Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայաստանը չի կարող դառնալ աշխարհի չեմպիոն`չօգտագործված հնարավորությունների գծով»

Նոյեմբեր 17,2015 22:40

Ինչպես դուրս գալ «սառը խաղաղություն» վիճակից

«Ես ուզում եմ որ մեր ռուս գործընկերները հասկանան`մենք խելոք մարդիկ ենք: Ինչո՞ւ երբ Հայաստանը սկսեց ակտիվացնել ԵՄ-ի, Իրանի հետ հարաբերությունները, Լավրովը եկավ Հայաստան: Այս հարցերը մեր սուվերենությունն ու հեղինակությունն են շոշափում աշխարհում: Այդ ամենը չպետք է անտեսել»,- այսօր «Ինտեգրման հեռանկարները Հայաստանում. Մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոն» կազմակերպության նախագահ Ստեփան Գրիգորյանը:

Քննարկումը կազմակերպվել էր «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի գործունեության քսանամյա տարեդարձի առիթով: Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլորն իր ողջույնի խոսքում հատուկ ընդգծեց քաղաքացիական հասարակության ակտվ համագործակցությունը: Նա ողջունեց եվրոպական ընտանիքին ինտեգրվելու Հայաստանի մղումները: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն էլ «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամը կարեւոր հարթակ համարեց տարածաշրջանային համագործակցությունների, հայ-գերմանական կապերի սերտացման առումով:

Ստեփան Գրիգորյանը,նկատի ունենալով Թուրքիայի «չեմպիոնությունը» վերջին շրջանում իր դեսպանների հետկանչի գործում, հեգնում է. «Հայաստանը չի կարող դառնալ աշխարհի չեմպիոն`չօգտագործված հնարավորությունների գծով»: Նա կարծում է, որ Հայաստանի իշխանությունները բավականին դանդաղում են Իրանի հետ հարաբերությունների զարգացման նոր հնարավորությունների օգտագործման գործում: Խոսքը Վրաստանի` իրանական գազը գնելու ցանկության մասին է: Տարանցիկ երկրներ կարող են լինել Հայաստանը եւ Ադրբեջանը: Հայաստանը դեռ չի արձագանքում այն դեպքում, երբ Իրան-Հայաստան գազամուղ էլ կա: «Մենք ամեն ինչ պիտի անենք, որ բացված հնարավորությունները կարողանանք օգտագործել: Գուցե դա ինչ որ մեկին դուր չի գալիս, բայց ի վերջո մենք պետք է ունենանք մեր սուվերենությունը, օգտագործենք դա»:

ԵՄ-Հայաստան չորսամյա համագործակցության տխուր արդյունքից ելնելով, քաղաքագետը չի տեսնում երաշխիքները, որ ԵՄ-ի նոր մանդատը արդյունավետ կօգտագործվի. «Դրա համար անցած ճանապարհը պիտի վերլուծենք: Մենք իրավունք չունենք ԵՄ-ի հետ մեր աշխատանքի փուլը կորցնել: Դա ուղղված չէ որեւէ մեկի դեմ»: Վիճահարույց հարցերի դեպքում, նա որեւէ խնդիր չի տեսնում զուգահեռ խորհրդակցություններ անցկացնելու ՌԴ-ի հետ, քանի որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է:

ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը համամիտ չէ Ստեփան Գրիգորյանի հետ: Նա հիշեցրեց, որ երկու տարի առաջ Եվրոպան մերժեց Հայաստանի առաջարկը`Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը ստորագրելու մասին, քանի որ Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցության մասին էր հայտարարել: Դաշնակցական գործչի այդ տեսակետը պաշտպանեցին նաեւ քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը եւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Մինչ հայ գործիչների բուռն բանավեճն այս թեմայով, բավական ուշագրավ դիտարկումներ էր ներկայացրել «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի գլխամասային գրասենյակի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի բաժնի ղեկավար Ռայնհարդ Կրոմը: Նա հայկական մոտեցումը`համատեղել ԵԱՏՄ-ում եւ ԵՄ-ում համագործակցությունները, հետաքրքիր է համարում: Գերմանացի դիվանագետն անդրադարձավ ՌԴ-Եվրոպա հարաբերություններին ու այդ համատեքստում Հայաստանի համար մարտահրավերներին:  Գերմանացի դիվանագետը գտնում է, որ ՌԴ-ում ներքին քաղաքականությունն ու տնտեսությունը կայունացել են, զինուժը մեծացել է, ՌԴ-ն էլ ուշադրություն է դարձնում արտաքին քաղաքականությանը: Ըստ նրա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բարձր վարկանիշը ապացուցում է, որ ժողովուրդը համակարծիք է երկրի քաղաքական իշխանության վարած գծի հետ: Նա դա քարոզի արդյունք չի համարում: Այս համատեքստում, նա գտնում է, որ Եվրոպան պետք է վերանայի իր քաղաքականությունը, մանավանդ, որ ՌԴ-ի համար պատմության մեջ միշտ էլ այլընտրանքներ ապահովել է:

Ebert 1 IMG_5661 fridrikh ebert himnadrami 20-amyak EbertՆա մտավախություններ ունի, որ Ասոցացման համաձայնագիրը ստորագրած երկրները չեն գիտակցում այն մարտահրավերները, որոնց բախվելու են իրենց հասարակությունում եւ ԵՄ-ում. «ԵՄ-ն 15 տարի առաջվա ԵՄ-ն չէ: ԵՄ-ն ինքը փոփոխությունների, նոր մոտեցումների շեմին է: Եվրոպայում պատերազմը կրկին դարձել է քաղաքական գործիք»:

Հստակ տեսլականների փոխարեն նա որոշ հարցեր առաջադրեց`ՌԴ-ԵՄ գործընկերության հույսերը գուցե հիմա ավելի իրատեսակա՞ն են, քան 1990-ականներին էին, հնարավո՞ր է միասնական Եվրոպա, արդյոք ՌԴ-ն անկանխատեսելի՞ է, հնարավո՞ր է Հայաստանի որդեգրած մոտեցումը, ԵՄ Ասոցացման համաձայնագիրը ստորագրած երկրները սեփական ուժեղ կողմերն ունե՞ն, թե հույսը դրել են այլոց վրա, ԵՄ-ն ի վիճակի՞ է օժանդակել Արեւելյան գործընկերության երկրներին`իրենց բռնած ուղում եւ այլն: Այս եւ նմանատիպ մի շարք հարցերի պատասխանները կտան փորձագետները`չորս հավանական սցենարներով:

«Սառը խաղաղություն»՝ ներկայիս իրավիճակն այսպես է բնութագրում գերմանացի դիվանագետը, հավելելով`հիմա շանս կա լրիվ ձախողվելու կամ էլ համատեղ առաջ գնալու:

Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը համամիտ է գերմանացի դիվանագետի հետ` Արեւելյան գործընկերությունը չի կարող միայն ՌԴ-ի քաղաքականության պատճառով սպանվել: Բայց այն վերափոխման կարիք ունի, քանի որ երկու նախադեպեր կան`Ուկրաինա, Հայաստան, որին թույլ չի տրվում համագործակցել եվրոպական ընտանիքի հետ, քանի որ գնաց Եվրասիական տուն: Նա, իհարկե, ողջունում է պաշտոնական Երեւանի պատրաստակամությունը`ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման գործում, բայց Հայաստանի առավել ակտիվ եւ ինքնուրույն գործելու խնդիրների լուծումը Հայաստանում է տեսնում.«Եթե այդչափ կոռումպացված չլինենք, մեր ազատության աստիճանը ինքնաբավ կլինի`այս փակուղուց դուրս գալու համար»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30