այնպիսի վիճակի մը հասցնել, որ տրամաբանական լինի դուրսի հայերի համար լքել ամէն բան եւ տեղափոխուիլ Մայր Հայրենիք:
Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա
https://www.shoushisummercamp.org/