Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տրանսֆերտների հոսքերը հասել են վերջին 8 տարվա նվազագույնին. «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 17,2015 13:21

Որ արտաքին ֆինանսական փոխանցումները էական նշանակություն ունեն Հայաստանի տնտեսության ու սոցիալական միջավայրի համար, նորություն չէ։ Դրա վկայություններից են այդ գումարների կրճատման հետեւանքով ներքին միջավայրում պարբերաբար ձեւավորվող դժվարությունները։

Որպես այդպիսին, բացառություն չէր նաեւ այս տարին, որն առանձնացավ արտաքին հատվածից ստացվող միջոցների աննախադեպ բարձր անկումով։ Որքան էլ տարեսկզբին թվում էր, թե վիճակը աստիճանաբար կբարելավվի, իսկ անկումը չի հասնի կրիտիկական սահմանին, այդպես չեղավ։

Ռուսական շուկայից ֆիզիկական անձանց կողմից Հայաստան փոխանցված գումարների զուտ ներհոսքը հասել է վերջին ութ-ինը տարիների նվազագույնին։ Նույնիսկ 2009թ. ֆինանսատնտեսական ճգնաժամը, որ նույնպես ուղեկցվեց նավթի համաշխարհային գների կտրուկ անկմամբ, նման ազդեցություն չունեցավ մասնավոր տրանսֆերտների հոսքերի վրա, ինչպես այս անգամ։ Բոլոր հիմքերը կան պնդելու, որ տարեվերջին ընդառաջ այդ միտումը կշարունակի խորանալ։

Հրապարակված վերջին տվյալներով, բանկային համակարգի միջոցով ստացված ռուսական տրանսֆերտների զուտ ներհոսքը տարեսկզբի ինը ամիսներին եղել է շուրջ 534 մլն դոլար, որ 27 միլիոնով պակաս է 2009թ. համեմատ։ Այդ ժամանակ ռուսական շուկայից ֆիզիկական անձանց փոխանցումների զուտ ներհոսքը Հայաստան գերազանցել էր 561 մլն դոլարը։

Ռուսական շուկայի մուտքերը այս տարի շուրջ 100 միլիոնով զիջում են նույնիսկ 2007թ. մակարդակը։ Դրանք ավելի քան 425 մլն դոլարով պակաս են 2014թ. ցուցանիշից։ Անկումը հասնում է 44 տոկոսի։

Վերջին ամիսների ցուցանիշները վկայում են, որ ռուսական տրանսֆերտների կրճատումը շարունակելու է խորանալ։ Այդ երեւույթը սկիզբ առավ օգոստոսին, իսկ սեպտեմբերին անկումը մեծացավ։

Հետագա զարգացումներում անշուշտ շատ բան կախված է լինելու ռուբլու վարքագծից։ Որքան թուլանում է ռուսական արժույթը, այնքան այս երկրից ստացվող մուտքերը նվազում են։ Վերջին ամիսների զարգացումները վկայում են, թե որքան մեծ է այդ գործոնից տրանսֆերտների կախվածությունը։

Հ. ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30