Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում այսօր հյուրընկալվեց «Կասպերսկու լաբորատորիայի» գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ Եվգենի Կասպերսկին: Նա Հայաստանում է՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակը ստանալու նպատակով: Նախ Պոլիտեխնիկի ուսանողներին ներկայացվեց նրա գործունեությունը եւ ձեռքբերումները, ինչից հետո կիբերանվտանգության՝ աշխարհում ճանաչված փորձագետին շնորհվեց համալսարանի պատվավոր դոկտորի կոչում եւ ոսկե մեդալ: Կասպերսկու համար պարգեւն անսպասելի էր. «Շնորհակալություն»,-ասաց նա:
Կասպերսկին խոսեց կիբերանվտանգության լուծումների մասին՝ ընդգծելով դրանց կարեւորությունը ժամանակակից աշխարհում: «Համակարգչային անվտանգության մասնագետի աշխատանքը համակարգչային աշխարհն ավելի մաքուր է դարձնում, թեեւ իրականում այն չպետք է կեղտոտ լիներ: Ցավոք, տարեցտարի ավելի մեծ թվով չարագործներ փորձում են փչացնել համակարգչային աշխարհը: Բայց ինչո՞ւ համակարգչային աշխարհում գոյություն ունեն մեծաքանակ եւ տարաբնույթ վտանգներ: Պատասխանը պարզ է: Համակարգչային տեխնոլոգիաների ստեղծման ժամանակ հաշվի չեն առնվել արտաքին վտանգները: Այդ պատճառով էլ ավելի մեծ քանակության եւ տարբեր ազգերի ներկայացուցիչ- չարագործներ գրոհում են մեր համակարգիչները եւ ոչ միայն»,-ասաց Կասպերսկին:
Նրա դիտարկմամբ՝ ժամանակակից աշխարհը կախված է թվային տեխնոլոգիաներից, որոնք խոցելի են. «Այդ պատճառով էլ գրանցվում են մեծաքանակ կիբերհարձակումներ: Այս խոցելի աշխարհը պետք է պաշտպանել»:
«Կասպերսկու լաբորատորիայի» հակավիրուսային ծրագրերի հավաքածուն կիբերանվտանգության ոլորտում համարվում է ամենաամբողջականն ու լիարժեքը: Այն կարող է բացահայտել 100 միլիոն վտանգավոր ծրագիր և կանխել համակարգիչների վարակումը: «20 տարի առաջ անտիվիրուսները կարեւոր չէին համարվում, իսկ հետագայում, երբ աստիճանաբար խնդիրը հասունացավ, համակարգչային անվտանգությունը հայտնվեց ուշադրության կենտրոնում»,-փաստեց ՏՏ անվտանգության ոլորտի գուրուն:
Կարդացեք նաև
Հավելենք, որ նախագահի մրցանակը Կասպերսկին կստանա նոյեմբերի 17-ին: Նախորդ մրցանակակիրներն են «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը, «Էյփլ Քոմփյութերս» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը, «Սինապտիկս» ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը, Կիսահաղորդիչային արդյունաբերության մասնագետների միության և «Թեքնո վիժն» ընկերության նախագահ Ցուգիո Մակիմոտոն, և «Cisco» ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացցոլան:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ