Լրահոս
Օրվա լրահոսը

Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման բարելավումը` ուշադրության կենտրոնում

Նոյեմբեր 17,2015 15:30

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց Human rights watch կազմակերպության Հարավային Կովկասում ծրագրերի տնօրեն Գիորգի Գոգիային և Առողջության և մարդու իրավունքների բաժնի պետի տեղակալ Դիդրիք Լոհմանին:

Արմեն Մուրադյանը մասնագետներին ներկայացրեց մեր երկրի առողջապահական համակարգում պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման ներդրման ուղղությամբ իրականացված քայլերը:

«Պալիատիվ խնամքի բարելավման, ինչպես նաև համապատասխան օրենսդրական դաշտի հստակեցման ընդունման ուղղությամբ ակտիվ քայլեր ենք իրականացնում»,- ասաց նախարարը:

Ներկայումս շրջանառության մեջ է դրված 2011-2014թթ. իրականացված փորձարարական ծրագրի տվյալների վերլուծության արդյունքների գնահատման հիման վրա մշակված «Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման ներդրման ռազմավարությունը և պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման ռազմավարության 2016-2019թթ. միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը:

Դիդրիք Լոհմանը երկար տարիներ աշխարհի տարբեր երկրներում աշխատել է պալիատիվ խնամքի հիմնախնդիրների ուղղությամբ: Նա ներկայացրեց այն մարտահրավերները, որոնց ցավազրկող հաբերի հասանելիության չարաշահման կամ արտահոսքի կանխարգելման հարցերում բախվում են այլ պետությունները:

«Պալիատիվ խնամքի խնդիրները երկրների մեծ մասում նման են միմյանց: Շատ կարևոր է այն գիտակցումը, որ այս ոլորտում պետք է անհրաժեշտ քայլեր իրականացնել»,- ասաց Լոհմանը:

Նա հույս հայտնեց, որ առաջիկայում նախարարության, այլ գերատեսչությունների և միջազգային կազմակերպությունների հետ համակարգված աշխատանքը հնարավորություն կընձեռի բարելավել պալիատիվ խնամքի որակը:

ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկման առանցքում էին նաև այս ոլորտի զարգացումները, մասնավորապես` Հայաստանում պալիատիվ խնամքի ազգային ռազմավարության ընդունման առնչվող խնդիրները, թմրադեղերի մասին օրենքի նախագիծը և մորֆինի հաբերի գրանցման գործընթացը:

Անդրադարձ կատարվեց նաև «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի ընդունմամբ պայմանավորված բարեփոխումներին:

Հյուրերը նախարարին փոխանցեցին 2015թ. հուլիսին իրենց կողմից պալիատիվ խնամքի ազգային ռազմավարության խնդիրների վերաբերյալ հրապարակված զեկույցի հայերեն տարբերակը:

Նշենք, որ ՀՀ նախագահի 2012թ. հանձնարարության համաձայն ՀՀ ԱՆ Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում ծավալվել է բժշկական օգնության 10 մահճակալանոց բաժանմունք:

2011թ. հուլիսից մինչ 2014թ. ապրիլ «Գլոբալ» հիմնադրամի «Առողջապահական համակարգի հզորացում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում ՀՀ ԱՆ գլխավորությամբ «Պացիենտների իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվել է պալիատիվ խնամքի փորձարարական ծրագիր:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30