Իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն ներկայումս մի քանի նախագծերի վրա է աշխատում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի հրավերով: Օրերս էլ ղեկավարել է Վերդիի «Տրավիատա» օպերան: Իմիջիայլոց, Ջանլուկա Մարչիանոյին Հայաստանում «ռասկրուտկա» անելու մի յուրատեսակ արշավ է սկսվել:
Նրա վարկանիշը բարձրացավ հատկապես Ադրբեջանի արտգործնախարարության, այսպես կոչված, «սեւ ցուցակում» հայտնվելուց հետո, քանի որ «համարձակվել» էր Ստեփանակերտում ներկա գտնվել Վերդիի «Ռեքվիեմի» արցախյան պրեմիերային։ Ընդ որում, մշակութային այդ իրադարձությանը նրան հրավիրել էր ՀՀ նախագահի տիկինը։ Փաստենք, որ ավելի վաղ՝ 2012-ի փետրվարին, նա Ադրբեջանի պետական ֆիլհարմոնիայի բեմում ղեկավարել է Ադրբեջանի Գ. Գարաեւի անվան պետական կամերային նվագախումբը: Նաեւ 2015թ. ապրիլի 24-ին Հայաստանում ղեկավարել է «24/04» համաշխարհային նվագախմբի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչող համերգը։
Հայաստանցի արվեստագետներից ոմանք առանձնապես տպավորված չեն նրա «բարեփոխած» «Տրավիատայով» (ռեժիսոր՝ Գեղամ Գրիգորյան): Ասում են՝ բացի Հասմիկ Թորոսյանի (Վիոլետա), Լիպարիտ Ավետիսյանի (Ալֆրեդ), Առնոլդ Քոչարյանի (Ժերմոն) կատարումներից, առանձնապես դիտարժան բան չկար, չնայած դահլիճում ներկա են եղել բարձրաստիճան պաշտոնյաներ ու հնչել են բուռն «բրավո»-ներ: Շատերը նաեւ տարակուսած են՝ ֆինանսական սուղ միջոցների պայմաններում ինչո՞ւ են իտալացուն հրավիրել Հայաստան, մի՞թե օպերային դիրիժորների պակաս ունեինք: Ընդ որում՝ «բերել» են ոչ թե Իտալիայից, այլ հարեւան Վրաստանից, որտեղից Ջանլուկա Մարչիանոն խռոված է հեռացել:
2010 թ.-ից Մարչիանոն զբաղեցնում էր Թբիլիսիի ազգային օպերայի եւ բալետի թատրոնի գլխավոր դիրիժորի պաշտոնը, որտեղից հեռացել է այս տարվա փետրվարի 2-ին ու այդ մասին հայտարարել «Ռուսթավի 2» հեռուստաալիքի երեկոյան եթերում: Դիրիժորն ասել էր, թե իր հեռանալու պատճառը օպերային թատրոնի տնօրեն Դավիդ Կինցուրաշվիլիի կողմից գլխավոր դիրիժորի պաշտոնի վերացումն էր ու դրա փոխարեն հրավիրյալ դիրիժորի հաստիքի սահմանումը: Դեռեւս 2014-ին վրացական թատրոնի բալետային խումբն արդեն պառակտված էր երկու ճամբարի, մի մասը պաշտպանում էր թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեորգի Ժորդանիային, մյուս մասը նրա դեմ էր դուրս եկել: Իտալացի դիրիժորին չէր հաջողվել ստեղծագործական դաշտ բերել անառողջ բարոյահոգեբանական վիճակում գտնվող կոլեկտիվին, ինչպես նաեւ իր տեսակետն ու նկատառումները հասցնել Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարին:
Կարդացեք նաև
Ըստ sputnik-georgia.ru-ի, Թբիլիսիի օպերայի եւ բալետի թատրոնի տնօրեն Դավիդ Կինցուրաշվիլին, մեկնաբանելով Ջանլուկա Մարչիանոյի՝ Թբիլիսիից հեռանալը, մամուլի ասուլիսում պարզաբանել էր, թե իտալացի դիրիժորի համար ստեղծված են բոլոր պայմանները, այլ հարց է, որ նա չի համաձայնում աշխատել: Ըստ նույն աղբյուրի, Դավիդ Կինցուրաշվիլին նաեւ հայտարարել է, թե Մարչիանոն ցանկանում է 3-4 ամիս աշխատելով Վրաստանում՝ վճարվել ողջ տարվա համար:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ yerevan.today-ի:
«Առավոտ» օրաթերթ
17.11..2015