Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա քաղաքական մեծամասնությունը ինչ ուզում՝ անում է»

Նոյեմբեր 18,2015 14:30

ՀՀԿ-ական Մանվել Բադեյանի խոստովանությունները

– Հետեւո՞ւմ եք սահմանադրական բարեփոխումների «այո»-ի եւ «ոչ»-ի քարոզարշավին` հեռուստաշոուի տեսքով: Ի՞նչ տպավորություն եք ստացել: Հնարավո՞ր է՝ Դուք էլ մասնակցեք դրան:

– Հնարավոր է: Բայց որ ասեմ հատուկ հետեւում եմ այդ շոուին՝ չէ, որովհետեւ ես այլ ձեւի քարոզարշավի եմ մասնակցում: Մարդկանց հետ շփվում եմ տարբեր ֆորմատով, իրենց մոտ առաջացած հարցերին փորձում եմ պատասխանել:

– Հեռուստաշոուի ընթացքում ակնհայտ դարձավ, որ մարդիկ բավական խիստ եւ քննադատաբար են վերաբերվում ՀՀԿ-ին: Սա ցուցիչ չէ՞ մինչեւ հիմա հանրապետականների հնչեցրած բոլոր պնդումների դեմ, թե հանրությունը, ընտրողները դրական են վերաբերվում իշխող ուժին, վստահում են, ձայն են տալիս:

– Ոչ, ցուցիչ չի, որովհետեւ ձեր դիտարկումները հատվածային, կետային են, ռեպրեզենտատիվ տիրույթում չեն: Դրա համար այդպիսի հետեւություններ անելը վաղաժամ է: Հետեւությունները կարվեն, երբ հանրաքվեն կավարտվի, ու կտեսնենք` ՀՀԿ-ն ունի՞ վստահություն, թե՞ չունի: Դրանք սոսկ ձեր տպավորություններն են` սուբյեկտիվ, որեւէ կերպ չարդարացված:

– Ընդդիմադիր գործիչները ահազանգեր են հնչեցնում, որ ՀՀԿ-ն սկսել է ադմինիստրատիվ ռեսուրս կիրառել` ուսուցիչներ, բժիշկներ, մարզպետարաններ, գյուղապետարաններ:
– Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում այդ ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործումը: Եթե քվեարկությունը փակ եւ գաղտնի է, ու դրանով է ապահովվում ցանկացածի ազատ կարծիքի դրսեւորումը, ի՞նչ կապ ունի, երբ ուսուցիչը կարող է «այո» կամ «ոչ» ասել: Դա իր կարծիքն է, նա էլ իրավունք ունի իր կարծիքն արտահայտելու: Բայց այն, որ կարծում եք, թե ստիպողական ազդեցություն կարող ենք ունենալ որեւէ մարդու վրա, նշանակում է՝ այդ մարդուն ի սկզբանե մեղադրում եք ստրկամտության մեջ: Ժողովուրդն այդպիսին չէ:

– Մինչեւ հիմա տարբեր օրինակներ ունեցել ենք, երբ մարզպետը, գյուղապետը կամ որեւէ հիմնարկի ղեկավար հավաքում է իր ենթականերին ու իրազեկում` այս հարցն այս կարգով պետք է լուծվի, որեւէ մեկն էլ չհամարձակվի ընդդիմանալ: Ընդդիմանալու հազվագյուտ օրինակներ կան, արդյունքում տվյալ մարդիկ կորցրել են աշխատանքը:
– Իսկ դա ո՞նց է վերահսկվում, երբ ընտրությունը փակ-գաղտնի է: Օրինակ՝ ես ձեր դպրոցի տնօրենն եմ, ձեզ էլ հանձնարարեցի: Հետո՞:

– Մարդիկ հոգեբանորեն արդեն կաշկանդվում են եւ համապատասխան քայլեր ձեռնարկում:

– Այսինքն՝ այնքան վախկոտ են, որ չե՞ն կարողանում հասկանալ, որ իրենց կարծիքը կարող են ազատ արտահայտել: Հասարակության մեջ նման հիմար մարդիկ քիչ են: Բոլոր մարդիկ ազատ են եւ անկախ:

– Սյունիքի մարզպետը հայտարարեց, որ ինքը հանրաքվեի լավագույն ցուցանիշներ կապահովի: Այն իրադարձություններից հետո, ինչ որ կատարվեց Սուրիկ Խաչատրյանի, իր ընտանիքի հետ եւ շուրջ, Դուք կարծում եք, որ չկա՞ վախի մթնոլորտ, եւ մարդիկ ազատ ու անկախ արտահայտո՞ւմ են իրենց կամքը:

– Վախենալը անձնական հոգեբանական խնդիր է: Եթե դուք վախկոտ եք` վախկոտ եք, եթե ոչ` օրենսդրությունն ապահովում է, որ ձեր ազատ կարծիքն արտահայտեք:

– Իսկ օրենսդրությունը կիրառվո՞ւմ է Հայաստանում:

– Ինչո՞ւ ոչ: Ես ուզում եմ հասկանալ` ո՞վ է մտնում ընտրախցիկ եւ նայում, թե դուք այնտեղ ի՞նչ եք անում: Երբեւիցե այդպիսի պատկեր տեսե՞լ եք:

– Օրերս ՕԵԿ-ական պատգամավոր Հեղինե Բիշարյանն էր հայտարարել, որ հեռախոսներ են բաժանվել, որ քվեաթերթիկը նկարեն:

– Եթե այդպիսի բան կա՝ թե հեռախոսներ բաժանողները, թե քվեաթերթիկ նկարող-ցույց տվողները հանցագործ են: Դրանով պիտի պատկան մարմինները զբաղվեն: Ես ենթադրություններ չեմ կարող մեկնաբանել:

– Նաեւ արձանագրություններ են փոխվում` տեղամասային ընտրական հանձնաժողովից մինչեւ ընտրատարածքային, ընտրատարածքայինից էլ` ԿԸՀ ճանապարհին:

– Այ, դրա մասին կարող եք ասել, թե չէ` վախեցրին, մարդը գնաց կաթվածահար եւ ուրիշ ընտրություն արեց… ծիծաղելի է: Հայ ժողովուրդը խելացի ժողովուրդ է, մի նվաստացրեք նրան: Վախի ազդեցության տակ գնաց եսիմինչեր արեց… Կեղծիքները, եթե դուք կարծում եք, որ այդպիսիք կան, պետք է պահանջեք հստակ մեխանիզմներ, որոնք թույլ չտան կեղծարարություն անել: Այդ մեխանիզմները դրված են արդեն. կա եւ վստահված անձերի ինստիտուտը, որը հանրաքվեի ժամանակ երբեք չի եղել, եւ հանձնաժողովներում ընդդիմության գերակշիռ ներկայությունը, եւ բազմաթիվ այլ գործոներ:

– Ի դեպ, ընդդիմադիրները հայտարարեցին, որ այդքան մարդ չունեն եւ չեն կարողանալու պատշաճ վերահսկողություն ապահովել:

– Դա իրենց խնդիրն է, իմը չի: Եթե ընդդիմադիրները մարդիկ չունեն, նշանակում է՝ հետեւորդներ էլ չունեն: Եթե հետեւորդ չունեն, ինչի՞ մասին եք խոսում, որ ՀՀԿ-ն պախարակվում է հասարակության կողմից: Բա ի՞նչ անենք, իրենց տեղը մարդ տա՞նք:

– Սահմանադրական բարեփոխումների առիթով անցկացված սոցիոլոգիական հարցումները, այդ թվում նաեւ այն ընկերությունների կողմից իրականացված, որոնք սովորաբար իշխանամետ կարծիքներ են ներկայացնում, վկայում են, որ հանրությունը դրանցով հետաքրքրված չէ: Դեմ է սահմանադրական բարեփոխումներին:

– Ես այդ տվյալներին ծանոթ չեմ: Բայց որեւէ սոցիոլոգիական տվյալ անհրաժեշտ չի` հասկանալու համար, որ ժողովրդի ճնշող մեծամասնությունը փոփոխություններ է ուզում:

– Փոփոխություններ ուզում են, բայց ոչ թղթի վրա, այլ իրենց իրական կյանքում: Օրինակ՝ եթե գործող Սահմանադրությունն էլ կիրառվի, մենաշնորհներ չեն լինի, փայ մտնելու արատավոր երեւույթը չի լինի, ազատ տնտեսական մրցակցություն եւ դատական համակարգ կլինի:

– Ոչ մի նման բան, որովհետեւ սա համակարգային խնդիր է, իսկ համակարգը դրել է հենց Սահմանադրությունը, երբ ըստ էության միանձնյա իշխանության մոդել է սարքել: Երբ ասում ենք՝ «ոչ», ուրեմն ունենում ենք այն, ինչ ունենք: Ոչ մի փոփոխության մի սպասեք:

– Եթե առաջարկված բարեփոխումների տարբերակն անցնի, Դուք, իբրեւ իշխող ուժի ներկայացուցիչ եւ այս բարեփոխումների ջատագով, կարո՞ղ եք խոստանալ, հայտարարել, երաշխավորել, որ որոշակի ժամանակահատվածի կտրվածքով, երբ նոր ինստիտուտները ներդրվեն, Հայաստանում կոռուպցիան էականորեն կնվազի, ազատ տնտեսական մրցակցություն, ազատ դատական համակարգ կլինի:

– Ես կարող եմ ասել, որ ազատ տնտեսական զարգացման, ազատ մրցակցության, ապօրինությունների պակասեցման պայմանները շատ ավելի լավը կլինեն: Մարդկանց էլ հնարավորություն տրվում է այդ վատ երեւույթների դեմ պայքարել: Մինչեւ հիմա այդ հնարավորությունները չկային: Տեսեք, սկզբունքորեն այժմ խորհրդարանում մեծամասնությունը կարող է ինչ ուզում է՝ անել, եւ դուք տեսնում եք: Այն ժամանակ չի կարողանալու:

– Կայուն մեծամասնությունն այդ դեպքում ինչի՞ համար է:

– Չի կարողանալու, չի անելու: Չե՞ք ուզում փոփոխություն լինի, ուզում եք այսպես մնա՞:

– Հրանտ Բագրատյանը հեռուստաշոուի ժամանակ ասաց` եթե այս համակարգը վատն էր, ինչո՞ւ ՀՀԿ-ն եւ Սերժ Սարգսյանն իրենց նախընտրական ծրագրերում չէին ամրագրել համակարգային փոփոխություններ:

– Ո՞նց չէինք ամրագրել: Լոզունգը հիշո՞ւմ եք` «Հավատանք, որ փոխենք»: Ժողովրդին ասված էր:

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
17.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30