ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահան Բաբայանի տպավորությամբ, ոչ-ի քարոզողները հանրաքվեն շփոթել են նախագահական կամ խորհրդարանական ընտրությունների հետ:
Նրա խոսքով, մարզային այցելությունների ժամանակ սահմանադրական փոփոխություններին դեմ քաղաքական ուժերի ներկայացուցիչները փոխանակ սահմանադրական փոփոխությունների մասին տեղեկություններ տալու, իշխանափոխությունից են խոսում:
«Ոչ-ի վիճակը շատ ծանր է»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց Վահան Բաբայանը:
Նրա խոսքով, քարոզարշավի շնորհիվ բավականին բարձրացել է քաղաքացիների տեղեկացվածությունը. «Շատերն ավելի տեղեկացված են Սահմանադրության այս կամ այն դրույթներից, քան թե պատկերացնում ենք: Մարզերում մարդիկ ավելի շատ հետաքրքրվում են կեղծ թեզերից, որոնք առաջ են քաշում ոչ-ի քարոզողները՝ միակուսակցական համակարգ, իշխանության վերարտադրություն: Մեր ոչ-ի քարոզող գործընկերները պետք է հասկանա՝սա իշխանության պայքար չէ, պետք է հասկանան, որ Սահմանադրության ընդունման ընտրություն է, բայց ժողովրդին այլ հարթության մեջ են փորձում ներքաշել»:
Կարդացեք նաև
Իսկ ինչու քաղաքացիները պետք է դեկտեմբերի վեցին «Այո» քվեարկեն, պարոն Բաբայանն այս հարցին ունի իր պատասխանը. «Որովհետեւ քաղաքական մենաշնորհը վերանում է, ՀՀ քաղաքական իշխանությունը մեկ անձի ձեռքում չի կենտրոնացվում: Անկախ դատական համակարգ ենք ունենում, մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների կայացում է հաստատվում, հակամենաշնորհային օրենքի ընդունումը նոր Սահմանադրությամբ պարտադիր է դառնում: Ինչո՞ւ ոչ ասենք, որովհետեւ պայքարում ենք հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու համար ու նոր Սահմանադրությամբ հենց համամասնական ընտրակարգն է հաստատվում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ