Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հայտարարությունը. «Ժամանակն է, որ ԼՂՀ-ի իշխանությունները պաշտոնապես հայտարարեն, որ Հայաստանը չի ներկայացնում Արցախը բանակցությունների ժամանակ»

Նոյեմբեր 17,2015 18:56

Վերջին շրջանում ակտիվացել են գործընթացները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Տեղի են ունենում տարբեր ձևաչափերով քննարկումներ թե Հայաստանի և թե Ադրբեջանի իշխանությունների հետ: Ակնհայտ է, որ պայթյունավտանգ իրավիճակում գտնվող այս տարածարջանում, որտեղ առկա է սիրիական ճգնաժամը, Իսլամական պետության վտանգը, քրդերի խնդիրը, Իրան-Արևմուտք դեռևս լիարժեք չկարգավորված հիմնահարցը, աշխարհի ուժային բևեռները և մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները փորձում են ամեն կերպ վերահսկողության տակ պահել ղարաբաղյան համակամարտությունը և թույլ չտալ պատերազմական գործողությունների վերսկսում:

Մյուս կողմից լրատվական և փորձագիտական շրջանակները որոշ ժամանակ է տեղեկատվություն են տարածում, որ հնարավոր է՝ տեղի ունենա Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող  ազատագրված մի քանի շրջանի վերադարձ Ադրբեջանին՝ հակամարտության գոտում առավել տևական և կայուն խաղաղության ապահովման դիմաց: Ակնհայտ է, որ եթե նման զարգացումներ լինեն, դրանից էապես կտուժեն Հայաստանն ու Ղարաբաղը: Ադրբեջանի ռազմատենչ և հայատյաց կեցվածքի պայմաններում, հայկական կողմի միակողմանի զիջումները բացարձակապես չեն նվազեցնի լարվածությունը և կարող են էլ ավելի ապակայունացնել իրավիճակը:

Բանակցությունների հաջող ընթացքի համար հարկավոր է նախ ապահովել վստահության մթնոլորտ բանակցող կողմերի միջև: Այս համատեքստում կարևոր է Մինսկի խմբի համնախագահների ադեկվատ գնահատականը Ադրբեջանի կողմից իրականացվող սահմանային սադրանքներին և դիվերսիաներին: Այս հարցում հակամարտող կողմերի միջև հավասարության նշան դնելը էլ ավելի սանձարձակ է դարձնում Ադրբեջանին և փակուղի մտցնում ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը:

Շատ կարևոր է նաև այն գիտակցումը, որ ղարաբաղյան համակարտության որևէ կարգավորում չի կարող կյանքի կոչվել՝առանց Ղարաբաղի ժողովրդի համաձայնության: Իսկ նման համաձայնությունը կարող է ամրագրվել միայն հանրաքվեի միջոցով:

Ցանկանում եմ կոչս ուղղել Հայաստանի և Ղարաբաղի իշխանություններին, որպեսզի նրանք լինեն զգոն, չենթարկվեն այս հարցով բազմիցս գործադրվող ճնշումներին և ղարաբաղյան բանակցություններում որպես գործընկեր դիտեն հայաստանյան և ղարաբաղյան հասարակություններին, ինչը կուժեղացնի հայկական կողմի դիրքերը:

Գտնում եմ, որ ժամանակն է, որպեսզի Ղարաբաղի իշխանությունները պաշտոնապես հայտարարեն, որ Հայաստանը չի ներկայացնում Արցախը բանակցությունների ժամանակ և պահանջեն բանակցային գործընթացի լիարժեք մասնակցի մանդատ, ինչը կապահովի բանակցային հավասարակշռությունը և Ղարաբաղի ժողովրդի շահերի պատշաճ պաշտպանությունը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30