Այսօր ԱԺ-ում 2016-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քննադատեց իշխանությանը, որ ամբողջ Դանիայում 23 ծառայողական ավտոմեքենա կա, իսկ ՀՀ-ում՝ 1072: Ընդ որում, Դանիայի խորհրդարանում միայն խորհրդարանի խոսնակն ունի ծառայողական մեքենա, իսկ ՀՀ Ազգային ժողովում՝ նախագահը, խմբակցությունների ղեկավարները, հանձնաժողովի նախագահները, նրանց տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, ընդհանուր՝ 82 մեքենա:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը արձագանքեց Փաշինյանին՝ ասելով, որ ՀՀ ԱԺ-ն Դանիայի հետ եթե համեմատվի, ծիծաղելի վիճակում կհայտնվի: Նրա խոսքերով՝ «Իհարկե, ես էլ շատ կուզենայի էնպիսի մթնոլորտում ապրեինք, որ հեծանիվով ման գայի: Շատ կցանկանայի, որպեսզի անվտանգություն սպասարկողներ չլինեին, բայց յուրաքանչյուր պետություն իր խնդիրները լուծում է այնպես, ինչպես հնարավոր է սուղ պայմաններում առաջ գնալ: Մի քանի պատգամավորներից եմ լսել, էդ խանդը որտեղի՞ց ձեզ: Հլը դուք պատկերացրեք մեքենաներ չունենա ԱԺ-ն, ինչպիսի ծախսեր կունենա՝ մի քանի անգամ ավելի, քան կա: Ինչ վերաբերում է ընդհանուր բյուջեին, ընդամենը աշխատավարձ է, ուրիշ բան չկա: Ձեր ասած 82 ավտոներից 30-ը որպես լոմ ընդամենը կանգնած է: Սպասում ենք, որպեսզի գնումների բանի պետք լինի»:
Նիկոլ Փաշինյանը տեղից բղավեց՝ բա ինչի՞ եք սպասարկման համար միլիոններ ծախսում:
Գալուստ Սահակյանը հերքեց. «Խնդրում եմ ավելի ուշադիր լինել եւ ժողովրդի ներկայացուցիչներին վտանգավոր վիճակի մեջ չգցել: Ժողովուրդն ասում է՝ յեքա գերանը չտեսար, ասե՞ղը տեսար»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ