«Մեր դեկտեմբերմեկյան կանչը անպայման արդյունք ունենալու է»
«Ես համոզված եմ, որ այս այցերը անիմաստ չեն»,- Արտաշատ քաղաքում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի կազմակերպած հավաքից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ժիրայր Սեֆիլյանը:
Նրա կարծիքով՝ եթե մարդիկ հավաքին չեն գալիս, չի նշանակում, որ անհրաժեշտություն չկա քաղաքներ այցելել. «Մենք, գալով այստեղ, առաջին հերթին ուզում ենք հարգել մեր ժողովրդին: Մենք եկել ենք մեր ժողովրդի դռանը կանգնել ենք, այսպես ասած, միայն գրասենյակներից խոսելով չէ, որ մենք մեր գործունեությունն ենք ծավալում: Առաջին հերթին պետք է հարգել ժողովրդին, սիրել ժողովրդին, հետո փորձել ծառայել ժողովրդին: Մենք այսպիսի մղումներով ենք շրջում Հայաստանով մեկ, վստահ եմ, որ այս մղումներով, եթե շրջում ես, անպատասխան չի լինելու: Մեր դեկտեմբերմեկյան կանչը անպայման արդյունք ունենալու է»:
Ժիրայր Սեֆիլյանը բերեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի օրինակը, երբ նա 2013 թվականին շրջում էր Հայաստանի քաղաքներով, ոչ ոք չէր հավատում, որ կես միլիոնից ավելի մարդ կարող է նրա օգտին քվեարկել. «Մեր ժողովուրդը միշտ զարմացնում է իր պոռթկացող տեսակով: Հրաբխային տարածքում ենք ապրում, հրաբխային ժողովուրդ ենք եւ պարբերաբար ժայթքում ենք: 2013 թվականին մեր ժողովուրդը ապացուցեց եւ զարմացրեց բոլորին: Րաֆֆու հանդիպումները եւս մարդաշատ չէին, սակայն տեղեկությունները տեղ էին հասնում, այսօր էլ մեր հանդիպումները մարդաշատ չեն, բայց տեղեկությունը տեղ է հասնում: Ես համոզված եմ, որ դեկտեմբերի 1-ին պետք եղած քանակը հավաքվելու է Երեւանում, եւ մենք սկսելու ենք մեր պատկերացրած ճնշումը եւ անպայման հասնելու ենք արդյունքի»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ