Սա է, հավանաբար, պակասում իսլամական ահաբեկչության դեմ պայքարողներին
Թե ինչ է պետք անել համաշխարհային ահաբեկչության նոր ալիքի դեմն առնելու համար՝ դժվար է ասել: Հուսով եմ՝ Ռուսաստանում, եվրոպական երկրներում, Միացյալ Նահանգներում աշխատում են լուրջ ինստիտուտներ, որոնք փորձում են պատասխանել այդ հարցին: (Ի դեպ, այդ ինստիտուտները պետք է որ կանխատեսեին դեպքերի նման ընթացքը): Բայց կարծես թե ակնհայտ է, թե ինչ պետք չէ անել:
Պետք չէ «մուռ հանել» խաղաղ միգրանտներից, խեղճուկրակ մարդկանցից, որոնք իսկապես փախել են իրենց երկրների դժոխքից: Նրանք բացարձակապես պատասխանատվություն չեն կրում ահաբեկիչների հանցագործությունների համար: Եվրոպական երկրների իրավապահներն ու հատուկ ծառայությունները պետք է կարողանան իրենց երկրներում փախստականների հեղեղի մեջ գտնել ահաբեկիչներին: Բայց միգրանտների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքը, կարծում եմ, չպիտի փոխվի: Վստահաբար հասարակական մակարդակով կլինի որոշակի լարվածություն. Եվրոպայում հայտնվել են եւ դեռ կհայտնվեն ազգայնական խմբեր, որոնք սպառնում են այրել մզկիթներ, փախստականների ճամբարներ եւ այլն: Պետք չէ խրախուսել նման մոտեցումները` դա հենց այն է, ինչը եւ ցանկանում են իսլամիստ ահաբեկիչները` երկրների ներսում քաոսային իրավիճակ ստեղծել:
Պետք չէ օգտագործել ահաբեկչությունը որպես պատրվակ՝ եվրոպական արժեքների վրա հարձակվելու համար` իբր բազմամշակութային քաղաքականությունը տապալվել է, Գերմանիան՝ գերմանացիների համար, Շվեդիան՝ շվեդների համար եւ այլն: Նման ծրագրերն ու կոչերը ոչ միայն վտանգավոր են, այլեւ անիրատեսական: Մասնավորապես, Ֆրանսիան չի կարող հրաժարվել իր 5-6 դարի պատմությունից, մշակույթից եւ ընկղմվել միջնադարյան խավարի մեջ միայն այն պատճառով, որ ինչ-որ մոլագարների հիվանդ ուղեղներում Խալիֆայություն ստեղծելու գաղափար է առաջացել: Այլ կարգախոս, բացի «Ազատություն, հավասարություն եւ եղբայրություն»-ից, Ֆրանսիան իր դրոշին չի կարող գրել:
Պետք չի ահաբեկչությունն օգտագործել աշխարհաքաղաքական «հաշիվներ մաքրելու» համար: Նոյեմբերի լույս 14-ի գիշերը ես շատերի նման տարբեր հեռուստաալիքներ էի նայում, նաեւ «Ռոսիա-24»-ը: Այդ ալիքով հարցազրույց էր տալիս Կլինցեւիչ ազգանունով մի սենատոր, որը խորհրդային «նովոյազի» ամենաանգրագետ տարբերակով միայն մի միտք էր արտահայտում՝ «բա որ մենք զգուշացնում էինք»: Եվ այնքան էլ պարզ չէ՝ հատկապես երբ եւ ինչ էին զգուշացնում:
Կարդացեք նաև
Իմ տպավորությամբ՝ աշխարհը դեռեւս մինչեւ վերջ չի գիտակցել «Իսլամական պետության» վտանգը, եւ հենց այդ պատճառով էլ տարբեր ուժեր փորձում են այդ ահաբեկիչներին օգտագործել «աշխարհաքաղաքական հակառակորդի դեմ»՝ առնվազն քարոզչական մակարդակով: «Ալ-Քաիդան», իսկ հիմա նաեւ` «Իսլամական պետությունը» կարողացել են առաջ գնալ հենց այդ «խաղերի» պատճառով, եւ դա հիմնականում Արեւմուտքի մեղքն է: Սա է այսօրվա եւ 1930-ական թվականների իրավիճակի տարբերությունը: Այն ժամանակ Հիտլերին իրար դեմ փորձում էին օգտագործել հավասարապես Արեւմուտքն ու Խորհրդային Միությունը՝ մինչեւ որ չեկավ մի պահ, երբ բոլորը հասկացան՝ Հիտլերը բացարձակ չարիք է, որը սպառնում է բոլորին: Հիմա դա պետք է հասկանան Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները, Եվրոպան եւ Իրանը, անգամ Հայաստանն եւ Ադրբեջանը: Նույնիսկ Թուրքիան: Իսլամիստ ահաբեկիչները՝ մի կողմ, մնացած աշխարհը (նաեւ՝ «ոչ քաղաքակիրթ»)՝ մեկ այլ կողմ:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.11..2015
Մի կարճ ժամանակ՝ (1940-1944թթ), երբ Ֆրանսիան, որպես այդպիսին՝ դադարել էր գոյություն ունենալուց, «Ազատ Ֆրանսիայի» (Պետենյան) «դրոշակի վրա» գրված էր «Աշխատանք, Ընտանիք, Հայրենիք» (Travail, Famille, Patrie)։ Շատ լավ գիտենք ինչ է լինում, երբ իշխանությունը անցնում է «պատասխանատու» ընտանիքի հայրերին, «տուն պահողներին» և անվտանգությունը՝ ազատությունից կարևոր համարողներին։
Ոստիկանական «անվտանգության» կողմնակիցներ՝ լիքը կան, տարբեր քաղաքական խմբերում (այդ թվում՝ նաև իշխանական)։ Բայց, գոնե այս անգամ, ոնց-որ թե, իրենց ցանկությունները՝ չեն իրականանա։