Լրահոս
Օրվա լրահոսը

Մովսես գյուղի աշակերտին, որը թշնամու ուղիղ նշանառության տակ գնում է դասի, հաց չեն տալիս. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Նոյեմբեր 17,2015 14:04

«Ես զարմացած եմ, թե դուք ի՞նչ տվյալների վրա եք հիմնվում, երբ ասում եք, թե արագաչափերի ու տեսախցիկների տեղադրումը նվազեցրել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը: Ես ձեզ ներկայացնեմ պաշտոնական վիճակագրությունը՝ 2012-ին գրանցվել է 2612 ՃՏՊ, 2013-ին՝ 2824, 2014-ին՝ 3156 պատահար: Տեսախցիկները տեղադրվել են 2012-ից, աճը՝ 21 տոկոս է պատահարների: 2012-ին տուժվել է 4050 մարդ, 2013-ին՝ 4310, 2014-ին՝ 4776 մարդ: Ձեզ առանձին տվյալներ են տալիս, մեզ առանձի՞ն»,- ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում այսպիսի հարց ուղղեց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է 2016-ի պետական բյուջեի նախագիծը:

Կորյուն Նահապետյանը պատասխանեց՝ երեւի զերծ մնաք նման որակումներից, որովհետեւ իմ ձեռքի տակ եղած տվյալների համաձայն, արձանագրված պատահարների եւ դրանց հետեւանքների, ինչպես նաեւ Երեւան քաղաքում պատահարների քանակի աճի, զոհված եւ վիրավորված անձանց թվերը զգալի չափով նվազել են: Ես չգիտեմ, թե դուք որ աղբյուրից եք ստացել: Ես կհրավիրեմ ձեզ հանձնաժողով՝ մեկ առ մեկ անդրադառնանք ձեր տվյալներին:

Փաշինյանը չհամաձայնեց. «Ինչ ասում ենք՝ ասում եք՝ հավաքվենք, քննարկենք: Ես պաշտոնական տվյալ եմ ասում, էլ քննարկելու ի՞նչ կա: Տվյալները արդարադատության նախարարի կնիքով ստացված իմ պաշտոնական հարցման պատասխանից են եւ ազգային վիճակագրական ծառայությունից»:

Կորյուն Նահապետյանն էլ վստահեցրեց, որ իր ձեռքի տակ էլ ոստիկանության տրամադրած տեղեկություններն են. «Համադրենք, տեսնենք, թե որտեղ է այդ անճշտությունը»:

Նիկոլ Փաշինյանը նաեւ առաջարկ արեց. «Իրականացվում է եւ նախատեսված է ծրագիր տարրական դասարաններում եւ նախակրթարաններում սովորող երեխաներին սնունդով ապահովելու վերաբերյալ: Բազմաթիվ սահմանամերձ գյուղեր այս ծրագրից դուրս են մնում: Ճիշտ չե՞ք համարում, որ առաջին հերթին ապահովեին սահմանամերձ գյուղերի երեխաներին: Ստեղ գյուղեր են ընկնում սրա տակ, որ ՀՀ ամենաառատ գյուղերն են՝ հազարավոր հեկտարներով հողատարածքներով, իսկ այնտեղ մարդիկ իրենց հողերը չեն կարողանում մշակել: Ես կոչ եմ անում ձեզ, որ միջնորդեք ու կառավարությանն ասեք, որ սենց չի՛ կարելի անել»:

Կորյուն Նահապետյանը պատասխանեց. «Սահմանամերձ համայնքների ամրապնդումը գերակա է մեզ համար: Այդ նախաձեռնությունը պետք է քննարկել համապատասխան հարթակներում: Ես սա համարում եմ ազգային անվտանգության գերակա խնդիր»:

Ըստ Փաշինյանի, Մովսես գյուղի աշակերտը, որը ամեն օր թշնամու ուղիղ նշանառության տակ գնում է դասի, այս սննդի ծրագիրը չեք անում, Արարատյան դաշտի էլի մեր սիրելի աշակերտներին անում եք: Առաջնահերթությունների խնդիր կա, չէ՞:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը վստահեցրեց, որ խորհրդարանը կաջակցի այդ հարցադրմանը եւ առաջնահերթությունը իսկապես պետք է տան սահմանամերձ համայնքներին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30