«Սահմանադրության փոփոխությունների նախաձեռնման փուլում, երբ որ ստեղծվեց մասնագիտական հանձնաժողով, ես համոզված չեմ, որ Հանրապետական կուսակցության ղեկավարությունն այդ փոփոխությունը նախաձեռնում էր նպատակ ունենալով գնալ խորհրդարանական համակարգի: Համոզված եմ հակառակում. նպատակ կար եղած համակարգը բարեփոխել, առկա խնդիրները լուծել եւ զարգացնել»,- այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում», անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումներին, ասաց ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Նա նշեց, որ դա տեղի է ունեցել ժամանակի ու աշխատանքներ կատարելու ընթացքում. «Եթե կհիշեք, առաջին հայեցակարգը չէր ասում մենք կիսանախագահականն ենք պահում, թե անցնում ենք խորհրդարանականի: Ասում էր, որ կան այս, այս, այս խնդիրները: Աշխատանքի ընթացքում եկավ քաղաքական մտքի նոր աստիճանը, որը հետո համապատասխանեց մեր տեսակետներին: Նոր Սահմանադրությունը 90%-ով համապատասխանում է մեր պատկերացումներին»:
Անդրադառնալով ՀՅԴ-ի կողմից այս օրերին տարբեր մարզերում կատարվող քարոզարշավին, պարոն Վարդանյանն ասաց, որ իրեն թույլ չի տա մյուսների նման ասել, որ մենք Հանրապետությունում շրջում ենք, ոչ մի «այո» չենք գտնում, բոլորը «ոչ» են. «Եթե այդպես է, ինչի՞ եք խառնվել: Ինչի՞ եք մտածում, որ այդ բոլոր «ոչ»-երը «այո» են քվեարկելու եւ մի քանի տեղում են քվեարկելու: Ես քննիչ չեմ, չեմ ուզում մտնել մարդկանց որոշումների մեջ, յուրաքանչյուր մարդ ազատ է իր քվեարկությունը կատարելու մեջ, իր խղճի գործն է: Ես խորապես համոզված եմ, որ մարդիկ իսկապես տեսնում են, որ սա հնարավորություն է, շանս է փոփոխության, նույնը պահպանելը նշանակում է նույն վիճակն ունենալ այսօր»:
Հարցին, թե նորմա՞լ է վերաբերվում, որ ՀՀԿ փոխնախագահ, Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը քաղաքական հաղորդում է վարում հեռուստատեսությամբ, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Ի՞նչ ասել է` նորմալ եմ համարում: Ես տեսել եմ նախարարներ, օրինակ` Մշակույթի նախարարը Ռուսաստանում, որ հրաշալի հաղորդումներ է անում հեռուստատեսությամբ: Ի՞նչ է նշանակում քաղաքական, որտեղ նաեւ հրավիրվում են ընդդիմության ներկայացուցիչները: Իրենց մյուս բողոքն այն էր, որ մեզ հնարավորություն չեն տալու մեր տեսակետներն արտահայտելու: Շատ մեծ կարեւորություն չեմ տալիս»:
Կարդացեք նաև
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»