Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծնողներս Գեղեցիկի գերի, տոն բերող մարդիկ էին…»

Նոյեմբեր 18,2015 13:00

Սվետլանա Նավասարդյանն
իր մենահամերգը նվիրում է ծնողներին

«Օսկար» մրցանակաբաշխությունից հետո անջնջելի տպավորություններից մեկն էլ այն է, երբ մրցանակակիրներն առաջին հերթին շնորհակալություն են հայտնում ծնողներին: Ինչպես աշխարհում, այնպես էլ մեզանում առանձին համերգներ արվեստագետները նվիրում են իրենց ծնողներին: Ժամանակին Վլադիմիր Սպիվակովը Երեւանում մենահամերգով հանդես եկավ իր աներոջ՝ անվանի ջութակահար եւ դիրիժոր Զարեհ Սահակյանցի հոբելյանի առիթով: Դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանն էլ տարիներ առաջ հանդես եկավ մոր մահվան տարելիցի կապակցությամբ: Անվանի դաշնակահարուհին «Արամ Խաչատրյան» համերգասրահում նոյեմբերի 18-ին հրավիրում է մենահամերգի՝ «Նվիրում ծնողներիս» խորագրով՝ հոր ծննդյան 100 եւ մոր 95-ամյակների առիթով: Ծրագրում՝ Հայդն, Բրամս, Շոպեն:

Ներկայացնում ենք արվեստագետի խոսքը՝ առանց լրագրողական միջամտության:
«Ծնողներիս հետ կապված հուշերն ինձ մշտապես տանում են մանկությանս Ալավերդին, որտեղից էլ ինձ համար սկսվել է երաժշտությունը: Ես լսել եմ այն Լոռվա կիրճերի լռության մեջ ու խշշոցում Դեբեդի, ծաղկազարդ սարալանջերի գունախաղերում ու մորս աստվածային երգեցողության մեջ:

Մանկությանս Ալավերդին ինձ համար այդպես էլ մնաց աշխարհի կենտրոնը՝ իր ցաքուցրիվ տների մեջ առանձնացող մեր անուշաբույր օջախով, «խորհրդավոր» ժողկրթբաժնով, ուր գիշեր-ցերեկ աշխատում էր հայրս, «Սպանդարյան» դպրոցով, որտեղ դասավանդում էր մայրս, եւ քաղաքի մոռացված մի անկյունում ծվարած երաժշտական դպրոցով, որտեղ մատներիս հպմանն առաջին անգամ պատասխանեց դաշնամուրը: Այստեղ թեւ առան երազանքներս, որոնց ծնողներս հավատարիմ մնացին մինչեւ վերջ:

Ալավերդիում հսկայական գրադարան ունեինք, որ հավաքել էր հայրս՝ Հովհաննես Նավասարդյանը, մասնակցությամբ պատմաբան, պայծառագույն, առաքինի մի մարդ, որի սահման չունեցող բարության եւ բյուրեղյա մաքրության մասին առասպելներ էին պատմում: Լայնախոհ, բազմակողմանի զարգացած, կազմակերպչական վառ տաղանդով օժտված, հանրապետությունում կրթության գործի ջատագովներից էր, ազնիվ նվիրյալներից: Հետպատերազմյան դժվարին տարիներին ղեկավարեց Ալավերդու, Նոյեմբերյանի շրջանային ժողկրթության բաժինները, հետագայում՝ Երեւանի Շահումյանի շրջանի ժողկրթության բաժինը, եղավ Երեւանի թիվ 102 դպրոցի հիմնադիր տնօրենը: Միշտ ջերմ, ժպտերես, նուրբ հումորով, սիրված էր բոլորի կողմից:

Մայրս՝ Հրանուշ Պետրոսյանը, ճանաչված մանկավարժ, մաթեմատիկոս էր: Փայլուն տիրապետում էր առարկային, վերին աստիճանի պահանջկոտ էր, նաեւ արդարամիտ: Մաթեմատիկայի իր կաբինետում ծաղիկներ էր աճեցնում, մետաղալարից պատրաստում անձեռակերտ թվացող երկրաչափական ֆիգուրներ, որոնք հավանաբար դեռեւս պահպանվել են իր դասավանդած՝ Ալավերդու եւ Երեւանի Թելմանի անվան թիվ 118 դպրոցներում: Արտիստական վառ անհատականություն էր՝ բազում շնորհներով: Ինչպես ասում են, «ինչին դիպչեր, կծաղկեր»: Պրոֆեսիոնալ երգչուհի էր նաեւ, արքայական լիրիկա-դրամատիկական սոպրանո, աննկարագրելի գեղեցկության եւ ներթափանցելու ապշեցուցիչ ուժով… Մորս ձայնը, նրա երգեցողությունը եղան իմ «առաջին երաժշտական համալսարանները» եւ, անշուշտ, իմ՝ իբրեւ արտիստի ձեւավորման ու կայացման գործում մորս դերը դժվար է գերագնահատել:

Ծնողներս Գեղեցիկի գերի, տոն բերող մարդիկ էին, մարդիկ պաշտելի, որոնց համար անունն ու համբավը կատարվող գործի լոկ համեստ ուղեկիցներն էին, եւ որոնց բարոյական սկզբունքները, ի հեճուկս ամենի, մնացին անպարտելի…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ. Գ. Համերգային ծրագիրը, ելնելով դաշնակահարուհու խոսքից, բնորոշում է նրա ծնողներին, այնպես, ինչպես Վլադիմիր Սպիվակովի ընտրած համարները՝ Զարեհ Տեր-Սահակյանցին:

«Առավոտ» օրաթերթ
17.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30