Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանի աշխատակիցները խմբով 251 197 450 ՀՀ դրամ աշխատավա՞րձ են յուրացրել

Նոյեմբեր 18,2015 14:00

Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության, որը հայտնի էր «Վազգեն Խաչիկյան եւ մյուսներ», դատական դեպարտամենտի առանձին ստորաբաժանումների պետերի, պաշտոնատար անձանց, որը հայտնի էր «Խաչիկյան երկու» անուններով, գործերը դեռ չավարտված՝ մի նոր գործ է լսվում Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ: Երեւանի քաղաքապետարանի «Կենտրոն մաքրություն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի, աշխղեկների գործը:

«Արթուր Հովհաննիսյանի եւ մյուսների» գործով կա տասներեք ամբաստանյալ, որոնցից միայն նրա նկատմամբ է ընտրվել խափանման միջոց կալանքը:

Ինչպես հիշատակածս երկու գործերում, այս գործով էլ կա մեկ կին ամբաստանյալ՝ Գյուլիզար Շամոյանը, որը համակարգել է տվյալ ընկերությունում հավաքարարների աշխատանքը: Ազգությամբ եզդի կնոջ շահերը ներկայացնող փաստաբան Մայիս Հայրապետյանը երեկ, դատական նիստը դեռ չսկսած, հայտնեց դատարանին, թե իր պաշտպանյալի «շաքարի տոկոսը բարձրացել է», այդ իսկ պատճառով նա չի կարողացել ներկայանալ դատարան: Նա չուներ պատշաճ տեղեկանք, ինչի կապակցությամբ դատավորը հորդորեց պաշտպանին հաջորդ նիստին ասվածը հիմնավորող տեղեկանք, փաստաթուղթ ներկայացնել:

Մեղադրող Հակոբ Մելքոնյանը, որը Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների գործով դարձյալ մեղադրանքը պաշտպանող դատախազն էր, ասաց, որ առանց ամբաստանյալի, անհնար է դատական նիստը շարունակել: Այդ հիմքով էլ հետաձգվեց դատական նիստը:
Մինչ երեկ չորս նիստ է հրավիրվել յուրաքանչյուր երկուշաբթի:

Արթուր Հովհաննիսյանը եղել է Երեւանի քաղաքապետարանի «Կենտրոն մաքրություն» ՓԲ ընկերության տնօրենը, նախկինում՝ ինժեները:

5-1
Ըստ մեղադրանքը պաշտպանող կողմի, նա տեւական ժամանակ փաստացի ղեկավարել է տեղական ինքնակառավարման մարմնի կազմակերպություն հանդիսացող ընկերությունը. «Ունենալով ընկերության կանոնադրությամբ սահմանված կազմակերպական-տնօրինչական գործառույթներ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իր եղբոր` Սամվել Հովհաննիսյանի հետ նախնական համաձայնությամբ եւ համակատարմամբ, շահադիտական նպատակով, նույն ընկերության աշխատակիցների օժանդակությամբ, խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ կեղծել է ընկերության պահեստից ապրանքանյութական արժեքների դուրսգրման վերաբերյալ պաշտոնական փաստաթղթերը: Նա այդ եղանակով Երեւան քաղաքի Կենտրոն համայնքի, այնուհետեւ Երեւանի քաղաքապետարանի բյուջետային միջոցներից խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` 12 390 585 ՀՀ դրամ»:
Մեղադրանքի կողմը մեղադրում է տնօրենին նաեւ մեկ այլ դրվագով. նա 2009 թվականի հունվարին նախնական համաձայնության գալով նույն ընկերության փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի, գլխավոր հաշվապահ Գագիկ Հարությունյանի, աշխղեկներ Սանվել Եղոյանի եւ Գյուլիզար Շամոյանի հետ, «միավորվել են՝ խմբով հափշտակություն կատարելու համար», եւ 2009-2013 թվականներին Երեւանի քաղաքապետարանի բյուջետային միջոցներից հափշտակել է որպես աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ միջոցներ՝ հաշվարկված ընդհանուրն առանձնապես խոշոր չափերի` 251 197 450 ՀՀ դրամ:
Ամբաստանյալներից Արմեն Խաչատրյանը եղել է փոխտնօրենը, Գագիկ Հարությունյանը՝ գլխավոր հաշվապահը, Հրայր Հակոբյանը, Ռոբերտ Խաչատրյանը, Սամվել Եղոյանը՝ աշխղեկներ:

Գարեգին Գասպարյանը զբաղեցրել է պահեստապետի հաստիքը, եւ ըստ մեղադրանքի կողմի, «օժանդակել է ընկերության տնօրենների կողմից նախնական համաձայնությամբ խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելուն»: Մեղադրվում է մեկ դիսպետչեր՝ Հունան Տեր-Հովհաննիսյանը, դարձյալ օժանդակելու մեղադրանքով:
Մեղադրական եզրակացության համաձայն, Միսակ Հարությունյանը, որը «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ-ի ավտոհավաքակայանի վարիչն էր, օժանդակել է ընկերության տնօրենների կողմից նախնական համաձայնությամբ խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելուն:

Ամբաստանվում էին նաեւ Տիգրան Հովհաննիսյանը, գլխավոր ինժեները եւ Սամվել Պապոյանը՝ կադրերի պետը: Պաշտպանական կողմում ներգրավվել էին հայտնի փաստաբաններ Գեղամ Հակոբյանը, Աննա Ջուվանովան, Տոնական Գասպարյանը եւ այլք:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
17.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել