ԱԺ-ում 2016-ի պետական բյուջեի նախագծի քննարկումները շարունակվում են: ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ներկայացրեց հանձնաժողովի եզրակացությունը համապատասխան ոլորտներում ծախսերի վերաբերյալ:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը նրան հարց ուղղեց. «Դուք ո՞նց եք նայում, մեզ սաղ օրը նկարում են: Ես մինչեւ տնից հասնում եմ էստեղ՝ 18 կամերա ինձ նկարում է: Եթե դրանց նկարածները գումարենք՝ իմ ամբողջ կյանքը էկրանի առաջ է: Արդեն հիմա շենքում բակի կողմից էլ են դրել: Այսինքն, դուք ի՞նչ եք մտածում, էդքան մտածում եք մեր մասին, մեր առողջության մասին, որ մենք հանկարծ սխալ քայլ չանենք, չգիտեմ, լեւի չգնանք, ինչ չանենք: Տենց սաղ նկարում եք: Արդեն հրավիրում են ռեստորան՝ հաց ուտելու՝ հարցնում եմ՝ ձեզ մոտ նկարո՞ւմ են, թե՞ չէ, մտածում եմ՝ գա՞մ, թե՞ չէ: Մարդ ես, էլի, ուզում ես մի հատ անեկդոտ պատմես, բան: Դե տունն էլ չխոսամ, չասեմ՝ ամեն ինչ լսվում, ամեն ինչ նկարվում է: Դուք ո՞նց եք դրան նայում՝ որպես ԱԺ համապատասխան հանձնաժողովի նախագահ»:
Կորյուն Նահապետյանը վստահեցրեց, որ Բագրատյանը չափազանցնում է, թե իր ամեն մի շարժը վերահսկում են, ամենուրեք նկարահանում են. «Ինչ վերաբերում է տեսանկարահանող սարքերի ներդրմանը, տարբեր քննարկումների ժամանակ անդրադարձել ենք այս կամ այն տարածքում տեսանկարահանող սարք տեղադրելու անհրաժեշտությունը: Ընդհանրապես այդ գործընթացը ես ողջունել եմ, որովհետեւ մեր ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման հարցում նման սարքերի տեղադրումը կբերի իր դրական արդյունքը: Թե որ տարածքում հատկապես պետք է տեղադրվի՝ եկեք մտածենք չափորոշիչների մասին: Հանդես եկեք օրենսդրական նախաձեռնությամբ, եւ հանձնաժողովը կքննարկի այդ հարցը»:
Հրանտ Բագրատյանին չգոհացրեց պատասխանը. «Ինձ ձեռ մի արեք, մի բան ենք ասում, ասում եք՝ հանդես եկեք օրենսդրական նախաձեռնությամբ: 28 անգամ հանդես եմ եկել, մի անգամ քննարկե՞լ եք ստեղ: Եթե ընդդիմություն ես, չունես օրենսդրական նախաձեռնության իրավունք: Ինչ ասեմ, շարունակեք տուգանել: Պատասխանատվություն դուք չեք զգում, հասկանո՞ւմ եք: Դուք մարդկանց տուգանում եք ամեն տեղ, ա՛յ մարդ, տուալետ սկի չենք կարողանում գնալ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը՝ «Արմենպրեսի»/Գեւորգ Պերկուպերյան