Ալեք Ենիգոմշյանի խոսքերով՝ արժանապատվության վերադարձի պայքարը անհնար է իրականացնել ներկա վարչախմբի առկայության պայմաններում
Այն օրակարգը, որը ներկա վարչախումբը դրել է հայ ժողովրդի առաջ, պարզ է, որ կեղծ օրակարգ է: Այս մասին նոյեմբերի 17-ին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի՝ Արտաշատ քաղաքում կազմակերպած հավաքի ընթացքում, անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին, հայտարարեց Ալեք Ենիգոմշյանը:
Նա նշեց, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանում կա մեկ օրակարգ՝ արժանապատվության վերադարձի օրակարգ. «Երկրի, պետականության արժանապատվություն, քաղաքացու, հայ մարդու արժանապատվություն: Ե՛վ երկիրը, ե՛ւ քաղաքացին, ե՛ւ հայ մարդն ընդհանրապես վաղուց կորցրել են այդ արժանապատվությունը, բաղդատվել են մարդկանցից եւ պետությունից, վերցրել են, պոկել են այդ արժանապատվությունը: Առանց այդ արժանապատվության չի կարող լինել երկիր, չի կարող լինել պետական համակարգ: Եվ հետեւաբար՝ Սահմանադրություն ասվածը կլինի կեղծ»:
Ալեք Ենիգոմշյանը ընդգծեց, որ այդ արժանապատվության վերադարձի պայքարը անհնար է իրականացնել ներկա վարչախմբի առկայության պայմաններում. «Հայ մարդը պետք է գտնի իր արժանապատվությունը, եւ հայ մարդը եւ հայ մարդու ազգի ներկայացուցիչները կարողանան ստանձնել երկրի կառավարման լծակները: Այս գնահատականով «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը սահմանադրական, այսպես ասած, փոփոխությունների առիթով քաղաքացիներին՝ իր հայրենակիցներին ասում է՝ նոր Սահմանադրությունը ամբողջությամբ մերժելի է ե՛ւ իր բովանդակությամբ, ե՛ւ որովհետեւ այն իրականացնելու նպատակը հետապնդում է ոչ թե դրա հոդվածները իրականացնել, այլ ինչպես բոլորիս պարզ է ներկա ռեժիմի վերարտադրությունը: Մերժելով փոփոխությունների նախագիծը, «ոչ» քվեարկելով, մենք բոլորս շառաչուն ապտակ հասցրած կլինենք այս ռեժիմին, սակայն դա բավարար չէ, որ ռեժիմը ամբողջական պարտության հասնի»
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ