Գետնախնձորը մեզ հասանելի է հիմնականում աշնանը եւ գարնանը: Գետնախնձորը հողի մեջ, ցողունի հիմքի մասում առաջացած կլոր, երկարավուն, սպիտակ, դեղին, կարմիր գույնի պալարներ են, որոնք պարունակում են ֆրուկտոզա, ինուլին, պեկտինային նյութեր, սպիտակուցներ, ցելյուլոզա, ճարպեր։ Զգալի քանակությամբ ֆոսֆոր, կալցիում, կալիում, երկաթ, կրեմնիում, ցինկ, B1, PP, C վիտամիններ, քոլին, կա նաեւ կարոտին, օրգանական թթուներ: Ինուլինը բացառիկ սորբենտի դեր է կատարում, որը կարող է կապակցել ու օրգանիզմից դուրս բերել սննդի հետ աղիքներում հայտնված կամ մարսողության ընթացքում առաջացած մեծ քանակությամբ թունավոր նյութեր: Բացի այդ, ինուլինը խթանում է ստամոքսաղիքային տրակտի շարժողական ակտիվությունը: Ինուլինը չի իջեցնում շաքարի տոկոսը արյան մեջ, սակայն նպաստում է ենթաստամոքսային գեղձում գտնվող եւ ինուլին արտադրող բետա բջիջների գործունեությանը։
Ժողովրդական բժշկության մեջ օգտագործում են ստամոքսաղիքային տրակտի քրոնիկ հիվանդությունների սրացման դեպքում: Այն օգնում է սթրեսային իրավիճակներում, վարակիչ հիվանդությունների ժամանակ: Գլյուկոզայի յուրացմանը նպաստելով` ապահովում է էներգետիկ նյութափոխանակություն, ինչն էլ իր հերթին նպաստում է սպիտակուցի, խոլեստերինի, լեղաթթուների սինթեզին:
Գետնախնձորը օգտակար է գեր մարդկանց, որոնց մոտ հաճախ զարգանում է 2-րդ տիպի շաքարային դիաբետ, իսկ նման խնդիր ունեցողներին, ըստ likefoods.ru-ի, խորհուրդ է տրվում օրը 3 անգամ 2-3 պալար ուտել`սնունդ ընդունելուց 10 րոպե հետո: Այն պաշտպանում է նաեւ լյարդը հիվանդածին մանրէներից:
Ունի սննդային բարձր արժեք եւ կարող է ծառայել որպես կարտոֆիլին փոխարինող:
Գետնախնձորը կարգավորում է աղիքներում միկրոֆլորան, ուստի այն խորհուրդ է տրվում դիզբակտերիոզով տառապող մարդկանց: Օգտակար է նաեւ նրանց, որոնք ունեն ստամոքսի եւ 12-մատնյա աղիքի խոց, կոլիտ, գաստրիտ: Խորհուրդ է տրվում ուտել այրոցի, փորկապության եւ նաեւ լույծի ժամանակ:
Քաղաքում եւ էկոլոգիապես ախտոտված միջավայրում ապրելով՝ մեր օրգանիզմում կուտակվում են ծանր մետաղների աղեր, որոնք կարելի է օրգանիզմից հեռացնել գետնախնձորի միջոցով:
Edaplus.info-ն գրում է, որ գետնախնձորը լավ օգնում է երիկամների քարի, սակավարյունության ժամանակ: Այն նաեւ արյան մեջ խոլեստերինի մակարդակն է կարգավորում` ազատելով ավելորդ մասը:
Օգտակարությամբ հագեցած այս բանջարեղենը խորհուրդ է տրվում օգտագործել նաեւ տուբերկուլյոզը բուժելիս. խմել կես բաժակ գետնախնձորի հյութ ջրի հետ բացած` 1/2 հարաբերությամբ:
Մեր նախնիները այս բույսը օգտագործել են որպես կոսմետիկ միջոց կնճիռների դեմ. քերիչով անցկացնել գետնախնձորի պալարը եւ տարածել դեմքին: Այնուհետեւ թողնել 15-20 րոպե եւ լվանալ: Կրկնել 3-4 օրը մեկ, իսկ շոշափելի արդյունք կունենաք արդեն 10-15 դիմակից հետո: Գետնախնձորը ոչ միայն հարթեցնում է կնճիռները, այլեւ մաշկը դարձնում է հարթ եւ փափուկ: Առավելագույն արդյունք կստանաք, եթե գետնախնձորի խյուսին խառնեք մի փոքր կտավատի յուղ:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
17.11..2015