Լրահոս
Օրվա լրահոսը

Կհաջողվի՞ պայքարել «Իսլամական պետության» դեմ. արեւելագետի դիտարկումները

Նոյեմբեր 17,2015 18:07

Aravot.am-ն արեւելագետ Արտակ Ավետիսյանից հետաքրքրվեց, թե կհաջողվի՞ պայքարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, որը սպառնում է ահաբեկչական գործողություններ իրականացնել իրենց բառերով ասած «խաչակրաց արշավանքին» մասնակից երկրներում:

«Ահաբեկչությունը որպես երեւույթ կամ ահաբեկչության դեմ պայքարը հասկանալու համար պետք է հետ գնալ ահաբեկչության սկիզբ: Ահաբեկչության այս մոդելը, այսինքն պայթյուններ իրականացնելը հիմնադրվեց անցյալ դարում: Ահաբեկչության այս մոդելը որդեգրել էին նաեւ հայ ահաբեկչական խմբավորումները: Ու նույն Ֆրանսիայում մեր ահաբեկչական խմբավորումները՝ հայկական ծագմամբ ու Հայ դատը հետապնդող կազմակերպությունները վեց տասնյակի չափ ահաբեկչական գործողություններ են իրականացրել: Մեր ահաբեկչությունն այս ահաբեկչությունից տարբերվում էր գաղափարական իմաստով. մերոնք հետամուտ չէին շատ զոհերի, այսինքն` ձգտում էին առավելագույնը քիչ զոհերով ահաբեկչական ակտեր կատարեին: Շենքեր էին պայթեցնում գիշերվա ժամերին, երբ որ հիմնականում մարդիկ չկային ու պայթեցնում էին կոնկրետ ուղղորդված թուրքական ներկայացուցչություններ՝ թուրքական հիմնարկներ՝ առեւտրային, տուրիստական եւ այլն: Այն ժամանակ, երբ որ ուզում էին մերոնց գտնել, ամեն ինչ հայտնի էր, մերոնք հայտարարում էին այդ մասին բարձրաձայն, որ ենթադրենք Հայ դատը հետապնդող այս ինչ ահաբեկչական խմբավորումն է իրականացրել ձեռնարկը, մենք այս տեղում ենք ու շատ չէին էլ թաքնվում: Նույնիսկ փորձում էին բռնվել, ձերբակալվել, որպեսզի մի հատ էլ Հայ դատի մասին դատարաններում բարձրաձայնեին, այսինքն` իրական նպատակը դա էր:

«Իսլամական պետություն» ահաբեկչական հարձակումները մերոնցից պրոֆիլային չակերտավոր տարբերություն ունեն, նպատակ ունեն մեծածավալ գործողություն, որը բազմազոհ է, ցավն ավելի շատ է, հասցրած վնասն ավելի պատկառելի է: Իսկ թե կհաջողվի՞ նրանց դեմ պայքարել, թե՞ ոչ, ահաբեկչության դեմ պայքարը միշտ փոփոխական է ու երկակի գնահատման է արժանի: Ի՞նչ է նշանակում հաջողություն, եթե մտածում եք ինչ-որ պատերազմում պիտի հաղթեք կամ ինչ-որ մեկը պիտի կապիտուլացնի ու ձեր հետ նստի սեղանի շուրջ համաձայնագիր ստորագրի, որ այս պահից սկսած էլ չի անի, չի լինի այդպիսի բան: Այսինքն՝ ունի սկիզբ, բայց ավարտը չկա, այն նպատակները հանուն ինչի որ տեռորիստական գործողություններ են կատարում, պայթեցնում, շատ տխուր, հեռանկարում չավարտվող ձեռնարկ է. այսինքն` ստեղծել Իսլամական պետություն, ամբողջ աշխարհում իսլամական խալիֆաթ եւ այլն.. Բոլորն էլ հասկանում են, որ տեսանելի ապագայում անիրականանալի է, ինչ-որ մարդիկ պետք է գտնվեն ինքնասպան, անձնասպան, որոնք իրենց անընդհատ պետք է պայթեցնեն, ու դրանից հետո ինչ-որ մարդիկ քաղաքական դիվիդենտներ են շահելու, որոնք ուղղորդելու են չար ձեռքը այդ գործողությունը կատարելու»:

Ըստ մեր զրուցակցի, եթե Փարիզի բանուկ հատվածներում համաժամանակյա պայթյուններ են տեղի ունենում՝ առանց արգելքների հանդիպելու, ուրեմն անհաջող է պայքարը «Իսլամական պետություն» դեմ: Հարցին՝ արդյոք պրոֆեսիոնա՞լ մարդիկ չեն ընդգրկված «Իսլամական պետության» գաղափարախոսության իրականացման մեջ, ըստ մեր զրուցակցի, 17-19 տարեկանում դժվար է ունենալ տեռորիստական անցյալ ու բավարար պատրաստվածություն, նրանք, Արտակ Ավետիսյանի բնութագրմամբ, ուղղակի շահիդներ են, անձնասպան մարդիկ, որոնց համար իրենց կյանքը գրոշի արժեք ունի, նրանց ուղեղները լվացված են ու պատրաստ են անձնազոհության: «Իսկ այս կարգի մարդկանց պետք չէ ավելին պատրաստել, ուղեղը լվացել են, տեղը ներարկել են անհրաժեշտ գաղափարախոսություն: Իրենք այդ շահիդի՝ անձնասպանի գոտին կկապեն, կհայտնվեն հոծ մարդկանցով լեցուն միջավայրում, շենքում, հաստատությունում ու իրենք իրենց կպայթեցնեն: Իրենց դեմ ե՛ւ պայքարելն է դժվար, ե՛ւ ակնկալելը, թե որտեղ կհայտնվեն, ե՛ւ կանխարգելելը: Ոստիկանության համար դժվար է, որովհետեւ ընդունված նորմերից, հանցագործության տրամաբանությունից դուրս բան է: Կանխարգելիչ գրեթե ոչ մի բան հնարավոր չէ անել, բացի այն, որ Ֆրանսիան փակի իր սահմանները ու երկրի ներսում արտակարգ իրավիճակ հայտարարի, քաղաքացիների անընդհատ ստուգումներ եւ այլն…Մենակ այս ռեժիմով է հնարավոր խուսափել այս կարգի մեծածավալ պրոբլեմներից», -ասում է Արտակ Ավետիսյանը::

Հարցին, թե փախստականներին հետ դարձնելով եվրոպական երկրները կկարողանա՞ն ինչ-որ չափով խուսափել ահաբեկիչներից. փախստականների մեջ եւս եղել են ահաբեկիչներ, մեր զրուցակիցն ասաց, որ ավելի կբարդացնեն վիճակը: «Ես նույն մեր ահաբեկչական կազմակերպությունների օրինակը բերեմ, երբ որ ձերբակալում էին մեր ահաբեկչական խմբակներից որեւէ մի հայ տղայի, ի պատասխան դրան՝ անմիջապես հետեւում էր հակազդող մի ուրիշ ահաբեկչություն՝ ցույց տալու, որ մենք կանք, շարունակում ենք գործել ու ձերբակալված ընկերոջ փոխարեն մենք պատասխանում ենք նոր ահաբեկչությամբ: Ենթադրում եմ, որ այդ նույն մեթոդը այս դեպքում էլ կաշխատի, այսինքն` ամեն դուրս արտաքսված արարածի փոխարեն եթե սկսեն մի տեղ ահաբեկչություն իրականացնել… Կամ ի վերջո այդ մարդիկ գնալու տեղ չունեն, փախել են մահվան ճիրաններից, մահից բերանից, կորցնելու ոչինչ չունեն, կամ էլ կսկսեն իրենք իրենց պայթեցնել, այսինքն` այս մարտավարությամբ կսկսեն շահիդների թիվն ավելացնել, եթե որոշեն նման հիմարություն անել ու հետ ուղարկել: Ավելի հեշտ ու դյուրին է արդեն եղած իրավիճակի մեջ լուծումներ գտնել»:

Ըստ արեւելագետի, Իսլամական խալիֆաթի գաղափարախոսությունը նորություն չէ, խալիֆաթն արաբական է, որը լուրջ տարածքներ է զբաղեցրել, սակայն սա ընդամենը երեւացող մասն է: «Էդ մարդկանց համոզում են, որ դուք հանուն խալիֆաթի, հանուն Իսլամի վեհ գաղափարների նահատակվեք, վերեւում՝ ձեզ դրախտում սպասում են, ինչ կա էս ոչ ու փուչ կյանքում, սա թվացյալ մասն է, մարդկանց ուղղակի մոտիվացնում են ահաբեկչական գործողությունների, իսկ չերեւացող մասը նորից ու նորից տնտեսական շահն է. ինչ-որ մարդիկ, որոնք դժգոհում են աշխարհի էս տնտեսական բաժանումից, ունեն իրենց տնտեսական շահերը: Չեմ ուզում խորանալ, բայց նավթի գործոն կա, տարածաշրջանում Սիրայի գործոն կա, Թուրքիայի գործոն կա, Սաուդյան Արաբիայի, Ռուսաստանի, Ամերիկայի, հազար ու մի հարց, հազար ու մի շահ… Խորքում բնականաբար Իսլամի գաղափարախոսությունը չէ, որովհետեւ Իսլամը՝ որպես կրոն, աշխարհի ամենապրոգրեսիվ կրոնն է, սա միայն իմ կարծիքը չէ, ակադեմիական համաշխարհային միտքն է այդպես համարում: Իսկ այդ տրամաբանության մեջ Իսլամի անվան տակ է կատարվում, աղերս չունի Իսլամի հետ որպես կրոն: Ուրիշ բան է, որ իսլամական դավանանքի երկրներում կենսամակարդակը ցածր է, ու Իսլամը որպես կրոն, որպես փիլիսոփայություն մահվան ու կյանքի նկատմամբ ուրիշ վերաբերմունք ունի: Եթե ուրիշ ոչ մի կրոններում մարդիկ այդքան հեշտ չեն անձնասպանության գնում հանուն ինչ-որ վեհ արժեքների, չակերտավոր ասած, ինչքան Իսլամում: Սա էլ առանձին եզր է, թե ինչու է Իսլամը ավելի հեշտ տանում մարդուն անձնազոհության, քան այլ կրոնները: Այսինքն` շատ դոգմաներ, տեսություններ կան, չպետք է մտածեն, որ պայթեցրեցին, որովհետեւ Իսլամ էին բոլորը»:

Ըստ մեր զրուցակցի, պայթյունը Փարիզում սպասելի էր. Ֆրանսիան, լինելով համաշխարհային քաղաքականության մեջ թելադրող ուժ, այս պահին նաեւ արաբական գործոնով պայմանավորված ուժ, բնականաբար պետք է հայտնվեր այս խաղի մեջ, իսկ եթե խաղում ես, օգուտներ ու դիվիդենտներ ունես, ուրեմն պատրաստ պետք է լինես այս սցենարին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Արտակ Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լևոն says:

    Հասկանալի չէ, թե ինչպես կարելի է զուգահեռ անց կացնել հայ հերոսների և իսլամական տեռորիստների միջև: Գրում էք իսլամական տեռորիստների մասին, ինչ ուզում էք գրեք, նրանց հայերի հետ մի խառնեք: Կարծում եմ հոդված պետք է վերախբագրել, ապա նոր տեղադրել կայքում:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30