Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փոքր Հալեպ՝ Կողբացի փողոցում

Նոյեմբեր 18,2015 13:30

Ոմանք Կողբացի փողոցի մի հատվածն անվանում են փոքր Հալեպ: Հայրենադարձ հալեպահայերն այնտեղ իրենց բիզնեսն են հիմնել: Հագուստի խանութ, տղամարդկանց վարսավիրանոց, սննդի կետ, նորերն էլ դեռ բացվելու են:

«Կարօ եւ Յովիկ» վարսավիրանոցի հիմնադիր-վարսավիրները մեկ ու կես տարի առաջ են վերադարձել Հայաստան: Կարոն տասն ամիս այլ վարսավիրանոցում է աշխատել: Չորս ամիս առաջ Հայաստան է եկել մյուս եղբայրը՝ Հովիկը: Եղբայրները որոշել են համատեղ բիզնես հիմնել: Այս փողոցի հատվածներից մեկում վարձակալել են տարածք եւ բացել Հալեպի իրենց վարսավիրանոցից:

«Հալեպում յոթանասուն տարվա սեփական վարսավիրանոց ունեինք: Պապաս եւ պապիկս եւս վարսավիրներ են եղել: Հալեպից մեր գործիքները մեզ հետ բերեցինք եւ սկսեցինք երկու եղբայրով աշխատել»,-մեզ հետ զրույցում պատում է Կարապետ Դավոյանը: Դժգհություններ չունեն: Միայն նշում են, որ վարձակալության եւ հարկային մուծումներն են մի փոքր բարձր: Բիզնեսի աշխատանքներում պետական աջակցություն չեն ստանում: Կարոն նշում է, որ միայն սկզբնական շրջանում սփյուռքի եւ առողջապահության նախարարությունները վիրավոր որդու հիվանդանոցային ծախսերն են հոգացել:

«Լավ է: Կաշխատենք, հացի փող կվաստակենք»,- ասում է մեր զրուցակիցը:
«Hashtag SPORT» խանութ-սրահը եւս հալեպահայ ընտանիքի բիզնես է: Բլխյանները մեկ տարի առաջ են վերադարձել հայրենիք: Մեր զրուցակից Հակոբ Բլխյանը խանութի աշխատանքներով է զբաղվում: Հայրենիք է վերադարձել իր նշանածի՝ ներկայիս կնոջ հետ:
Հինգ ամիս առաջ հիմնեցին իրենց առաջին խանութը: Առաջարկում են հայկական արտադրության սպորտային հագուստներ: Այժմ արդեն վարձակալել են նաեւ խանութի կողքի սրահը՝ նույն տեսականիից երեխաների համար առաջարկելով: Այս բիզնեսից, սեփական արտադրանք, տպարան, ձեւարան, կարի արտադրամաս ունեին Սիրիայում: Այստեղ այժմ հիմնել են փոքր տպագրական արտադրամաս եւ ձեւարան: Հագուստները Հայաստանում ձեւում, իսկ արտերկրում կարելու են ուղարկում: Երկու ամսից արդեն այս խնդիրն էլ չեն ունենա: Որոշել են այս գործով եւս իրենք զբաղվել. «Մարդիկ կքաջալերեն, երբ կտեսնեն «Պատրաստված է Հայաստանում» պիտակը: Դժգոհ չենք, ունենում ենք հաճախորդներ: Սկզբնական շրջանում մարդիկ հետաքրքրվում էին որակից, բայց արդեն ոչ միայն իրենք, այլ իրենց ընկերներին եւ հարազատներին են բերում գնումների»:

5-2-2

Աշխատանքային դժվարություններ չեն ունենում, սակայն օրենքների, մուծումների չափի շուտ-շուտ փոփոխությունները որոշակի խնդիրներ են առաջացնում:
«Մեզ լավ ենք զգում Հայաստանում: Արդեն հարմարվել ենք: Այսքանով դեռեւս բավարարվում ենք: Դաշտին եւ պահանջներին առավել լավ ծանոթանալու դեպքում՝ կմտածենք նոր բիզնեսներ հիմնելու եւ եղածն էլ ընդլայնելու մասին»,- եզրափակում է:
Փիլիպոսյանների ընտանիքը երեք տարի առաջ եկավ Հայաստան: Անցյալ Նոր տարի, մեծ գումարներ ծախսելով, մեկնեցին Հոլանդիա: Չորս ամիս այնտեղ մնալով, հետ վերադարձան. «Հանձնվեցինք համապատասխան մարմիններին, բայց չցանկացանք մշտական բնակություն հաստատել: Մեզ համար այնտեղ հեշտ էր, որպես սիրիացի ունեինք լավ ապրելու պայմանները: Ասացինք՝ չենք ցանկանում մնալ: Հետ ենք վերադառնում: Թողեցինք լավ ապրուստը եւ հետ եկանք՝ վայելելու մեր հայրենիքը: Եթե բիզնեսը քիչ առաջ գնա, կարողանաս փող աշխատել, այստեղ իրոք լավ է»:
Վիգեն Փիլիպոսյանը երեք ամիս առաջ հիմնեց «Թաուկ»-ը: Թաուկներ, համբուրգերներ, շաուրմա եւ այլ ուտեստեներ է առաջարկում: Հպարտությամբ նշում է, որ այստեղ սիրում են իր պատրաստած թաուկները: Թաուկի պատրաստման հեղինակային եւ յուրահատուկ տեսակ է առաջարկում: Այդպիսի թաուկ ինքն է առաջ բերել: Ոչ ոք այդ պատրաստման եղանակը չգիտի:

5-2-3

Տասնվեց ժամ աշխատելով՝ ե՛ւ տնօրենը, ե՛ւ մենեջերը, ե՛ւ փոխմենեջերը, ե՛ւ խոհարարը, ե՛ւ հավքարարը ինքն է:

«Պակաս բաներ ունեմ, բայց կամաց-կամաց կանեմ: Ո՞վ պիտի օգնե: Խոսքի մեջ օգնող շատ կա, բայց մինչ հիմա մի օգնող չտեսանք: Դժվարություն չեմ ունենում, դրանք լուծելի հարցեր են: Յոլա գնում ենք, էլի»,- ծիծաղում է նա:

Սիրիայում կանացի հագուստի բիզես է ունեցել: Նպատակահարմար չի համարել այդպիսի աշխատանքով այստեղ էլ զբաղվել՝ հաշվի առնելով դժվարությունները:
«Այնտեղ լրիվ որիշ էր բիզնեսը: Հալեպում շատ մեծ էր բիզնեսս, բայց ամենը կորավ, գնաց: Ոչինչ»,- ափսոսանքով ասում է նա:

ԴԻԱՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30